«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2009-06-09 | #106, 2009-06-10 | #107, 2009-06-11


ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՑ ԾԻՐԱՆԻ ԲՈՒՅՐԸ ԿՐԿԻՆ ԿՏԱՐԱԾՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Հայը չի կարող աշխարհին նույն կերպ նայել, ինչպես ֆրանսիացին, գերմանացին, լեհը: Մտածողությունն է տարբեր, սակայն աշխարհում այլ վայրեր չկան, որտեղ հայազգի ռեժիսորները անկախ փաստից, թե ո՛ր երկրում են ստեղծագործում, կարողանան հանդիպել, ծանոթանալ միմյանց աշխատանքներին, հետագա ստեղծագործական նախագծեր մշակեն: Այս հինգ տարվա ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած ծանոթությունները շատ մեծ նշանակություն ունեն», նկատում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ղեկավար Միքայել Ստամբուլցյանը ` կարեւորելով Հայկական համայնապատկեր ծրագրի դերը, որտեղ ներկայացված են ոչ միայն Հայաստանում ստեղծագործող ռեժիսորների, այլեւ սփյուռքահայ արվեստագետների (Ֆրանսիա, Իրան, Գերմանիա, Ռուսաստան) ֆիլմերը:

Վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող կինոփառատոնը այս տարի կինոսերների ու քննադատների դատին կհանձնի 110 ֆիլմ ավելի քան 40 երկրից: Ստամբուլցյանը խոստովանում է, որ ընտրությունը դաժան է եղել, ստացել են 430 հայտ 65 երկրից, ընտրել են լավագույն աշխատանքները: Կինոփառատոնը կանցկացվի երեք մրցութային ծրագրով` Միջազգային խաղարկային, վավերագրական ֆիլմերի եւ հայկական համայնապատկեր: Կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 12-ին:

Արդեն ավանդական է դարձել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը սկսել ֆիլմով, որը առնչություն ունի Հայաստանի եւ հայ մշակույթի հետ: Այս տարի էլ բացառություն չի լինի. փառատոնը կբացվի Լոռեն Տյուելի «Առաջին շրջան» ֆիլմով, որի պրոդյուսերն է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանը: Վերջինս Կաննի փառատոնի ղեկավարներից է, «Սեզար» ակադեմիայի եւ «Ալտեր ֆիլմս» պրոդյուսերական ընկերության նախագահը: Ֆիլմում հանցագործի դերը կատարում է հայտնի դերասան Ժան Ռենոն, որը սակայն անձնական խնդիրների պատճառով Հայաստան չի այցելի:

Կինոփառատոնի հատուկ իրադարձություններից է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 եւ «Նռան գույնը» ֆիլմի 40 ամյակի առթիվ կայանալիք ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը: «Հայկական կինոյի պատմության մեջ արժանի տեղ գտած լավագույն ստեղծագործություններից է: Այս կերպ յուրատեսակ հարգանքի տուրք կմատուցենք մեծ ռեժիսորին ու նրա ստեղծագործությանը: Ցուցադրությանը կմասնակցի «Նռան գույնը» ֆիլմի ողջ ստեղծագործական կազմը», նկատեց Սուսաննա Հարությունյանը :

Հարուստ ու բովանդակալից է նաեւ հետահայաց ցուցադրություններ շարքը: Հայ հանդիսատեսը կտեսնի արդի ժամանակաշրջանի երեք մեծանուն ռեժիսորների` Յեժի Սկոլիմովսկի (Լեհաստան, Կոհեյ Օգուրինի (Ճապոնիա) եւ Ռոբ Նիլսոնի (ԱՄՆ) ստեղծագործությունները: Ֆիլմերի ցուցադրությանը կմասնակցեն նաեւ հեղինակները:

Հետահայաց ցուցադրությունը կնշանավորվի նաեւ հայկական լավագույն ֆիլմերի ներկայացմամբ: Հարգանքի տուրք կմատուցվի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին. կցուցադրվեն Բագրատյանի ամենահայտնի ստեղծագործությունները` «Աշնան արեւ», «Տերն ու ծառան» ֆիլմերը, որոնք հայկական կինեմատոգրաֆի զարդերն են: Կնշվի նաեւ Արման Մանարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը:

«Հարուստ է Երեւանյան պրեմիերաներ ծրագիրը: Կցուցադրվեն հանրահայտ ռուս ռեժիսոր Սերգեյ Սալավյովի «Աննա Կարենինա» եւ «Ասսա 2» ֆիլմերը: Փառատոնի հատուկ հյուրերից է նաեւ նշյալ ֆիլմերի դերասանուհի Տատյանա Դյուբիչը: Հայ հանդիսատեսը կտեսնի Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Տետրո» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի փառատոնում: Կլինեն արդեն սիրելի դարձած «Արաբական գիշերներ» եւ «Մեկ օր Եվրոպայում» խորագրով ծրագրերը», ասաց Հարությունյանը:

«Սակայն այսքանով կինոփառատոնի անակնկալները չեն ավարտվում: «Վարպետներ» ծրագիրը ներառում է երեք մեծանուն ռեժիսորների` Լուիս Բյունուելիին, Միքելանջելո Անտոնիոնիին եւ Տոնինո Գուերային նվիրված ֆիլմերը: Իսկ «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական ծրագիրը կներառի վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ վավերագրական ֆիլմերի «Հայք» ստուդիայի նկարահանած ֆիլմերը», ասաց Միքայել Ստամբուլցյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4