«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2009-06-11 | #108, 2009-06-12 | #109, 2009-06-13


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» ԿԱՎԵԼԱՑՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ

«Հայէկոնոմբանկի» տարեկան ժողովը երեկ բացեց բանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը եւ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար խոսքը փոխանցեց բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանին: Բանկի վարչության նախագահը ներկայացրեց անցած տարվա ընթացքում արձանագրած ցուցանիշները, որոնք չնայած ճգնաժանին, աճ են արձանագրել: Խոսքն ընդհանուր կապիտալի, եկամուտի, հաճախորդների թվի, շահույթի, ներգրաված ավանդների, դեպոզիտների եւ մյուս ցուցանիշների մասին է: Նշվեց, որ կապված ճգնաժամի հետՙ վարկերի տրամադրման հարցում վարվել է փոքր-ինչ զսպողական քաղաքականություն, որից վարկային պորտֆելը որոշակիորեն նվազել է: Բանկը ապահովել է բարձրՙ 60 տոկոս իրացվելիություն, բայց նախատեսում է մինչեւ տարեվերջ վարկային պորտֆելն ավելացնել եւ հասցնել 28-30 մլրդ դրամի: Դավիթ Սուքիասյանն ընդգծեց, որ բանկի ղեկավարությունը ճգնաժամի ժամանակ խուճապի չմատնվեց եւ հավաստիացրեց, որ դժվարությունները հաղթահարվել են ու մնացել հետեւում:

ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը նույնպես փաստեց, որ ճգնաժամի պայմաններում բանկը զարգացում ապրեց եւ չունեցավ համակարգային խնդիրներ:

Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Էմիլ Սողոմոնյանը «Հայէկոնոբանկը» համարեց Հայաստանի համակարգաստեղծ բանկերից մեկը, որը կարեւոր դեր է ունեցել երկրի տնտեսության զարգացման մեջ ու որը առաջինը դարձավ բաց բաժնետիրական ընկերություն:

Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչ Վալերիու Ռազլոգը ներկաներին հիշեցրեց, որ «Հայէկոնոմբանկը» առաջին հայկական բանկն է, որ սկսել է համագործակցել ՎԶԵԲ-ի հետ եւ առաջինն է, որի բաժնետեր է դարձել ՎԶԵԲ-ը: Այնուհետեւ Եվրոբանկի ներկայացուցիչը հայտնեց, որ այս տարի իր ներկայացրած բանկը ծրագրում է 7 մլրդ եվրո ներդնել 29 երկրներում, այդ թվում` 80-90 մլն եվրոՙ Հայաստանի բանկերում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4