ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին օրերի «պարապ վախտվա խաղալիքը» հարկային փաթեթն էր, որի շուրջն Ազգային ժողովում ամենավառվռուն օրինակներով խոսեցին բոլորը, եւ անգամ` ամենապատկերավորը ՀՀԿ-ի գործարար պատգամավորներն էին: Հասկանալի է, կառավարությունն, ըստ նրանց, անցել է սահմանը, եւ հանուն բյուջեն լցնելու` արդեն ոտնակոխ է անում «սիրելի» պատգամավորների շահերը: Իսկ որ հայրենի պատգամավորների մի զգալի մասը գործարարներ են, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բնականաբար գործարարներն իրենք իրենց դեմ օրենք չեն ընդունի: Սակայն, մյուս կողմից, եթե բյուջեն չհավաքվի, կարող է սուզվել եւ կառավարության նավը` թոշակների եւ աշխատավարձերի տեսլականն էլ նրա հետ, եւ միանձնյա ՀՀԿ-ի իշխանության «ուժի» վերաբերյալ վերջին ընտրություններով «սրբագործված» լեգենդը: Այդ դեպքում ի՞նչ են անելու մեր պատգամավոր-գործարարներն անկայուն, դժգոհող, չվճարվող ծերեր եւ ուսուցիչներ ունեցող հասարակության մեջ, ո՞ւմ են վաճառելու իրենց պանիրը, շաքարավազն ու ձեթը, ո՞ւմ են նստեցնելու իրենց երթուղայինները: Այս բոլորը շատ լավ գիտեն նրանք, ովքեր ի վերջո այս հետաձգման 15 օրն այնպես են մշակելու մեր գործարարներին, որ 15 օր հետո նրանք առանց հակադրվելու սեղմելու են կոճակն ու ընթացք են տալու սույն օրենսդրությանը, Վարդան Այվազյանն էլ դեռ ուրիշ բան է երգելու, քանի որ նրան ասելու են` «խելոք մնա»: Ուրիշ բան, որ հայրենի կառավարությունում, ճիշտ որ, մի փոքր տաք-տաք են մոտեցել խնդրին եւ սառելուց հետո գուցե հասկացել են, որ չափն անցել են հարկային «լրտեսի» առումով, քանի որ գործարարների ուղեղները մեր կառավարության աշխատակիցների ուղեղներին համընթաց աշխատում են, եւ ուզած միջոցի դեմ հակամիջոց եւս կգտնեն, ու գուցե հետեւություն են անում, թե ծայրահեղությունների չպետք է դիմել, այլ համոզել-խնդրելով գործն առաջ տանել:
Սակայն սա ժամանակավոր զբաղմունք էր մեր քաղաքականների եւ լրագրողների համար: Հայաստանում քաղաքական ժամանակն իր հունով գնում է միայն ընտրությունների կամ ընտրություններին մերձ ժամանակներում, դրանց միջակայքում սեւ խոռոչ է, հոսում է ծույլ հայկական ժամանակը, եւ ոչինչ, միայն լրագրողներն են քաղաքական դաշտի պատրանք ստեղծում` զոռով հարցազրույցների ենթարկելով մերոնց կամ ինտրիգներ լարելով: Հիմա, օրինակ, մեր քաղաքական դաշտը, ընդդիմադիր թե իշխանական, վերջին` լավ էլ քաղաքական ընտրություններից հետո ծմակ է մտնում, կամ, ավելի պատկերավոր ասենք, որսի համար կռվողներից նրանք, ում բաժին է հասել որսը, նստելու եւ ուտելու են ինչ կա-չկա, մյուսները մի կողմ քաշված` լիզելու են ստացած վերքերը, կազդուրվեն եւ սպասեն, մինչեւ իրենց որսի նոր ժամը կգա:
Լավ, ալեգորիայից անցնենք հասկանալի լեզվի: Մեր քաղաքական դաշտում վերջին քաղաքային ընտրություններից հետո այնպիսի ամայություն է, որ անգամ մարտի 1-ից հետո չի եղել: Ցրիվ եկած շղթան հավաքելու խնդիր կա երկուստեք: Բայց հավաքելուն շատ բան է խանգարում` փոխադարձ վիրավորվածությունը, մեծամասնական հովերը, խանդ եւ քեն: Այս բոլորը դեռ երկար թույլ չի տալու իրար կպցնել կարկատանների վերածված քաղաքական դաշտը, որի մեծ կտորը, խոստովանենք, այժմ ՀՀԿ-ի ձեռքում է:
Սկսենք ՀԱԿ-ից: Այստեղ քանի գնում-հասկանալի է դառնում, որ ավագանու մանդատները չվերցնելը սխալ համարողներն այնքան էլ քիչ չեն, քանի որ այդպիսի ամբիոնից (քաղաքապետարանի գաղտնիքները հասարակական լսարան փոխադրելու պատեհ առիթից) հրաժարվելը բխում է միայն իշխող քաղաքական ուժի շահերից: Այնպես որ չի բացառվում, որ դատական «ռազբորկաներից» հետո մեկ էլ տեսար կոնգրեսն իր ոչ այնքան երեւացող անդամներով վերցրեց մանդատները... Մյուս կողմից` ՀԱԿ-ը ուզի, թե չուզի` պետք է ընդունի, որ ինքն այսպիսով դուրս է մղվում օրակարգային ընդդիմադիր ուժ լինելու մենաշնորհից եւ չպետք է նեղանա, որ որոշ ժամանակ անց ընդդիմադիր այլ ուժ վերցնի դոմինանտի դրոշը, սակայն դա հազիվ թե շատ շուտ լինի, իսկ առայժմ «զաստոյ» է, եւ անգամ այսօրվա հանրահավաքին այնքան քիչ մարդ կգա, որ այլեւս անիմաստ կլինի մի երկար ժամանակ հանրահավաք հրավիրելը:
«Ժառանգության» եւ ՀՅԴ-ի առումով եւս հարցականներ կան` երկուսն էլ դեռ երկար գործուն քայլեր չեն անելու` հռչակագրային հայտարարություններից զատ եւ միմյանց մարտավարությունն ուսումնասիրելով, համենայն դեպս` մինչեւ աշուն հաստատ, բացի այդ` կողմերից ամեն մեկին թվում է, թե առաջին քայլը դիմացինը պետք է անի, ամեն մեկն այստեղ իր ճշմարտությունն է առաջ մղելու:
«Բարգավաճի» առումով մի փոքր մութ բան կա: Այս ուժն, այնուամենայնիվ, իր մեջ չպարպված լիցքեր ունի, մանավանդ` շարքային բազում ակտիվիստներ, որոնք ֆինանսապեսՙ չգիտեմ, բայց բարոյապես չվարձատրված մնացին, մանավանդ որ նրանց ներշնչել էին մի բան, բայց ստացվեց բոլորովին այլ բան, իրենց հուսախաբված են զգում: Այս իմաստով` ԲՀԿ-ն միշտ էլ անակնկալ մատուցելու ռեսուրս ունի իր մեջ` նայած հանգամանքներին եւ իրավիճակին:
ՕԵԿ-ը, որ այս պահին մարում է, դեռ կարող է երկրորդ շնչառություն ստանալ, բայց դա կախված է նրա նոր, երիցս կերպափոխումից, այն եւս վերջնական եւ անդառնալի, կախված է երկրի ղեկավարության բարեհաճությունից, կամ էլ կարող է աշխատել տրված պաշտոնների ծիրում արդարացնելու իրեն եւ միայն այդքան, սակայն այս պահին անհայտ է, թե դեռ ՕԵԿ-ում ինչպես են փորձելու իրենց հետագա գործելակերպը կառուցել, այնտեղ դեռ վերլուծում են կատարվածը:
Իսկ ահա իշխանական միակ «անկասելին»` ՀՀԿ-ն իր ներսում եւս փոփոխությունների եւ նորոգման խնդիր ունի, քանի այս ուժն առանձնապես հայտնի պահեստայիններով չի փայլել, դրան գումարած` ինտելեկտուալների պակաս է երեւում գոնե խմբակցության մակարդակով, քանի որ մեծ թվակազմ ունեցող խմբակցությունում չխոսող պատգամավորների առատությունն այդ է ցուցանում: Կարծում ենք, որ երկրի նախագահն ու ՀՀԿ-ի փաստացի ղեկավարը այժմ բավական ժամանակ ստացավ` կարգի բերելու իրեն սատարող այս ուժին կամ էլ զուգահեռ այլ ուժեր առաջ մղելու, ինչպես որ ընդունված է դասական բոլոր տեսակի կանոններից դուրս դրված մեր քաղաքական դաշտի վերջին տարիների փորձով: Այնպես որ` մոտակա ամիսներին ոչ մի նոր բան մեր քաղաքական դաշտում պետք չէ սպասել, բացի համաներման շուրջը ծավալվող իրադարձություններից ու դրան հետադաս զարգացումներից: Բայց սա առանձին անդրադարձի թեմա է` այսօր-վաղվա հայացքի կարոտ: