Մոռացությունը միշտ վտանգավոր է
«Արմենիա» նոր առագաստանավը իսպանական Վալենսիա նավահանգստում էր, եւ մենք ստիպված էինք մեր անբողջ բեռն այնտեղ ուղարկել մեկնումից երկու ամիս առաջ: Մեզ օգնեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւ «Ապավեն» փոխադրական ընկերությունը: Մեկնարկից երկու շաբաթ առաջ բեռները պետք է լինեին Վալենսիայում, բայց պարզվեց, որ դրանք Մալագա նավահանգստում կլինեն մայիսի 27-ին` մեկնարկի նախօրեին:
Մեկնարկը հետաձգել չէր կարելի: Կազմակերպչական մեծ աշխատանք կատարեցին Իսպանիայում ՀՀ դեսպան Մհեր Բադալյանը, տեղի հայ համայնքի ղեկավար Վազգեն Հակոբյանը: Ի վերջո պարզվեց, որ բեռը ոչ թե Մալագայում է, այլ Ջիբրալթարից մեկ մղոնի վրա` Ալխեսիրաս նավահանգստում: Բայց օրենքն արգելում է այնտեղ կանգնել: Կարելի է միայն վճարել, բեռները վերցնել եւ շարունակել նավարկությունը դեպի Ատլանտյան օվկիանոս: Մենք Իսպանիայի իշխանություններին երախտապարտ ենք արդեն, որ նրանք մեզ ընդառաջեցին եւ ընդամենը մեկ օրում ձեւակերպեցին բեռների վճարումների եւ նավ տեղափոխելու փաստաթղթերը:
Տհաճ եղանակ էր, ուժեղ քամի էր փչում, նավը ճոճվում էր, եւ երկար կանգնելը պարզապես անհնար էր ու վտանգավոր: Ստացել էինք երկուսուկես տոննա բեռներ, այդ թվում` գրքերով ու սարքերով լի ծանր արկղեր:
Ուղեբեռի հետ կապված դեգերումներից հետո մեր բախտը բերեց: Հիրավի, չկա չարիք առանց բարիքի: Հյուրընկալ Սեուտեում ամեն ինչ դասավորեցինք ինչպես հարկն է: Արիկը երեք օր զբաղվեց «Իրիդիումով», որը օվկիանոսում մեզ կծառայի որպես հեռախոս եւ նույնիսկ ինտերնետ:
Աֆրիկայի հյուսիսարեւմտյան ափերի մոտ գտնվող Կանարյան արշիպելագը արժեր տեսնել: «Մեսրոպ Մաշտոց» գիտարշավը պետք է ավարտվի մեկ տարում: Ժամանակը սուղ է: Սական Կանարյան կղզիները շրջանցելը մեղք կլիներ` թեկուզ այն պատճառով, որ վեց տարի առաջ` 2003-ի հոկտեմբերին արշիպելագի Լա Պալմա կղզում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը: Առիթը ոչ թե օլիմպիական ոսկին էր, այլ ոչ պակաս արժեքավոր մի ուրիշ բան` գիտությունը:
Այն ժամանակ Լա Պալմայում հանդիսավոր պայմաններում բացվեց մի եզակի աստղադիտակ, որի օգնությամբ արդի աստղաֆիզիկայի նոր ուղղությունը` այսպես կոչված գամմա-աստղագիտությունը, կարող է տիեզերքի խորքերում ի հայտ բերել գամմա-ճառագայթման հզոր աղբյուրներ, գերնոր եւ նոր օբյեկտների պայթյուններ: Ես տեղյակ եմ, որ Ղրիմի աստղադիտարանում գերբարձր էներգիայի գամմա-աղբյուրների առաջին կանոնավոր դիտարկումները իրականացրել է մեր հայրենակից Առնոլդ Ստեփանյանը դեռ 1969 թվականին: Հայաստանում 80-ականների վերջերին նոր սերնդի փոքր աստղադիտակ է կառուցել Ռազմիկ Միրզոյանը, որը հետագայում դարձավ աշխարհի ամենամեծ աստղադիտակի` «Մաջիկ գամմա տելեսկոպի» ղեկավարը: Նախագծին մասնակցում էին Եվրոպայի եւ Ասիայի 11 երկրների 20 ինստիտուտների գիտնականներ, եւ Հայաստանը միակ մասնակիցն էր նախկին ԽՍՀՄ հանրապետություններից: Երկրների միավորման մշտական անդամ է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը պրոֆեսոր Աշոտ Չիլինգարյանի գլխավորությամբ:
Դեռ Վալենսիայում ես երկարատեւ որոնումներից հետո գտա հայ անվանի գիտնական Վարուժան Դանիելյանին` գիտական հետազոտությունների սարքերի հեղինակին: Նա էր մշակել 2003-ին գործարկված վերոհիշյալ եզակի աստղադիտակի էլեկտրոնային մասը: Ես նաեւ պարզեցի, որ այսօր այլեւս ոչ ոք չգիտի գամմա-աստղադիտակի զարգացման մեջ հայ գիտնականների ներդրած ավանդի մասին:
Մոռացությունը մեզ մոտ դառնում է տխուր ավանդույթ: Մոռացվեց ականավոր աստղաֆիզիկոս եւ փիլիսոփա Գրիգոր Գուրզադյանը: Այսօր քչերը գիտեն, որ 70-ականների սկզբներին թնդում էին հնօրյա Գառնիի եւ այնտեղ ստեղծված տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գրիգոր Արամի Գուրզադյանի անունները: 1973-ի դեկտեմբերին նա տիեզերք արձակեց իր «Օրիոն-2» արտամթնոլորտային աստղադիտարանը:
Օրերս ես կորցրի (այդպես անվանենք ճանապարհային գողությունը) իմ հնամաշ «դիպլոմատը», որտեղ կային շատ արժեքավոր բաներ` անձնագիր, նոթատետր, իմ հեռախոսագիրքը մոտ հազար համարներով եւ այլն: Բայց ամենացավալին այն է, որ ես առհավետ կորցրի գրառումներիս գրքույկը, որի մեջ մի քանի ամիս գրի էի առել Գրիգոր Գուրզադյանի հետ իմ երկխոսությունները ամենատարբեր թեմաներով: Դրանք անգին գրառումներ էին: Հայ ընթեցողը լավ ծանոթ է գիտնական եւ նկարիչ Գուրզադյանի փիլիսոփայական էտյուդներին: Նա ներկայումս բացարձակապես կույր մարդ է եւ մի կերպ լսում է լսողական սարքի միջոցով:
Գուրզադյանը ութսունութ տարեկան է: Թող Աստված նրան երկար կյանք տա, իսկ մեզ` շուրջերկրյա նավարկության հաջող ավարտ, որպեսզի վերսկսենք մեր երկխոսությունները: Մինչ այդ հարկավոր է պարզապես պայքարել մեզ համար ինչ-որ համաճարակ դարձած մոռացության դեմ:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ