Հ. ՉԱՔՐՅԱՆ
Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ադրբեջանցի պաշտոնակցին: Նրանց նախորդ հանդիպումը մայիսի 7-ին տեղի էր ունեցել Պրահայում: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսությանը, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում ոչ կառուցողական դիրքորոշում որդեգրելու մեջ Հայաստանին Պրահայի հանդիպումից հետո մեղադրել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ Սանկտ Պետերբուրգին մեղադրեց փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որին հունիսի 10-ին անդրադարձավ թուրքական հանրային հեռուստատեսությունը:
Հունիսի 11-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պատեի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանեց Մամեդյարովի եւ Ազիմովի սանձարձակ մեղադրանքներին: Նա վերջինների հայտարարությունը պայմանավորեց Ադրբեջանի քաղաքական վերնախավում տարաձայնությունների առկայությամբ, մատնանշեց, որ նախագահ Ալիեւի մերձակա շրջապատում արվող հայտարարություններն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե «աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում»:
Թեեւ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց այդ հայտարարություններին ուշադրություն չդարձնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային ուժերի խորհրդի մասին, բայց եւ այնպես ընդգծեց, որ դրանք եթե միտում չեն, այլ օրինաչափություն են, ապա Ադրբեջանն այս բանակցությունները վարում է ուրիշ նպատակներով եւ ոչ թե արդյունքի հասնելու համար: Մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ նաեւ թուրք պաշտոնակցի «Հայաստանի հետ հարաբերությունները շուտափույթ կարգավորելու թուրքական կողմի ցանկության» մասին հայտարարությանը եւ ասաց. «Այսպիսի հայտարարությունները ողջունելի են, բայց էմոցիոնալը ռացիոնալից տարբերակելու համար պետք է նայենք, թե ո՞ւմ է ուղղված այդ հայտարարությունըՙ Թուրքիայի հանրությա՞նը, Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, Վաշինգտոնի՞ն, թե՞ Բրյուսելին: Թուրքական կողմի հայտարարությունները մինչեւ Դավութօղլուի վերջին ելույթը, բոլորովին այլ բնույթ էին կրում»:
Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին էլ հունիսի 11-ին արձագանքեցին CNN-Turk-ն ու թուրքական հանրային հեռուստատեսությունն այն տարբերությամբ, որ առաջինը նույն օրը կայքէջում տեղադրել էր նյութը, իսկ երկրորդըՙ ոչ, նկատի առնելով, ըստ երեւույթին, դրանց աննպատակահարմարությունը Թուրքիայի տեսանկյունից: CNN-Turk-ը նշում է, որ Պրահայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների առնչությամբ հայկական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման մասին Բաքվի արած հայտարարությունները «զարմանքով» է դիմավորել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա հիշեցնում է Ադրբեջանի նախագահի ապարատի միջազգային հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովի խոսքերը, թե երկու երկրների նախագահների վերջին երկու հանդիպումներում որեւէ առաջընթաց չի արձանագրվել, այսպես շարունակվելու դեպքում ադրբեջանական կողմը կվերանայի իր դիրքորոշումը:
CNN-Turk-ն անդրադառնում է նաեւ Էդվարդ Նալբանդյանի Դավութօղլուին տված պատասխանին, ընդգծելով նրա խոսքերը. «Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի նորմալացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն, իհարկե, դրական է, եթե այս տեսանկյունից գնահատվի»: Ի դեպ, ՀՀ արտգործնախարարի պատասխանները ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմի հայտարարություններին ե՛ւ CNN-Turk-ում, ե՛ւ թուրքական հանրային հեռուստատեսությունում ներկայացվում են առանց շեղումների, թարգմանություններն արվել են ճշգրիտ, միանգամայն բնօրինակին համապատասխան: Այս ճշտապահությունը թերեւս պետք է պայմանավորել Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերում հայկական կողմի հաստատակամությամբ, ինչպես նաեւ խեղաթյուրումներին ժամանակին արձագանքելու ՀՀ արտգործնախարարի վճռականությամբ: