Ադրբեջանը համաձայնե՞լ է ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին, ու Հայաստանն էլ չի՞ զիջում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են հետաքրքրական զարգացումներ ունենալ, կամ նվազագույնը այդպիսիք ի ցույց կդրվեն հանրությանը` որոշակի դիվիդենտներ ապահովելու համար: Ինչ-որ քայլերի լինելիության մասին հայտարարությունները հաճախակիանում են, մինչդեռ դժվար է խոսել դրանց իսկության մասին:
Ամեն դեպքում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը ցույց է տալիս, որ բանակցությունների գործընթացում կան որոշ տեղաշարժեր: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Քիչ իմաստ կլիներ հերթական հանդիպում անցկացնելու, եթե Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը որոշ առաջընթաց ձեռք բերված չլիներ», նշել է Բրայզան, ավելացնելով, որ նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում, թեեւ ժամկետներ որոշված չեն:
Ըստ Բրայզայի, նախագահների հերթական հանդիպումը տեղի չի ունենա Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի մոսկովյան այցի շրջանակում: «Չեմ կարծում, որ նախագահների հանդիպման հնարավորություն կա նախագահ Օբամայի մոսկովյան այցի ժամանակ», նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Սրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը, ճիշտ է, ի դեմս երկրորդական պաշտոնյայի` փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, հայտարարել է, թե Ադրբեջանը ընդհանուր առմամբ համաձայնել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններին, «սակայն չկա ցանկալի փոխզիջում Հայաստանի կողմից»:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Ազիմովը ընդգծել է, թե Ադրբեջանը պատրաստակամ է, մինչդեռ «Հայաստանում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ»: Բնական է, որ նման դիրքորոշումը հարմար է խուսափելու համար սեփական պատասխանատվությունը կրելու հարցում:
Ինչեւէ, դժվար է կանխատեսել, թե ուր կտանեն զարգացումները, եթե այդպիսիք ընդհանրապես լինեն: Բայց հետաքրքրական է, որ European Voice պարբերականը, որ հիմնականում տնտեսական խնդիրներ է ներկայացնում, անդրադառնալով ղարաբաղյան խնդրինՙ բարձրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելություն իրականացնող երեք համանախագահների առումով փոփոխություն մտցնելու անհրաժեշտության հարցը, որ սակայն չի վերաբերում այդ ձեւաչափում Թուրքիային ներգրավելու հավանական խոսակցությունների իրականացման հեռանկարին:
Պարբերականը նշում է ղարաբաղյան հակամարտության «ոչ սառեցված» լինելու մասին եւ պատերազմի մեծ հավանականության, որի հետեւանքով էլ կարող է առաջանալ պատասխանատվության խնդիրը: Եվ եթե այդպիսին կունենա նաեւ Եվրոմիությունը, ապա հարկ է, որ արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկվի ԵՄ ներկայացուցիչ, այլ ոչ թե լինի Ֆրանսիան, ինչպես ներկա ձեւաչափն է:
Ա. Հ.