«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2009-06-09 | #106, 2009-06-10 | #107, 2009-06-11


ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԱԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ԹՈՒՅԼ ԴԻՄՈՐԴՆԵՐ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Բուհական քննությունների ժամանակ արդարության կոչնակ հնչեցնող կրթության ոլորտի պատասխանատուներին ամեն տարի պետք է հիշեցնել, որ քննական ամեն մի կենտրոնում կատարվածի մասին լուրերը փոխանցվում են գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, իսկ մայրաքաղաքում տեղի ունեցածը հայտնի է դառնում մի քանի ժամվա ընթացքում: Եթե կարծում են, թե հայոց լեզու եւ գրականություն առարկայից բարձր միավորներՙ 18-20 ստացած որոշ աշակերտների անունները պիտի կարողանան կոծկել, չարաչար սխալվում են, որովհետեւ արդեն իսկ հայտնի է դարձել, որ դրանց որոշ մասը, չհաշված արտակարգ ընդունակություններ ունեցող երեխաների, քննություններից մոտ մեկ ամիս առաջ օգտագործել է իր անձնական կապերը եւ նյութական միջոցները, ինչպես դիմորդներն են ասում, նրանց համար արդեն «մուծված է եղել»: Համոզվելու համար ընդամենը պետք է ստեղծել մի հանձնախումբ եւ ստուգել բարձր միավորներ ստացածների գիտելիքները:

Իմանալու համար, թե ինչ մեխանիզմներով են նրանք ստացել այդ միավորները, բավական է խոսել ամբողջ տարին տքնած, բայց ցածր միավորներՙ 8-14, վաստակած դիմորդների հետ: լավատեղյակ մարդիկ նշում են մի քանի տարբերակներՙ «էլիտար» դիմորդները հանձնում են դատարկ ձեւաթուղթը, որպեսզի հետո ստանան 19-20 միավորի համար լրացվածը, թեստ կազմողները նրանց նախապես տրամադրում են 10-15 միավորի համար անհրաժեշտ բարդ հարցերի պատասխանները, նկատի առնելով, որ 5-10 միավոր կկարողանան ինքնուրույն հավաքել, նրանց տեղավորում են այն լսարաններում, որտեղ հնարավորություն կա հուշելու եւ արտագրելու: Ահա թե ինչու էին հայերենից քննության թեստերը դիմորդների մի մասի համար «նորմալ»: Այդ կարծիքն են հայտնել հատկապես պետհամալսարանում տեղակայված քննական կենտրոնից դուրս եկած դիմորդները: «Ընտրովի» լսարանների տարբերակը բավականին համոզիչ է, որովհետեւ եթե դիմորդը վիճակահանությամբ է հանում նստարանի թիվը, ապա լսարանի ընտրությունը կատարում է համակարգչի առջեւ նստածը:

Եվ եթե նրան արդեն տրվել է «ընտրյալների» ցուցակը, նշանակում էՙ նա բոլորին պիտի հավաքի մեկտեղ, որ կարողանան 2 ժամում «ընկերոջ դարդով ապրել, սիրած աղջկան հուշել, կամ այլ բաների մասին մտածել»:

Ու եթե հայոց լեզվի եւ գրականության քննության ժամանակ դա արվել էր հմտորեն, ապա մաթեմատիկայի քննության ժամանակ «արտագրության լսարանների» թիվը կրկնակի աճել էր, քանի որ հայերենի քննությունից ցածր արդյունքները իրարանցում էին առաջացրել եւ ստիպել գործի անցնել «մուծելու» կարողություն ունեցողներին: Իսկ նյութապես անապահով կամ ծնողազուրկ երեխաներին մնում էր ապավինել Աստծունՙ 8 միավորից պակաս չստանալու համար: Ցավալի էր դիմորդներից լսել, որ մաթեմատիկայից ուժեղ իրենց դասընկերներից շատերը 10-14 միավոր են ստացել, իսկ միջին ընդունակություն ունեցողները չեն հավաքել անհրաժեշտ 8 միավորը, մինչդեռ մաթեմատիկայից թույլ որոշ դիմորդներ ստացել են 17 եւ ավելի միավորներ:

Դպրոցական նստարանից նոր-նոր կտրված այս դիմորդները ճակատ-ճակատի բախվեցին հայաստանյան իրականության հետ:

Առաջին հարվածը միշտ ուժգին եւ անմոռաց է լինում, եւ այս դիմորդներին ամեն վայրկյան հանգիստ չի տալու այն միտքը, որ իրենք ապրում են մի իրականության մեջ, որտեղ առաջ են գնում ոչ թե գիտելիքներով, այլ «մուծելով»:

Քննությունները դեռ չեն ավարտվել, դեռ խոսվում է եւս 2 բարդ քննությանՙ հայ ժողովրդի պատմության եւ անգլերենի մասին: Հասկանալի է, որ նույնը պիտի տեղի ունենա նաեւ այս քննությունների ժամանակՙ գլխապտույտի հասցնող սրտխառնուք պատճառելով ամբողջ տարին գրքից գլուխ չբարձրացրած դիմորդներին: Նրանք արդեն գիտեն, որ քննություններից հետո «մուծածներն» են ընդունվելու իրենց երազած ֆակուլտետներում, այն էլՙ անվճար համակարգում, մրցույթի դեպքումՙ նաեւ վճարովիում: Հետո «մուծելով» ավարտելու են բուհն ու դառնալու են պաշտոնյաներ եւ իրենց են ղեկավարելու: Իսկ իրենք իրենց գիտելիքներով գրոշներ են վաստակելու ու մի կերպ գոյատեւելու: Ահա թե ինչպես ենք ստեղծում «գիտելիքահենք» հասարակություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4