Հայաստանի բանկերի միջոցով Քրդստանի բանվորական կուսակցությանը փողեր փոխանցելու վերաբերյալ թուրքական աղբյուրների տարածած լուրերը հորինվածքներ են եւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, պատասխանելով «Նոյյան տապանի» հարցին, նաեւ նշել է. «Հայաստանի Հանրապետությունում ներդրված է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն եւ արդյունավետ համակարգ: Հայաստանը անդամակցում կամ սերտ համագործակցում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված հիմնական միջազգային կազմակերպությունների հետ: Առ այսօր նշված փաստերի վերաբերյալ որեւէ հարցում կամ հաղորդագրություն չի ստացվել այդ կազմակերպություններից»: Հիշեցնենք, որ թուրքական «Սթար» թերթը` վկայակոչելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տվյալները, հաղորդել էր, թե իբր Հայաստանի եւ Կիպրոսի բանկերի միջոցով տարեկան 1 միլիարդ եվրո է փոխանցվում Հյուսիսային Իրաք` Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK):