Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», շուրջ 900 օտարերկրացի ուսանող սովորում է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում, որին հաջորդում ենՙ Երեւանի պետական համալսարանը` 350, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` 200-ից ավելի: Օտարերկրյա ուսանողներ կան նաեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական, ինչպես նաեւ Տնտեսագիտական համալսարաններում: Սովորելու նպատակով Հայաստան են գալիս հիմնականում Իրանից` 1400, Հնդկաստանից` 500 մարդ: Կան ուսանողներ նաեւ Եգիպտոսից, Չինաստանից, Վրաստանից, Իրաքից, ինչպես նաեւ Մեքսիկայից: Նրանք նախընտրում են բժշկական, տեխնիկական գիտությունները, ինչպես նաեւ օտար լեզուները: Հայաստանում քիչ չեն ասպիրանտական կրթություն ստացող այլ երկրների քաղաքացիները: Իրանից ավելի քան 100 հոգի է դիմել կրթության եւ գիտության նախարարություն ասպիրանտական կրթություն ստանալու համար: