Օտար լեզուների միասնական քննությունների ընթացքին հետեւելու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եղավ Վանաձորի թիվ 5 եւ 6 դպրոցներում: Չնայած նախօրոք ծրագրված էր մեկնել Արմավիր, սակայն արձագանքելով այս կենտրոններից ստացված կազմակերպչական խնդիրների վերաբերյալ մամուլի հրապարակումներին, նախարարը որոշել էր անձամբ լինել տեղում եւ ծանոթանալ իրավիճակին: Քննությունները մեկնարկել էին ճիշտ ժամանակին, սահմանված կարգով: Տեղադրված էին բոլոր քննական սենյակները ներկայացնող հեռուստաէկրաններ: Ա. Աշոտյանը համոզվեց, որ բոլոր քննակենտրոններում իրավիճակը հավասարապես վերահսկվում է, եւ իրականությանը չեն համապատասխանում մամուլում ներկայացված պնդումները, թե թիվ 5 դպրոցում «հատուկ ընտրյալների քննասենյակ» կա: Անգլերենից միասնական քննություն հանձնելու համար նախապես հայտագրվել է 8220, գերմաներենից` 534, ֆրանսերենից` 443, իսպաներենից` 18, իտալերենից` 10, պարսկերենից` 2 դիմորդ, հաղորդում է «Արմենպրեսը»: