Հայոց ցեղասպանության իրողության դեմ թուրքական քարոզչությանն ի պատասխան ԱՄՆ շրջանային դատարանի գլխավոր դատավոր Մարկ Վոլֆը որոշում է կայացրել, որը Մասաչուսեթս նահանգի կրթության դեպարտամենտին թույլ է տալիս շարունակել Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված այլ ոճրագործությունների մասին փաստերն ընդգրկել պատմության դպրոցական ծրագրերում ու այդ մասին խոսել հանրային դպրոցների դասաժամերի ընթացքում:
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է դատարանի այդ որոշումը` ընդգծելով, որ այն հստակ «մեսիջ» է ուղարկում Թուրքիային եւ այդ երկրի դաշնակիցներին, որ պատմությունը չեն կարող սրբագրել ու ներկայացնել պաշտոնական Անկարայի ժխտողական դիրքորոշմանը համապատասխան: Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլայն Մուգարն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստը ներկայացնող ընդգրկուն պատմական ու իրավական ապացույցների շնորհիվ այս դատավճիռը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ նման ոճրագործությունների կանխման հարցով: