«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2009-06-09 | #106, 2009-06-10 | #107, 2009-06-11


Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Երեկ, փաստորեն, կարճ ժամանակով` 15 օրով Ազգային ժողովը հաղթեց կառավարությանը, քանի որ վիճահարույց հարկային փաթեթի` երեկ կայանալիք քվեարկությունը, կառավարությունն, ի դեմս ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, հետաձգեց 15 օրով: ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողներին ասաց, որ երեկ առավոտյան այս փաթեթի շուրջը քաղաքական ուժերի քննարկում է եղել, կառավարությունն այդպես է որոշել` հետագայում ներառելու համար խորհրդարանականների առաջարկները: Վ. Այվազյանը տեղեկացրեց, թե հարկային ներկայացուցիչն արտադրություն չի մտնելու, արտահանմամբ զբաղվող ընկերություններում այդպիսի ներկայացուցիչ չի լինի, քննարկվում է գինու եւ գարեջրի արտադրություններում հարկային տեսուչի ներկա լինելու նպատակահարմարության հարցը:

«Ժամանակավրեպ» հարցեր

ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցով երբ դիմեց կառավարությանը, ամբիոնին մոտեցած գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը պատասխանելուց առաջ նկատեց. «Այո, ժամանակավրեպ հարց է»: Երբ դահլիճը հասկանալով, որ գյուղնախարարն այսպիսով ուզում է հաճոյախոսել հարց տվողին, ուղղակի սխալ բառ է օգտագործել, ծիծաղեց, նախագահությունից հուշեցին` «հրատա՜պ»: Ալավերդյանն ուղղեց իրեն` «հրատապ հարց է»: Նրա պատասխանից հետո չգոհացած Մ. Մինասյանն էլ այսպես արձագանքեց. «Ճիշտ որ ժամանակավրեպ հարց եմ տվել»:

Որտեղի՞ց այդքան փող

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ կառավարությանը այս էլ որերորդ անգամ հարցնում էր ձեռնարկություններին պետական երաշխիքներ եւ վարկեր տրամադրելու, իր կարծիքով, ընտրողական վերաբերմունքի մասին եւ ոչ միայն. «Ովքե՞ր են «Գլենդել հիլզի», Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի, հեռախոսային «Բիլայն» եւ «Վիվասել» ընկերությունների, «Հայռուսգազի» իրական տերերն ու բաժնետերերը, կառավարության ներկա եւ նախկին ո՞ր անդամները, վարչապետներն են ներգրավված այդ ընկերություններում, որոնք պարբերաբար արժանանում են կառավարության հոգածությանը: Եթե անգամ «Գլենդել հիլզին» պետական երաշխիքների տրամադրումը կապ չունի հակաճգնաժամային միջոցառումների հետ, ինչը փաստում են ֆիննախն ու այդ ընկերության ներկայացուցիչները, ինչո՞ւ փոքր, միջին եւ անգամ աշխատատեղեր ստեղծող մեծ ձեռնարկություններին բանկերից փոխառություն տալու նպատակով պետական երաշխիքներ տրամադրելու փոխարեն` դրանք տրամադրվում են այնպիսի կազմակերպությունների, որոնք անցյալում գերշահույթներ են ստացել` Քաջարանի պղնձամոլիբդենային գործարան, «Գլենդել հիլզ»: Հնարավոր չէ՞ր, որ նման երաշխիքներ տրվեին փոքր, միջին եւ իրական աշխատատեղեր ստեղծող ու ապահովող մեծ ձեռնարկություններին: Ի՞նչ կապ կա ՀՀ ներկա եւ նախկին բարձրաստիճան այրերի անունների հետ կապվող գերշահույթներ ստացած այդ կազմակերպությունների եւ դրանց պետական երաշխիքներ տրամադրելու միջեւ: Այս ամենի եւ ներկայիս վարչակազմի ու նախկին նախագահի միջեւ առնչություն կա՞: Ինչպե՞ս է հնարավոր նախագահի աշխատավարձով միլիարդատեր դառնալ, ինչի՞ եւ ո՞ւմ հաշվին: Չե՞ք կարծում, որ աղետի գոտին այսօր ավելի շատ ոչ թե կարիք ունի բնակարանաշինության («Գլենդել հիլզն» է այնտեղ աշխատում-Մ.Խ.), որը փողերի լվացման դասական ուղի է, այլՙ աշխատատեղերի»:

Այս` մեղադրանքներ պարունակող ծավալուն հարցին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց, թե կառավարությունը ճգնաժամի պայմաններում տնտեսության աջակցման տարբեր գործիքներ է կիրառում, այդ թվում` պետական երաշխիքների տրամադրումը. «Գտնում եմ եւ համոզված եմ, որ մենք մեզ համար սուրբ պարտավորություն ենք կատարում` ապահովելու ենք աղետի գոտու բնակչության խնդիրները եւ բնակարանների խնդիրը լուծելու ենք: Մենք այս դժվարին պայմաններում ներգրավում ենք ռեսուրսներ, տրամադրում ենք երաշխիքներ, կատարում ենք ընթացակարգեր, եւ կարծում եմ` սրանք միայն գովեստի խոսքի արժանի գործողություններ են: Ինչ վերաբերում է «Գլենդել հիլզին»` այդ ընկերությունն ընտրվել է բաց մրցույթի միջոցով, օրենքով սահմանված ժամկետներում, այդ ընկերությունն այսօր բավական ակտիվ գործունեություն է կատարում եւ մեծ ծավալի աշխատանք: Այն ընկերություններին, որոնց մենք վարկեր եւ երաշխիքներ ենք տրամադրել, այդ թվում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, այդ առումով ասել ենք. մենք համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր եւ ռեալ ազդեցություն ունեն մեր տնտեսական կյանքի վրա, շարունակելու ենք աջակցել»:

Նա ավելացրեց, որ տելեկոմունիկացիոն ոլորտի բաժնետերերն էլ հայտնի են` դրանք ռուսական հանրահայտ ընկերություններն են:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4