Հայության առատաձեռնությունը երբեմն դրսեւորվում է ի վնաս հայոց կենցաղավարության կամ ի նպաստ այդ ոլորտին առնչվող ավանդույթների մոռացության: Ու այդ երբեմնն էլ դրսեւորվել է դարերով եւ դարձել պատճառ այն փաստի, որ հայկական տոնական ուտեստների անվանումից մինչեւ պատրաստման եղանակ ու բաղադրություն վերածվել են արխիվային նյութերի: Բարեբախտաբար դրանց կենդանություն տալու գաղափարն այնքան է հուզել ԵՊՀ ազգագրության ֆակուլտետի երեք ուսանողների, որ գտել են հովանավորներ ու կազմակերպել համտես-ցուցադրություն:
Այն տեղի է ունեցել երեկ «Արարատ հոլլ» ռեստորանում: Երեւանի տարբեր ռեստորաններ եկեղեցական 13 տոների առիթով պատրաստվող հայկական տոնական 63 ճաշատեսակ են ներկայացրել մասնակիցներին: Միայն հայտնի տոլմայի տեսակները բավական քանակ են կազմել հայկական խոհանոցում, սակայն բացի տարածված ճաշատեսակներից խորովածից, խաշլամայից, հարիսայից, չրերով փլավից խոհարարները մատուցել են նաեւ նազուկ, մայրամապուր, մախոխապուր, խոշաբ, թոչեա-ամիչ, կուտապ, տապլա, հալվա եւ այլն:
Մինչդեռ ամեն հարմար առիթով լսում ենք հայկական խոհանոցի աղքատիկության մասին, ինչը անգամ որպես ենթադրություն լիովին հերքվեց ցուցահանդես համտեսում: Կազմակերպիչները նաեւ նշել են, որ հայկական խոհանոցի իմացությունն ու օգտագործումը կենցաղում նաեւ առողջության երաշխիք են, քանի որ մեր նախնիներն ապրել են անհամեմատ ավելի սերտ կապ ունենալով բնության հետ ու բնության շնորհները ոչ միայն որպես մթերք ներառել են խոհանոցում ու սննդակարգում, այլեւ որպես մարդու առողջությունը կարեւորող կենցաղավարության մշակույթ:
Հենց դա էլ եթե ոչ վերականգնելու, ապա գոնե ներկայացնելու նպատակով հայկական խոհանոցի ուտեստների համտես-ցուցադրության կազմակերպումը ստանձնել է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության եւ «Արարատ հոլլ» ռեստորանի աջակցությամբ:
Ն. Պ.