Ալ. Իսկանդարյանըՙ Դավութօղլուի հայտարարության մասին
Մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում սառը պատերազմն ավարտվել է եւ Անկարայում սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին, «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի ընդունում տեսակետը, թե այս հայտարարությունից պետք է եզրակացնել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխություններ են կատարվել: Իսկանդարյանը նշում է, որ Թուրքիան բոլոր հարեւանների հետ խնդիրներ ունի. «Նրանք գիտակցում են, որ եկել է ժամանակը հարաբերություններում թարմություն մտցնելու եւ դրանք բարելավելու: Թուրքական քաղաքական վերնախավում գիտակցում են, որ այդ հարաբերությունները չեն լինի, եթե Հայաստանի հետ դրացիական հարաբերություններ չստեղծվեն: Հետեւաբար նրանց համար դա գերխնդիր է»:
Իսկանդարյանը երկու իրարամերժ կարծիքներ հնչեցնելը (հիշեցնենքՙ Բաքվում թուրք պաշտոնյան հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանին կաջակցի Ղարաբաղի հարցում) մեկնաբանում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը Թուրքիայի համար չափազանց կարեւոր երկիր է եւ նրա դաշնակից հարեւանը. հետեւաբար Թուրքիան չի ցանկանում հավատարիմ դաշնակից կորցնել:
«Բացի այդ, Թուրքիայի կառավարական մարմիններում, ազդեցիկ կուսակցություններում, սոցիալական խմբերում եւ անգամ հասարակության մեջ կան հազարավորները, ովքեր չեն ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների լավացում: Կան տասնյակ հազարավոր թուրքեր, որ ադրբեջանական ծագում ունեն, հետեւաբար թուրքական կառավարությունը, կոպիտ ասած, ե՛ւ նալին է խփում, ե՛ւ մեխին, որ չնեղացնի Ադրբեջանին: Թուրքիայի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ չկան, այդ հայտարարությունն էլ թուրքական ծրագրի մի մասն է», ասաց Իսկանդարյանը:
Հ. Հ.