Երեկ Երեւանի քաղաքապետարանի ընդարձակ եւ գեղեցիկ ձեւավորված ճեմասրահում կայացավ Երեւանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Ներկա էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր պետեր, կուսակցությունների ներկայացուցիչներ, նախկին քաղաքապետեր, նորընտիր ավագանու անդամներ եւ շատ հյուրեր:
Հանդիսավոր արարողությունը բացեց ու վարեց ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը եւ առաջինը շնորհավորելով նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, հրավիրեց բեմահարթակ: Քիչ անց, Երեւանի պատվավոր քաղաքացիներ եւ ավագանու անդամներ Վլադիմիր Մսրյանն ու Մարտին Վարդազարյանը ներս բերեցին Լանջաշղթան ու այն գցեցին Գ. Բեգլարյանի վզին: Այնուհետեւ Գագիկ Բեգլարյանը աջ ձեռքը դնելով «Երեւանի մասին օրենքի» վրա ընթերցեց երդման տեքստը ու ստորագրեց: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնության խոսքից ու տերունական աղոթքից հետո նորընտիր քաղաքապետին շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ու նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի նորընտիր քաղաքապետից. «Մայրաքաղաքը յուրաքանչյուր երկրի այցետոմսն է, երկրի դիմագծի յուրահատուկ արտացոլումը, ասաց նախագահը, -իմ խորին համոզմամբ մայրաքաղաքի հիմնախնդիրների հետեւողական լուծումը, մեր եւ ձեր դիմագիծը եւս նշանակալիորեն դեպի լավը կփոխի նաեւ այն պատճառով, որ Երեւանում տեղի ունեցող փոփոխությունները անպայմանորեն ազդեցություն են ունենում մարզերում»: Ավագանու բոլոր անդամներին շնորհավորելով նախագահը անմնացորդ աշխատանքի կոչ արեց:
Երեւանի առաջին ընտրված քաղաքապետն իր առաջին ելույթում խոստացավ Երեւանը երեւանցիների հետ դարձնել գեղեցիկ ու հրապուրիչ քաղաք:
Առավոտից նորընտիր քաղաքապետը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր էր ստանում քույր քաղաքների ղեկավարներից, որոնց թվում` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ