«Ուղղակիորեն Ադրբեջանն ու Թուրքիան, ներքին պայմանավորվածությամբ, մեզ ներքաշել են մի այնպիսի խաղի մեջ, որ իբր թե Ադրբեջանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները վատն են եւ այդ փոխհարաբերությունների ծիրի մեջ, ինչպես կասեին, փորձել են առանձնացնել Արցախի եւ հայ-թուրքական սահմանի բացման հիմնախնդիրները: Ես դեռ կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր մի մարդ կա Ադրբեջանում, որը չի երեւում, բայց ռեալ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ գիտեն` Ռամիլ Մեհթիեւը, որը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն է, ներքին կարգով բոլոր տեղի ակիմներին, մեր բառերով ասած` տեղի գուբերնատորներին, մարզպետներին, հրահանգել է, որ Թուրքիայի նկատմամբ պետք է վատ վերաբերմունք ցուցաբերվի», երեկ «Դե ֆակտո» ակումբում կարծիք հայտնեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ` խոսելով հայ-թուրքական հարաբերության հարցում Հայաստանի իշխանության քաղաքականության մասին: Վերջինիս խոսքերով` այդ խաղի հետեւում կանգնած են ԱՄՆ-ը եւ Իսրայելը:
Հայ ազգային կոնգրեսի ուրբաթ օրվա հանրահավաքում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը հայտարարել էր, թե ընդդիմության հաղթանակի համար հարկավոր է ժողովրդական նոր, խաղաղ ալիք, որի անունը կարելի է դնել անգամ հեղափոխություն:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞րն է ՆԺԿ առաջնորդի պատկերացմամբ Հայաստանում խաղաղ հեղափոխություն կատարելու միջոցը, Արամ Կարապետյանը նշեց. «Խաղաղ ճանապարհը այն է, երբ երեւում է, որ ժողովուրդը անկոտրում կանգնած է եւ սկսում է բավականաչափ լուրջ փլուզվել բուրգը: Դա կիրառվել է Սերբիայում, դա կիրառվել է Ուկրաինայումՙ մի քիչ այլ ձեւով, դա հիմա կիրառվում է Վրաստանումՙ բավականաչափ էֆեկտիվ»:
Ըստ Արամ Կարապետյանի, հանրահավաքի ժամանակ իր ելույթի հիմնական շեշտը երկուսն էր: «Առաջինը, ընտրություններից հետո իշխանությունն իրեն զգում է բավականաչափ ազատ: Եթե նկատել եք, 5:2 պարտվելու պարագայում Սերժ Սարգսյանը, Հայաստան-Թուրքիա երիտասարդական ֆուտբոլային խաղի ժամանակ ում հետ էր գտնվում, ինչպես էին այդ մարդիկ հագնված, պահում իրենց: Ուղղակիորեն կան քայլեր, որ հասարակության նկատմամբ ոնց որ թե իշխանությունը գրգռելու միտում ունենա: Բոլորը գիտեն, որ օլիգարխների մի մասը մասնակցել են ընտրակեղծիքների, կատարել են լուրջ գործողություններ ընտրական գործընթացների դեմ, այդ մարդիկ ուղղակիորեն բոլոր տեղերում նախագահի հետ երեւում են, հարսանիքներին իրար հետ պարում են, տժժացնում են, եւ այդ ամենը ցույց է տալիս, որ իշխանությունն ընդհանրապես թքած ունի հասարակության կարծիքի վրա», ասում է Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով, իշխանությունը համարում է, թե քանի որ ՀԱԿ-ին «ջարդել» են, ապա իրենք կարող են թե՛ ներսում, թե՛ դրսում իրենց զգալ ազատ. «Այնինչ ես կարծում եմ, որ ընդդիմությունը հիմա ուղղակիորեն վերադասավորման խնդիր ունի, այդ ամենից դասեր քաղելու խնդիր ունի: Եվ եթե հիշում եք, հաճախ են ասել, որ ընդդիմությունը կոտրված է, ժողովուրդը հիասթափված է: Հիշեցնում եմ ձեզ, 2003 թվականի ընտրություններից հետո էր այդպես, 2004-ի ապրիլյան ծեծուջարդից հետո էր այդպես»:
Արամ Կարապետյանին լրագրողները խնդրեցին կարծիք հայտնել ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ համագործակցության առաջարկի մասին, որ արել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դա ճիշտ է հարցնել հենց առաջարկողներին: Բայց ես մի բան գիտեմ, որ աշխարհում չի կարող լինել մտացածին միություն: Դա կարող է լինել PR, դա կարող է լինել վիրտուալ պրոյեկտ: Դաշնակցություն-ՀԱԿ, ազգային խնդիրների հետ կապված իրար հետ համագործակցություն, դառնալով դաշինքային միություն, մի քիչ ես վատ եմ դա պատկերացնում: Ես կարծում եմ` հայ քաղաքական դաշտում կան արմատական ընդդիմադիրներ եւ կան ընդդիմադիրներ ըստ կյանքի: Այսինքն, կյանքը ստիպում է` ընդդիմադիր են, կյանքը ստիպում է` դառնում են իշխանություն, եւ այսպես շարունակ: Կան ընդդիմադիրներ, որոնց համար ընդդիմադիր կեցվածքը բիզնես է: Այսինքն, ասում են մենք ընդդիմադիր կլինենք, կխոսենք այնքան, մինչեւ փողը կտաք եւ չենք խոսի», ասում է Արամ Կարապետյանը, նշելով, թե կյանքի բերումով ընդդիմադիր են «Օրինաց երկիրը», Դաշնակցությունը, իսկ բիզնես ընդդիմություն են, օրինակ, Դավիթ Հակոբյանն ու Արտաշես Գեղամյանը:
ՆԺԿ նախագահը հայտարարեց, որ փաստահավաք խումբը փակելով եւ համաներում նախապատրաստելով, իշխանությունը ցանկանում է փակել մարտի 1-ի էջը: Արամ Կարապետյանի խոսքով, համաներումն էլ լավ քայլ է, սակայն վատ է, որ նախագահը դա քաղաքական նպատակներից ելնելով փորձում է ներկայացնել իբրեւ հասարակության պահանջ:
Ն. Մ.