Ֆրանսիայում Ժիլբեր Սինուեի «Երեւան» վեպի լույսընծայմանը «Ազգը» արդեն անդրադարձել է: Փարիզում հեղինակը իր գիրքը ներկայացրել է ԺԱՖ-ի եւ Ֆրանսահայոց մշակութային միության կազմակերպած զեկուցում-բանավեճի առիթով: Զեկուցող Սեդա Ազատիկյանը ներկայացրել է հեղինակի անցած ստեղծագործական անսովոր ուղին եւ ապա հարցեր ուղղել նրան: Ներկաներից շատերն արդեն կարդացել էին վեպը (որը 20-րդ դարասկզբի իրադարձությունների մասին է), այնպես որ մտքերի աշխույժ փոխանակություն է ծավալվել, գրում է Փարիզի «Աշխարհ» թերթը:
Ժիլբեր Սինուեն իր ելույթում մասնավորապես ասել է, որ 20-րդ դարասկզբի իրադարձությունները վեպի սյուժե դարձնելով` ինքը նպատակ է ունեցել այդ ձեւով միլիոնավոր անտեղյակ ֆրանսիացիների ծանոթացնել այդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի կրած փորձություններին:
Սինուեն քաջատեղյակ է Մերձավոր Արեւելքի հին ու նոր հիմնահարցերին ու մի շարք այլ պատմավեպերի հեղինակ է:
Պ. Ք.