«Ասաՙ ինչ ես դիտում, եւ կասեմՙ ով ես դու»: Այս ձեւակերպումը ֆրանս-գերմանական arte հեռուստաալիքինն է. ամեն շաբաթ ակնդիրներին հրամցվող, աշխարհի տարբեր երկրների հեռուստատեսային դաշտի մասին պատմող «Միջազգային ալիքները փոխելիս» հաղորդաշարը հունիսի 6-ին, ժամը 7.30-ին մեզ քնից զրկող մի վերնագիր ուներՙ Հայաստանի հեռուստատեսությունը: Ռեժիսոր Ֆրեդերիկ Տոննոլիի 2007-ին հեղինակած 26 րոպեանոց ֆիլմի կրկնությունը կարելի է դիտել հունիսի 22-ին, եվրոպական ժամանակով 04.30-ին: Բայց մինչ այդ ներկայացնենք ֆրանսիական սուր տեսողությամբ նկարահանվածըՙ մեր կիսարթուն հայացքով:
3 միլիոն բնակչություն ունեցող լեռնային երկիրը կարող է 45 ազգային, շրջանային եւ տեղական ալիքներ որսալ: Այստեղ էլ, ինչպես աշխարհում համարյա ամենուր, կարող եք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Աստղեր» («Հայ սուպերսթար»), առավոտյան «Բարի լույս» ծրագրերը դիտել: Լատինամերիկյան հայերեն հնչյունավորված սերիալների կողքին «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է նաեւ հայկական միակ «Վերվարածներն ընտանիքում» հեռուստանովելը: «Մենք Հայաստանի կյանքն ենք ցույց տալիսՙ հումորով: Մեր սերիալը դիտում են նաեւ երեխաները», ամեն օր երեւանյան բնակարաններից մեկում նկարահանվող իրենց սերիալի մասին է պատմում Հունան Սողոյանը:
Գյուղում աշխարհին նայելու մի պատուհան ունենՙ մի ալիք են դիտում: «Իմ սերիալը բաց չեմ թողնում, տրամադրությունս փոխվում է, երբ էկրանին տեսնում եմՙ ոնց են համբուրվում, ես էլ ինձ երիտասարդ եմ զգում», հայերեն թարգմանված «Մարիաննայի» մասին կարծիք է հայտնում մի գյուղացի:
«Հիմա էլ, ինչպես նախկինում, կենտրոնում միշտ ՀՀ նախագահն է, «Հայլուր» լրատվականի մասին կարծիք է հնչեցնում ֆիլմի հեղինակըՙ ձայն տալով նաեւ հաղորդավար Սոնա Թորոսյանին:
Հետո կադրում մեկ ուրիշ լրագրող է կարծիք հայտնումՙ Արզուման Հարությունյանը:
Հայաստանյան եթերում շատ են երիտասարդները: Կա լուրջ գրաքննություն: Եվ որ ավելի վատ էՙ կա ինքնագրաքննությունՙ լրագրողները չեն կարողանում իրենց ազատություն տալ: «Ազատ լինել ինչի՞ց. սա մեր երկրում ոչ ոք դեռ չի հասկացել: Երբ մեր եթերը կտրեցին, հենց հաջորդ օրը մարդիկ փողոց ելանՙ պահանջելով մեզ վերադարձնել», «Ա1 պլյուսի» մասին ասում է Մելս Մովսիսյանը:
Բայց կա մի ոլորտ, որ զերծ է գրաքննությունից: Եկեղեցին էՙ իր «Շողակաթ» հեռուստատեսությամբ, ուր 60 եկեղեցական է եթեր դուրս գալիս: Ուղիղ հեռախոսակապով կարելի է հարց ուղղել Տաճատ քահանա Դավիթյանին: Վերջինս դժգոհ է. «Սերիալները վատ ազդեցություն են թողնումՙ նայեք մեր աղջիկներին», ասում է քահանան: «Շողակաթի» աղավնիները կապ չունեն փողոցի աղջիկների հագուկապի հետՙ շղթայից խաչի փոխարեն դոլարի նշանն է կախված:
Ցեղասպանություն, երկրաշարժ... սեպտեմբերի 21-ին անկախություն ստացած երկրի ավերված տնտեսությանն ավելացել է նաեւ տնտեսական էմբարգոն:
«Խաչմերուկ» ծրագրում Սուրենը ավտոմեքենաների վաճառքով է զբաղվում: Եկամտաբե՞ր է աղքատության շեմը չհաղթահարած երկրի համար:
Իհարկեՙ օլիգարխները լավ մեքենաներ են քշում, նրանց մեծաքանակ թիկնազորըՙ նույնպես, բացատրում է հեռուստահաղորդման հեղինակը:
Հարավային Կովկասի գյուղերում մարդիկ հյուրասեր են: Հայաստանյան այս գյուղում էլ կանայք լավաշ են թխում, տղամարդիկ իրենց ամենալավ մսացունՙ խոզն են մորթում: «Բայց ժամը 18-ին զբաղված եմ, իմ սերիալն է սկսվում, հետո կգամ, կշարունակեմ», ասում է Սամվելը: Նրան ոչ ոք չի կարող խանգարել: «Կինը նստի հեռուստացույց նայի, տղամարդը նրան ծառայի՞. հայկական ընտանիքներում չկա նման բան», բացատրում է Սամվելը: Իսկ սերիալից հետո սկսվում է ավանդական հյուրասիրությունը:
Կանայք էլ իրենց սիրելի հաղորդումն ունենՙ «Բարի լույս, Հայաստան»-ը, որ Հ2-ով Նարինե Թուխիկյանն է վարում:
Հայաստանում երաժշտության պակաս չկա. 200 թեկնածու է կանգնած հայ երգը ներկայացնելու համար, «Շանթի» «Ժողովրդական երգիչ» նախագծի մասին է պատմում Սեդրակ Դավթյանը:
Ամուսնուն ղարաբաղյան պատերազմում կորցրած Մարգարիտը, սակայն, իր երեկոն հագեցնում է «Հայ սուպերսթարով»: «Մեր երեխաները շատ տխուր մեծացան, մութ, ցուրտ տեսան, հասկանում եմ, որ նրանք արեւմտյան երաժշտության ուրախ հնչյուններն են նախընտրում», իր դիտած հաղորդմանն է անդրադառնում Մարգարիտը:
Հայ երիտասարդությունը ավանդականի եւ մոդեռնի միջեւ է, եւ նրանց հայացքը սարերից ու սահմաններից հեռու է սլանում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա