Նախագահ Օբամայի առաջադրած այս ծրագրի հիմքում երկու անկախ պետականության սկզբունքն է
Հունիսի 4-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում իսլամական աշխարհին դիմեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ուղերձում նա ասաց, որ փոխգործակցության նոր եզրեր գտնելու համար եկել է Կահիրե եւ ոչ մի ճառով չի հաղթահարվի տարիների վաղեմություն ունեցող անվստահությունը: Օբաման միաժամանակ անդրադարձավ պաղեստինա-իսրայելական հակամարտությանը եւ նշեց. «Մերձավոր Արեւելքում խաղաղության ուղին անցնում է երկու առանձին պետությունների առկայությամբ: «Համասը» պետք է ճանաչի Իսրայելին եւ հրաժարվի բռնություններից, իսկ Իսրայելըՙ վերջ տա վերաբնակների համար նոր բնակավայրերի կառուցմանը»: ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծեց, որ Իրանը խաղաղ նպատակով միջուկային էներգիա ձեռք բերելու իրավունք ունի:
Այլ կերպ, նախագահ Օբամայի ուղերձը նպատակամղված էր իսլամական աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը եւ ուներ Մերձավոր ու Միջին Արեւելքում լարվածությունը թուլացնելու միտում, հետեւաբար միանգամայն համապատասխանում էր նրա նախընտրական խոստումներին եւ գլխավորըՙ անկեղծ էր: Անկեղծությունը ԱՄՆ-ի նկատմամբ իսլամական աշխարհի անվստահության վերացման, տարածաշրջանում լարվածության թուլացման թերեւս ամենակարեւոր երաշխիքն է: Հենց դրանով են պայմանավորվում Դամասկոսի եւ Թեհրանի հետ դիվանագիտական ակտիվ շփումներ ծավալելու Վաշինգտոնի ձեռնարկումները, որոնց մասին «Ազգը» նշել էր դեռեւս հունիսի 5-ի համարում:
Օբամայի ուղերձին հետեւեցին հունիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Լիբանանում: Հակառակ ենթադրություններին, ընտրություններում հաղթեց Սաադ Հարիրիի գլխավորած «Մարտի 14» դաշինքը, ստանալով պատգամավորական 128 տեղերից 71-ը: «Մարտի 14» դաշինքի գլխավոր աջակիցը Սաուդյան Արաբիան է, որին էլ այդ հարցում խրախուսում է Վաշինգտոնը: Թերեւս այդ առումով պատահական չէր ընտրությունների նախօրյակին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի գործուղումը Բեյրութ, առավել եւս նրա հրապարակային հայտարարությունը, թե անելու են այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձախողելու համար «Հզբոլլահի» հաղթանակը ընտրություններում:
Ըստ երեւույթին, Վաշինգտոնը հետամուտ է եղել Բայդենի խոսքերին, որ ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդ «Մարտի 8» դաշինքը, որի առանցքն է կազմում Իրանի եւ Սիրիայի աջակցությունը վայելող «Հզբոլլահը», պատգամավորական ընդամենը 57 մանդատ ստացավ: Թեեւ Լիբանանի խորհրդարանական ընտրություններում «Մարտի 14» դաշինքի հաղթանակով նշանավորվեց Իրանի հետ ընտրությունների շուրջը ծավալվող մրցապայքարում ԱՄՆ-ի հաղթանակը, սակայն եթե արդյունքները չեն արտացոլում ընտրողների կամքը, ապա դա չի չեզոքացնի երկրում քաղաքացիական պատերազմի սպառնալիքը:
Դա ենթադրում է Լիբանանում լարվածության պահպանումը: Մանավանդ որ Սաադ Հարիրին իր հորՙ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության համար փոխանակ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիին մեղադրի, շարունակում է մեղադրել Սիրիային, որ ապավինի սպանության բուն կազմակերպիչների անվերապահ աջակցությանը: Մինչդեռ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հանգեցրել էր սիրիական զորքերի դուրսբերմանը Լիբանանից: Կազմակերպել այդ սպանությունը, Սիրիայի տեսանկյունից ենթադրում էր ինքնակամ վերջ տալ ռազմական ներկայությանն այդ երկրում, ուստի միանգամայն անտրամաբանական է եւ Սաադն ինքը չէր կարող չիմանալ այդ մասին:
Որքան էլ Սաադ Հարիրին չհավակնի Լիբանանի վարչապետի պաշտոնին, Սիրիային գիտակցաբար մեղադրելու հարկադրանքի տակ լարվածության հավելյալ պաշար է ստեղծում երկրում: Դա ընդլայնում է Ռաֆիկ Հարիրիի սպանությունը որպես ազդեցության լծակ օգտագործելու միջոցով Սիրիային ճնշելու միջազգային ուժերի հնարավորությունները, որն էլ հակասում է տարածաշրջանում լարվածության թուլացման նախագահ Օբամայի ջանքերի տրամաբանությանը: Այս ամենն, ինչ խոսք, անհետեւանք չի անցնի Իրանի համար, իսկ այդ դեպքում արդեն ձախողման սպառնալիքի տակ կդրվի Թեհրանի հետ հարաբերությունները բարելավելու Վաշինգտոնի նախաձեռնությունը:
Մերձավոր եւ Միջին Արեւելքը խճճված հակամարտություններով թերեւս աշխարհի ամենաբարդ տարածաշրջանն է: Դրանցից ամենախճճվածն էլ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է: Առանց դրա կարգավորման անհնար է տարածաշրջանի լարվածության էապես թուլացումը: Ահա թե ինչու Պաղեստին-Իսրայել հակամարտությունը երկու անկախ պետականության սկզբունքով առաջիկա երկու տարում կարգավորելու ծրագիր է առաջ քաշել նախագահ Օբաման: Նա այդ ծրագիրը, ինչպես հունիսի 9-ին նշում է Turkishny.com կայքէջը, վերջերս ներկայացրել է Իսրայելին եւ Եգիպտոսին:
Լոնդոնում հրատարակվող արաբական «Աշ շարք ալ աուսաթ» թերթի վկայությամբ, ծրագրի մասին իրազեկվել է նաեւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը: Ընդ որում, հունիսի 10-ին իրազեկման համար Կահիրե է հրավիրվել նաեւ Իսլամական դիմադրության շարժմանՙ «Համասի» քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը, որտեղ նա, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, մամուլի ասուլիսում անդրադարձել է նախագահ Օբամայի իսլամական աշխարհին հղած ուղերձին: Մաշալը մասնավորապես ասել է. «Այսրհորդանանում հրեա վերաբնակների համար նոր բնակավայրերի կառուցումը դադարեցնելու Օբամայի պահանջը չափազանց կարեւոր քայլ է: Մնում է, որ նա իրական ճնշում գործադրի Իսրայելի վրա»:
Եթե նախագահ Օբամայի վերջին ձեռնարկումները համապատասխանում են տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նախընտրական խոստումներին, Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման նոր ծրագիրն էլ բխում է նրա իսլամական աշխարհին հղած ուղերձի տրամաբանությունից: Միայն թե, անհարկի միջամտությունները չմթագնեն Բարաք Օբամայի նախաձեռնությունները, ինչպես, ասենք, Լիբանանի խորհրդարանական ընտրություններին փոխնախագահ Բայդենի ուղղակի միջամտությունն էր:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ