Թուրքերից Հայաստանի երիտասարդական հավաքականի կրած խոշոր հաշվով պարտությունը մեծ ցավ պատճառեց հայ ֆուտբոլասերներին: Եվ դա հասկանալի է: Բայց պետք է խոստովանենք, որ մրցակիցն իրոք մի գլխով բարձր էր մեր ֆուտբոլիստներից ու վարպետության դաս տվեց նրանց: Այդ հանդիպումը մեկ անգամ եւս բացահայտեց հայկական ֆուտբոլի ներկայիս տխուր իրավիճակը: Չանդրադառնալով խաղի մանրամասներին ու պարտության պատճառներին, այսօր ընթերցողներին ենք ներկայացնում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հավաքականների գլխավոր մարզիչների հայտնած տեսակետները:
- Կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ սա փոքր աղետ էր մեզ համար: Արդյունքից շատ եմ հիասթափված: Կասկած չկա, որ թուրքերն արժանի էին հաղթանակի: Բոլորդ էլ տեսաք, որ մեր պաշտպանությունը շատ թույլ խաղաց, իսկ ահա առջեւի գծի ֆուտբոլիստների խաղն այսպիսի ուժեղ հավաքականի դեմ վատ տպավորություն չթողեց եւ պետք է բավարարված լինենք: Մարզչական կազմն ու ֆուտբոլիստները շատ ենք ցավում, որ այսպես ստացվեց: Իհարկե, կարելի է նաեւ ֆուտբոլիստներին գովել, որ նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակում մինչեւ վերջ պայքարեցին ու կարողացան 2 գոլ խփել:
- Չե՞ք կարծում, որ մեր տղաների փոխանցումների կուլտուրան թուրքերի համեմատ շատ ցածր էր:
- Համամիտ եմ: Մանավանդ առաջին խաղակեսում եղավ մի հատված, երբ մերոնք անընդհատ կորցնում էին գնդակը պարզ իրադրություններում կամ էլ բարձրից երկար փոխանցումներ էին կատարում, որոնց սովորաբար տիրում էին բարձրահասակ հյուրերը: Իսկ արդեն 2-րդ խաղակեսի վերջնամասում մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ընդունակ են նաեւ մեկ հպումով փոխանցումներով արագ գրոհներ կազմակերպել: Մենք նույնիսկ առաջին խաղակեսում գոլ խփելու լավ հնարավորություն ունեինք: Ֆուտբոլիստներին խորհուրդ էի տվել հեռահար հարվածներ շատ կատարել դարպասին: Սակայն, ցավոք, հարվածներ քիչ կատարվեցին:
- Ինչո՞վ էր պայմանավորված դարպասի պաշտպանությունը Էդուարդ Հովհաննիսյանին վստահելը: Չէ՞ որ ի տարբերություն Գեւորգ Պրազյանի, նա ընթացիկ մրցաշրջանում խաղային փորձ գործնականում չուներ:
- Եվ ես, եւ Էդուարդը գտնում էինք, որ նա պատրաստ է խաղին: Բաց թողած գոլերում դժվար է նրան մեղադրել, ավելի շատ մեղավոր էին պաշտպանները, որոնք հստակ չգործեցին:
- Այսօրվա խաղում հատկապես «կաղում» էր մեր պաշտպանության աջ թեւը, որտեղ իր համար անսովոր դիրքում խաղում էր կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Այդ դիրքի համար դուք այլ տարբերակ չունեի՞ք:
- Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» մի քանի խաղ անցկացրել է աջ պաշտպանի դիրքում, նախկինում ազգային հավաքականում էլ նման պարտականություն է կատարել: Մենք այլ տարբերակ չունեինք: Իհարկե, կարող էինք մեկնարկային կազմում ընդգրկել «Փյունիկի» երիտասարդ պաշտպան Կամո Հովհաննիսյանին: Սակայն նման պատասխանատու խաղում նրան խաղացնելը որոշակի ռիսկի հետ էր կապված:
- Ի՞նչ կասեք Հրաչ Յագանի խաղի մասին:
- Նա առաջին խաղն էր անցկացնում հավաքականի կազմում, թեեւ մասնակցել էր նաեւ մեր նախորդ հավաքին: Նա այն ֆուտբոլիստներից մեկն էր, ով չէր մասնակցել շվեյցարացիների հետ հանդիպմանը, ուստի ուժերը վերականգնելու խնդիր չուներ: Այս խաղում նա իր դիրքում չխաղաց, այլ կատարեց եզրային կիսապաշտպանի պարտականություն, որի պատճառով էլ չկարողացավ իրեն լավ դրսեւորել: Շվեյցարացիների հետ խաղում Արտակ Դաշյանն ու Արթուր Յուզբաշյանն իրենց լավ էին դրսեւորել դաշտի կենտրոնական մասում, ուստի չցանկացա փոփոխել նրանց դիրքերը:
- Չե՞ք կարծում, որ Դավիթ Մանոյանին ուշացումով ասպարեզ դուրս բերեցիք: Նա զգալիորեն ակտիվացրեց հավաքականի հարձակողական գործողությունները:
- Իհարկե, խաղից հետո հեշտ է նման եզրակացությունների հանգելը: Բայց իրոք Մանոյանի մուտքը խաղադաշտ շատ հաջող էր:
- Այսօր կարծես կրկնվեց Շվեյցարիայի հավաքականի հետ առաջին խաղակեսի սցենարը:
- Շվեյցարիայում մեր դարպասը խփած առաջին գոլը մրցավարի նվերն էր դաշտի տերերին, քանի որ գնդակը չէր հատել դարպասային գիծը: Իսկ դուք գիտեք, թե բաց թողած գոլն ինչպես է ազդում ֆուտբոլիստների վրա: Երկու խաղերում էլ առաջին խաղակեսերում մեր գործողություններում թերություններ կային:
- Ի՞նչ եք կարծում, այս թիմով հնարավո՞ր է հաջողության հասնել եւ ի՞նչ դիրքերում պետք է ուժեղացվի կազմը:
- Կարծում եմ, որ պաշտպանությունն ուժեղացնելու դեպքում կարող ենք հաջող խաղալ: Այս գծում հիմնախնդիրներ ունենք, քանի որ բացի Կարեն Խաչատրյանից, մեր մյուս պաշտպաններն իրենց թիմերի հիմնական կազմում հազվադեպ են խաղում: Նույնը վերաբերում է դարպասապահին: Հույս ունեմ, որ հաջորդ խաղին հնարավորություն կունենանք թիմում ընդգրկել «Մարսելի» 2-րդ կազմի կենտրոնական պաշտպան Վարանդ Պզտիկյանին: Ունենք լավ կիսապաշտպաններ ու հարձակվողներ: Ես լավատես եմ ու հուսով եմ, որ ուժեղ հավաքական կունենանք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ