«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


ԳՆԵՐԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ. ԳՐԵԹԵ... ԶԱՎԵՇՏԱԼԻ

Հայաստանցիներիս մեջ արմատավորված կարծիք կա, թե ԱՄՆ-ի գյուղարտադրանքը բանի պետք չէ, այն ինչ-ինչ արհեստական միջոցներով աճեցված սնունդ է: Իմա` դրանով է պայմանավորված նաեւ ամերիկացիների չափից դուրս գիրությունը:

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսների 5 շաբաթներին Լոս Անջելեսում անցկացրածս շրջանում ես այդ կարծիքի քիչ թե շատ հավաստիության նշմարելի ապացույցների չհանդիպեցի: Անգամ 1970-ականներին ԱՄՆ մեկնած ուսանողական ընկերներս, ովքեր պետք է որ արդեն ամերիկացած լինեին, 70-ամյա հասակում էլ ձիգ էին ինչպես 30-ամյա տարիքում: Վստահեցնում եմ, որ նրանք այդ 4 տասնամյակների յուրաքանչյուր օրը սնվել են իրենց մոտակա առեւտրի օբյեկտներում վաճառվող մսով ու մսամթերքներով, կաթով ու կաթնամթերքներով, բանջարեղենով ու մրգերով: ԱՄՆ-ում հայտնված մեր հայրենակիցների կենցաղի գովք է ստացվում, սակայն փաստ է, որ նրանց խոհանոցի պարտադիր բաղկացուցիչ մաս են կազմում խորովածի ու լանգետի, ստեյկի ու համբուրգերի պատրաստման սարքերը: Գեր ամերիկացիների անշուշտ կարելի է հանդիպել, ովքեր, այսպես որակենք, մարդ արարածի իր հանդեպ անփույթ գտնվող տեսակն է, որի ներկայացուցիչներին մենք շատ ավելի հաճախ ենք հանդիպում աղքատ համարվող հայաստանյան իրականությունում: ԱՄՆ-ում օրգանիկ պիտակներով սննդի էլ կարելի է հանդիպել, որոնք վաճառվում են հազվադեպ հանդիպող առեւտրի օբյեկտներում, որոնք մի քանի անգամ թանկ արժենալով հանդերձ, շատ էլ չեն գրավում դոլարի պակաս չունեցող հարյուր հազարավոր լոսանջելեսահայերի, ինչու չէ` նաեւ ամերիկացիների ուշադրությունը:

Այսուհանդերձ. ինքներս մեզ հարց տանք, թե որտեղի՞ց է առաջանում ԱՄՆ-ի հարստությունը, երբ միսն ու մսամթերքը, կաթն ու կաթնամթերքը, բանջարեղենն ու մրգերը անսահմանափակ քանակներով հասու են թե՛ 300 տարի այստեղ բնակվող մարդկանց ժառանգներին, թե՛ ընդամենը 2-3 տասնամյակ առաջ երկրում հաստատվածներին: Հայաստանցիներից նրանք, ովքեր այս պահին հիշատակելու են ԱՄՆ-ի քաղաքականության մեջ նավթային գործոնը, հիշեցնեմ, որ գյուղոլորտի խնդիրներում այն գրեթե դեր չունի: Փոխարենը ԱՄՆ-ի հարստության ստեղծման գործընթացում վճռորոշ դեր ունի մի մշակաբույս, որի մասին նրանք գերադասում են անգամ ցածրաձայն չխոսել: Կոնկրետ Հայաստանում ներկայանալով «Վայելիր Ամերիկայի ոգին» գովազդով, որն ընդամենը ծխախոտի մասին է, նրանք այդ մշակաբույսի թե՛ համաշխարհային արտադրության, թե՛ արտահանման 40 տոկոսը մշտապես իրենց մենաշնորհն են դարձրել. խոսքը եգիպտացորենի հատիկի մասին է, մեզանում հանրահայտ կուկուռուզի: Տեսեք. ըստ ԱՄՆ-ում լույս տեսնող «Համաշխարհային թվեր ու փաստեր. 2009 թ.» տեղեկատուի, 2007 թվականին ԱՄՆ-ում այս մշակաբույսի հատիկի արտադրությունը կազմել է 332 մլն տոննա, համաշխարհայինը` 785 մլն տոննա: 2000 թվականի ցուցանիշները հետեւյալներն են. 252 մլն տոննա եւ 592 մլն տոննա: Թե ինչու են ամերիկացիները նման աճ ապահովում, պարզվում է այլ երկրներում ընթացող զարգացումներին մասնակիորեն ծանոթանալու արդյունքում: Եգիպտացորենի հատիկի արտադրությամբ 2-րդը համարվող Չինաստանում 2000 թ. արտադրվել է 106 մլն տ, 2007-ին` 152 մլն տ, 3-րդ տեղում գտնվող Բրազիլիայում համապատասխանաբար 32 մլն տ եւ 52 մլն տ: Հայաստանցիներս ամեն օր ենք նկատում այս զարգացումների արդյունքները. հիշյալ երկրները մեր առեւտրի, սպասարկումների ու վերամշակման հաստատությունները ուղղակի հեղեղել են իրենց տավարի, խոզի ու թռչնի մսի տեսականիներով, որոնք ՀՀ հասցվելով հազարավոր կիլոմետրեր հեռավորություններից, շատ ավելի մատչելի գներով են վաճառվում, քան մեր մի բուռ երկրում արտադրվողները: Ըստ Չինաստան այցելած մի ծանոթիս, այստեղ մսի 1 կգ-ը վաճառվում է 6-7 յուանով, երբ 8 յուանը 1 դոլար է: Գներն արտակարգ ցածր են նաեւ Բրազիլիայում: Ինչո՞ւ է հայաստանցի գնորդը վայ մեզ վիճակում հայտնվում:

Ինչո՞ւ, պարոնայք ՀՀ տնտեսության պատասխանատուներ: Շաբաթ չի լինի, որ հիշատակված երկրներ ազդեցիկ պաշտոնյաներից կազմված պատվիրակություններ չուղարկեք կամ նրանց ներկայացուցիչներին չընդունեք: Ինչո՞ւ չեք այցելած երկրներում, ասենք` ԱՄՆ-ի պարագայում հարցնում, թե ինչի՞ց է, որ իրենց տավարի փափուկ գերազանց որակի մսի 1 կգ-ը կարելի է գնել 3,2-3,4 դոլարով, որը համարժեք է 1200-1400 դրամի, երբ մեր տեղականը զգալիորեն թանկ է: Թռչնի մսի 1 կգ-ի արժեքը սկսվում է 1 դոլարից, երբ մեր տեղականը 3,5 դոլարից ավելի է: Վստահեցնում եմ, որ հատուկ մատչելի խանութների գովազդից չէ, որ բերում եմ այս օրինակը (տես նկարը):

Տրված հարցի պատասխանը բոլորովին էլ բարդ չէ, եթե չասեմՙ պարզագույն է, որը լավագույնս յուրացրել են ոչ միայն արդեն հիշատակված չինացիներն ու բրազիլացիները, այլեւ 100 եւ ավելի բարեկեցիկ ապրող երկրներ: Եգիպտացորենն այն մշակաբույսն է, որի 1 կգ սերմից գրեթե 1 տ հատիկի բերք է ստացվում, որպիսիին մոտ ցուցանիշ արձանագրում են նաեւ Հայաստանում այն մշակող հատուկենտ ֆերմերներ: Այս բույսը պարունակում է ամենաբարձր կերամիավոր, 1,33 կկալ: Այն հիմնականում որպես անասնակեր օգտագործելուց է, որ խոշոր կենդանիների օրը 1000-1200 գրամ քաշաճ է ապահովվում, կթուների` տարեկան 8000-12000 լիտր կաթնատվություն: Նման արդյունքներն էլ հենց պայմանավորում են դրանց գները, որոնք ամերիկացիները երբեւէ էժան չեն որակում, այլ` իրենց մատչելի: Թերեւս հիմնական այս սննդատեսակների գներով են կազմավորվում նաեւ այլ գյուղարտադրանքների գները, որոնցից նկարում պատկերված են թարմ պիտակով ներկայացված սոխն ու խնձորը, առաջինի 4,5 կգ-ը 1 դոլար է, խնձորի 2,3 կգ-ը` 1 դոլար: Հայաստանում կենդանիների օրական 350 գրամ քաշաճ եւ 3000 լիտր կաթնատվություն գյուղոլորտի բարձրաստիճան մասնագետները նախատեսում են 2015 թ., որին իրար հաջորդող ՀՀ կառավարությունները լռելյայն համաձայնվում են:

Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության պատասխանատուները, պաշտոնյաների մի հսկա բանակ, գերադասում են չտեսնելու տալ երկրում ընթացող անցանկալի գործընթացները, հողի հայ մշակի աշխատանքի գերցածր արդյունքները, որը նրան հուսալքության է հասցնում, ստիպում հրաժարվել իրեն անվարձահատույց հատկացված հայրենի հողի չափաբաժնից: Ինչ է թե` նրան հրամցվում է խաղող ու լոլիկ աճեցնելու գաղափարը, որից շատ ավելի օգտվում է դրանք մթերող-վերամշակողը, քան բուն արարողը: Ճշմարտության դեմ չմեղանչելու առումով նշենք, որ 2007-2008 թթ. գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում որոշակի դրական զարգացումներ ծավալվեցին, ՀՀ կառավարությունը եգիպտացորենի աճեցման խթանման նպատակով 100 միլիոնավոր դրամների հատկացումներ իրականացրեց, միջոցառումներ ձեռնարկվեցին համապատասխան տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Սակայն տարօրինակորեն այս գործընթացը կարճ տեւեց, 2008-ի կեսերից շարունակություն չունեցավ: Հերթական ինչուն հնչեցնենք. ո՞ւմ է ձեռնտու ՀՀ 1,2 մլն գյուղական բնակչության աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որը ողջ աշխարհում պետականանպաստ հիմնարար գործընթաց է համարվում, մարդկանց կապում իրենց հողին ու երկրին, խթանում ողջ տնտեսության զարգացումը: Փոխարենը ո՞ւմ է ձեռնտու երկիրը ներկրումների միջոցով պահելը, գները շարունակաբար բարձրացնելը, որը համապետական ողբերգության է վերածվում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 2006-2008 թթ. ՀՀ գյուղնախարարի խորհրդական


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4