«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերում ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաղորդագրության համաձայն, տնօրենների խորհրդի որոշման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին: «Կորպորացիան ափսոսանք է հայտնում, որ չի կարողանալու շարունակել Հայաստանում ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորումը», ասել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաղորդագրության գլխավոր գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի հետ կնքած համաձայնագրով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան երկրին տրամադրում է 235,6 միլիոն դոլար, որից` ճանապարհների ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվում էր հատկացնել շուրջ 68 միլիոն դոլար, ոռոգման ենթածրագրի համար` ավելի քան 160 միլիոն դոլար: