«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԹԻՐԱԽՙ ԵՐԿՐԻՑ ՈՉ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՎՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անկախ դրդապատճառներից, դա Թուրքիայում նպաստում է եւս մեկ տաբուի վերացմանը

Մայիսի 23-ին Դյուզջե գավառում ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ, Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Տարիներ շարունակ մեր երկրից պարբերաբար վտարվել են նրանք, ովքեր էթնիկապես այլ ինքնություն են ունեցել: Իրականում դա ֆաշիստական մոտեցման հետեւանք էր»: Էրդողանի հայտարարությանը մայիսի 24-ի համարներում անդրադարձել էին թուրքական կենտրոնական թերթերը, մասնավորապեսՙ «Ռադիկալը», իսկ մայիսի 26-ինՙ նաեւ «Ազգը»:

Էրդողանի հայտարարությունը բուռն հակազդեցություն էր առաջացրել ընդդիմության շրջանակներում: Իթթիհատականների իրավաժառանգորդ, Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ, նախկին դեսպան Օնուր Օյմենը ձեռնամուխ էր եղել արդարացնելու Թուրքիայից թուրքական ինքնություն չունեցող քաղաքացիների վտարումը: Նա, «Թարաֆ» թերթի մայիսի 25-ի համարի վկայությամբ, նշել է. «Չհասկացա, թե ի՞նչ էր ուզում ասել վարչապետը: Երկրից էթնիկ այլ խմբավորման պատկանողների վտարման մասին չէինք լսել, վարչապետին վայել չէ իբրեւ իրողություն ներկայացնել այն, ինչը չի կատարվել»:

Հաջորդ օրը Օյմենին ձայնակցել էր «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը: Նա, դիմելով Էրդողանին, ինչպես մայիսի 26-ին նշել էր «Ռադիկալը», հարցրել է. «Սեւրի ժամանակահատվածի կարոտախտո՞վ եք տառապում: Մեր ազգը պատմության ոչ մի շրջանում ազգայնամոլություն չի դրսեւորել: Վարչապետը խոսում է Օրհան Փամուքի լեզվով»:

Օյմենը եւ Օքթայը վարչապետ Էրդողանի վրա հարձակվելիս նրա հայտարարությունը համարում էին անհավասարակշիռ, ակնարկելով, որ այդպիսին է նաեւ ինքը: Հիրավի, Էրդողանն անհավասարակշիռ հայտարարություններ անում է: Օրինակՙ մայիսի 14-ին Լեհաստան այցելության ընթացքում նշելով Թուրքիայում ապօրինաբար աշխատող 40 հազար հայաստանցիների մասին, ասել էր. «Անհրաժեշտության դեպքում սրանց հետ կուղարկենք»: Մարտի 12-ին նա Հաքքյարիում, ակնարկելով քրդերի մասին, հայտարարել էր. «Երկրում մեկ ազգ է, մեկ լեզու, ով չի հավանումՙ թող գնա»:

Անհավասարակշիռ հայտարարությունների առումով ավելի քան անփառունակ էին գտնվել Թուրքիայի վարչապետի նախարարները: Նրանցից պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը 2008-ի նոյեմբերի 10-ին Գերմանիայում ասել էր. «Եթե հայերն ու հույները շարունակեին (գոյատեւել) երկրում, մի՞թե մենք այսօր կունենայինք ազգային այսպիսի պետություն»:

Մարտի 30-ին պետնախարար եւ կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը, մեկնաբանելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, Իգդիրում քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության հաղթանակի առնչությամբ մատնանշել է. «Իգդիրն էլ առել են: Այսինքնՙ հասան Հայաստանի սահմանին»: Նա դրանով ձեռքի տակով բացի քրդերից, հարձակում էր գործել նաեւ հայերի վրա:

Ընդ որում, վարչապետ Էրդողանը էթնիկ այլ խմբավորումների երկրից վտարման փաստն արձանագրում էր ոչ թե կատարվածի համար զղջալու կամ պատմական անարդարությունը սրբագրելու մղումով, այլ Սիրիային սահմանամերձ շրջանների ականազերծման աշխատանքները իսրայելցիներին հանձնարարելու շուրջը երկրում անախորժ աղմուկ բարձրացրած ընդդիմության հարձակումներից պաշտպանվելու համար:

Սահմանամերձ շրջաններում ականազերծման աշխատանքների հանձնարարումն իսրայելական ընկերությանը այդ դեպքում, երբ ականազերծման տարածքը 40 տարով թեկուզ գյուղատնտեսական նպատակների համար տնօրինելու է նույն ընկերությունը, միանշանակ չի ընդունվում տարածաշրջանում: Սիրիան եւ Իրանը դեմ են դրան, սակայն Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների խնդիրը տարածքը չէ, ոչ էլ իսրայելական ընկերությունը, այլ երկրի քրդաբնակ հարավարեւելյան շրջանները իսրայելցիներին հանձնելու պատրվակով վարչապետ Էրդողանին ու նրա «Արդարություն ու բարգավաճում» կուսակցությանը վարկաբեկելը:

Թերեւս այդ առումով հատկանշական էին Էրդողանիՙ հունիսի 7-ին Կեսարիայում, կուսակցության նահանգային կոնգրեսում Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիս Բայքալին հասցեագրած խոսքերը. «Չարանենգությունն այն աստիճանի է հասել, որ հարց են տալիս. «Երջանկահիշատակ Աբդուլ Համիդը Իսրայելին տարածք չէր տրամադրել: Ի՞նչ կասի նա, եթե բարձրանա գերեզմանից»: Դու ե՞րբ ես Աբդուլ Համիդի ոգով գործել, որ նրա անունն ես տալիս: Որտե՞ղ էիր Գազայի ռմբակոծման օրերին, երբ ես Դավոսում (ակնարկում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հանդիմանելու մասին) վերին աստիճանի մարդասիրական մոտեցում ցուցաբերեցի, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները լացուկոծ դրեցին, թե ի՞նչ է լինելու Իսրայելի հետ մեր հարաբերությունների վիճակը: Դուք ժամանակին բազում պայմանագրեր եք կնքել Իսրայելի հետ, սակայն իմ դաստիարակությունը թույլ չի տալիս բացահայտել դրանք»:

Անկախ դրդապատճառներից, վարչապետ Էրդողանի «էթնիկ այլ ինքնություն ունեցողների երկրից վտարման, իսկ վտարումը ֆաշիստական մոտեցման հետ նույնացնելու» հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայոց ցեղասպանությունն իրագործած իթթիհատականների էթնիկ զտման քաղաքականության քեմալականներիՙ ժամանակակից Թուրքիայում յուրացման խոստովանություն:

Անկարայի համալսարանի քաղաքագիտության պրոֆ. Բասքըն Օրանը հունիսի 8-ին Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքէջում նշելով էթնիկ զտման մասին, ընդգծում է, որ Էրդողանի հայտարարությամբ երկրում վերանում է եւս մեկ տաբու եւ նոր ժամանակաշրջան է բացվում, որովհետեւ այլեւս անհնար է լինելու շարունակել ոչ մահմեդականների էթնիկ զտումը Թուրքիայի Հանրապետությունում: Հեղինակը զտման ուշագրավ օրինակներ է բերում հոդվածում, սակայն դրանց մասինՙ առաջիկայում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4