Չկայացած փաստահավաք խմբի հանգամանքը կարելի է չեզոքացնել այլ պահանջների կատարմամբ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-26-ի ամառային նիստի օրակարգի նախագծում, ի թիվս այլ հարցերի, ներառել է նաեւ Հայաստանի խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643 բանաձեւի դրույթների կատարման գնահատականը: Դրանցից ավելի շատ ու առավել հաճախ խոսվում է այն առաջարկ-պահանջների մասին, որոնք վերաբերում են 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերից հետո ձերբակալվածների առնչությամբ «բարի» ելքերի ապահովմանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 27-ին ընդունված թվով արդեն երրորդ` 1643 բանաձեւը հետաքրքրական դրույթներ էր պարունակում, որոնք, ըստ էության, մտցվել էին ի հակակշիռ ձայնի իրավունքից հայաստանյան պատվիրակությանը զրկելու մոնիտորինգի հանձնաժողովի կիսատ մնաց առաջարկ-պատժամիջոցի կիրառման:
11 դրույթից բաղկացած բանաձեւում վեհաժողովը, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի զեկույցի հիման վրա, նախ անդրադառնում էր նախորդ բանաձեւերին ու դրանցում ամրագրված այն վիճակին, որ չնայած Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ պահանջները բավարարելու կամքի առկայությանը` առաջընթացը գնահատվել էր «ոչ նշանակալի»:
Նշելով 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի «անկախ, անկողմնակալ եւ արժանահավատ հետաքննության» պահանջի մասին` վեհաժողովը 1643 բանաձեւով ողջունում էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկով Հայաստանի նախագահի որոշմամբ այդ դեպքերի հետաքննության փաստահավաք խմբի ստեղծումը, նաեւ այդ խմբում ընդդիմության մասնակցությունը:
1643 բանաձեւում ԵԽԽՎ-ը բոլոր քաղաքական ուժերին կոչ էր անում զերծ մնալ փաստահավաք խմբի աշխատանքներին միջամտելուց կամ քաղաքական գնահատականներ տալուց: Միեւնույն ժամանակ, վեհաժողովը կոչ էր անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել փաստահավաք խմբի հետ հնարավոր համագործակցությունը, բոլոր պետական մարմիններից եւ պաշտոնյաներից տեղեկատվության հասանելիությունը: Փաստահավաք խմբին պետք է տրվեին անհրաժեշտ պարզաբանումներ` մարտի 1-2-ին ձերբակալված, հետապնդված եւ դատապարտված անձանց վերաբերյալ:
Ներկա դրությամբ այդ «ողջունելի» քայլից ոչինչ չի մնացել, բացի չիրագործված նախագծից ու չկայացած աշխատանքից: Ամեն դեպքում, հունիսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանի կարգադրությամբ լուծարվեց փաստահավաք խումբը` 2008 թ. հոկտեմբերի 23-ի` «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելով:
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանմամբ` «Հավատացած էինք, որ պետական պաշտոնական շրջանակներից դուրս ստեղծված եւ անկախ փորձագետներից կազմված խումբը կարող էր բավարարել հանրային ակնկալիքները եւ լուրջ աջակցություն ցուցաբերել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, փաստահավաք խմբի անդամները, ցավոք, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք, առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված մթնոլորտին եւ, ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»:
Ներկա դրությամբ դժվար է ասել, թե այս հանգամանքն ինչ գնահատականի ու արձագանքի կարժանանա, բայց դժվար թե «կրկին ողջունելի լինի»: Բայց թերեւս իրավիճակի «փրկություն» դառնա համաներման նախաձեռնության իրականացումը մինչեւ հունիսյան նստաշրջան:
Ինչեւէ, վեհաժողովը 1643 բանաձեւում նաեւ ափսոսանք էր հայտնում, որ մինչեւ վերջին պահը միայն սահմանափակ առաջընթաց էր եղել ՀՀ իշխանությունների կողմից պահանջների կատարման առնչությամբ, մասնավորապես, որ հակառակ վեհաժողովի պահանջների, հետապնդման գործերի եւ դատապարտումների զգալի մասը հիմնված է եղել միայն ոստիկանների ցուցմունքների վրա` առանց հիմնավորված փաստերի, եւ շատ քիչ են Հայաստանի քր. օր.-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքներից հրաժարվելու դեպքերը:
Այս առնչությամբ կարծես թե առաջընթաց արդեն ունենք, գոնե օրենսդրական փոփոխությունների ու մեղադրանքների առումով: Բայց դա էլ թերեւս բավարար լինելուց հեռու է, հատկապես որ ձերբակալությունների թեման մնում է հիմնական «թիրախը» ԵԽԽՎ սպասվող նիստում Հայաստանի հարցի քննարկման ժամանակ, եթե, իհարկե, մինչ այդ չհասցնեն իրագործել «համաներում» գործողությունը, որից ձերբակալվածների հարցի սկզբնական լուծումը գոնե կարող է բավարարել ԵԽԽՎ բանաձեւի պահանջների մի մասը:
Դժգոհ մնալով 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված ազատազրկման մեջ հայտնված մարդկանց իրավիճակից, այնուամենայնիվ վեհաժողովը 1643 բանաձեւում նշել էր, որ Ազգային Ժողովի վերջին նախաձեռնությունը` ԵԽ-ի չափանիշներին համապատասխան քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների վերանայումը, ներում շնորհվածների թիվը, նաեւ անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն կազմակերպելու դրական քայլերը պետք է համարվեն 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների պատրաստակամություն:
Հունիսի 5-ին Փարիզում տեղի ունեցավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը` Հայաստանի հարցի քննարկմամբ: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը գրավոր զեկույց են ներկայացրել` իրենց գնահատականներով ու մեկնաբանություններով, սակայն առանց եզրակացության, որը ըստ էության հենց կարող է լինել ԵԽԽՎ-ի ամառային նիստում քննարկվելիք բանաձեւի նախագիծը: Դրան վեհաժողովը կանդրադառնա, ըստ ԵԽԽՎ օրակարգի նախագծի, հունիսի 24-ին, իսկ մինչ այդ հունիսի կեսերին Հայաստան կայցելեն համազեկուցողները:
Հայաստանի հարցը մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մի քանի ոլորտների գնահատում է ենթադրել, որ կարող են դառնալ Հայաստանի առնչությամբ ընդունելիք բանաձեւի դրույթներ: Նախ, հանրահավաքների եւ ցույցերի անցկացման օրենքի վերանայման խնդիրն է դրվում, ապա` մարտի 1-ի դեպքերի անկախ քննության անցկացումը, նույն համատեքստում նաեւ բռնարարքներին չառնչվող ձերբակալվածների ազատ արձակումը եւ այդպես էլ չիրագործվող ու չկայացող երկխոսության խնդիրը:
Երկխոսության առումով ակնհայտ է, որ ընդդիմությունը դրան գնալ չի ցանկանում ու հաստատապես այդպես չի վարվի մինչեւ հունիսի 24-ը: Ինչ մնում է համաներմանը, ապա սա արդեն կարծես օրերի խնդիր է եւ հետքայլ չի ենթադրում: Մարտի 1-ի իրադարձությունների անկապ քննությունն էլ դժվար իրագործելի է, նկատի ունենալով հայաստանյան արդարադատությունը: Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա այդպիսիք ինչքան ասես կարելի է իրականացնել, սակայն հետո կաշխատե՞ն այդ փոփոխված դրույթները, թե ոչ` այլ հարց է: