Վերջին տարիներին հայ ծանրորդները մեդալների հարուստ ավարով են տուն վերադառնում միջազգային մրցումներից` վերականգնելով մարզաձեւի երբեմնի լավ ավանդույթները: Նախորդ տարիների հաղթարշավն իր շարունակությունն է ստացել նաեւ ընթացիկ մրցաշրջանում: Ապրիլին Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր փառաբանված ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին` Առաքելը հիանալի ելույթ ունեցավ, արժանանալով չեմպիոնի տիտղոսին: Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը դարձան արծաթե մրցանակակիրներ: Ընդհանուր առմամբ, Բուխարեստում մեր հավաքականը երկամարտում ու տարբեր վարժություններում 10 մեդալ նվաճեց (2 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե): Վերջերս էլ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն հռչակվեց Սմբատ Մարգարյանը:
Արդեն գեղեցիկ ավանդույթ են դարձել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մեր անվանի մարզիկների պարգեւատրման արարողությունները: Երեկ նա իր հերթական նվերները մատուցեց ծանրորդներին: Առաքել Միրզոյանին հանձնվեցին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները: Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Սմբատ Մարգարյանը, նրանց անձնական մարզիչներ Օգսեն Միրզոյանը, Արտակ Ներսիսյանը, Արման Ղազարյանը, Էդուարդ Կիզօղլյանը, կանանց հավաքականի ավագ մարզիչ Արտաշես Ներսիսյանը, պատանեկան հավաքականի մարզիչ Հրանտ Տոնոյանն ու հավաքականի բժիշկ Նիկոլայ Դեմուրչյանը դրամական պարգեւներ ստացան:
Շնորհավորելով պարգեւատրվածներին, ՀԱՕԿ-ի նախագահը մասնավորապես նշեց. «Օր օրի մեր հաղթանակներն ավելի նշանակալի են դառնում: Մեր ճանաչված ծանրորդ Օգսեն Միրզոյանի որդին գնաց հոր հետքերով, բարձր պահեց Հայաստանի մարզական պատիվը` արժանանալով Եվրոպայի չեմպիոնի եւ մրցաշարի լավագույն ծանրորդի տիտղոսներին: Ժամանակին եթե մի փոքր հետեւողական եւ ուշադիր լինեին Աշոտ Դանիելյանի նկատմամբ, նա աշխարհի ուժեղագույն ծանրորդը կդառնար: Այսօր թե՛ պետությունը, թե՛ ՀԱՕԿ-ը, սպորտկոմիտեն ու ֆեդերացիաները պատշաճ ուշադրության կենտրոնում են պահում մարզիկներին, որոնք իրենց քրտնաջան աշխատանքով փորձում են վարձահատույց լինել: Պարգեւատրման այս արարողությունը մի փոքր հետաձգել էինք քաղաքապետի ընտրությունների պատճառով, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեին, թե ընտրակաշառք են բաժանում: Փոքր ազգ լինելով, մենք մեր ուժը կարողանում ենք դրսեւորել աշխարհում: Այսօր ծանրամարտում, ըմբշամարտում, բռնցքամարտում ու շախմատում մենք առաջատար դիրքեր ենք զբաղեցնում աշխարհում: Շնորհավորում եմ պարգեւատրվածներին ու նորանոր հաջողություններ եմ մաղթում»:
Պարգեւատրվածների անունից շնորհակալական խոսք ասաց Օգսեն Միրզոյանը` հավաստելով, որ Առաքելն իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի այսուհետեւ եւս բարձր պահելու Հայաստանի մարզական պատիվը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ