«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2009-06-16 | #111, 2009-06-17 | #112, 2009-06-18


ԱՅՍՊԵ՞Ս ԵՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ-ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԵՐԸ

Բաց նամակ ՀՀ նախագահին, սփյուռքի նախարարին, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (եւ ոչ միայն նրանց)

Ծրագրած լինելով մոտակա ժամանակներս այցելել Բեյրութ եւ մորս տեղափոխել Երեւան` հայրենիքում ինձ հետ մշտական բնակության, օրերս զանգահարեցի «Արմավիայի» տեղեկատուի հեռախոսահամարով` իմանալու Երեւան-Բեյրութ-Երեւան երթուդարձի սովորական տոմսի արժեքը: Մի պահ չհավատացի ականջներիս` 189 հազար դրամ (դեռ մի քանի հարյուր դրամ էլ ավելի): Հարկ եղավ հարց տալ աշխատակցուհուն, թե գուցե չի՞ սխալվել: Նա կրկնեց նույն թիվը: Իսկ իմ վրդովմունքին սառնասրտորեն պատասխանեց, թե հավելումը պայմանավորված է օդի տուրքը (10 հազար դրամ) ավիատոմսի արժեքում ընդգրկելով, եւ չուզենալով շարունակել «ռազբիրատը»` փակեց հեռախոսը...

Մի քանի օր առաջ եղա ՀՀ-ում Լիբանանի դեսպանատանը: Վերջինիս աշխատակից Հովիկ Էորդեքյանն ինձ «ավետեց», թե Երեւան-Բեյրութ-Երեւան տոմսի արժեքը կրել է եւս նոր հավելում եւ արդեն գերազանցում է 200 հազար դրամի սահմանագիծը:

Ըստ երեւույթին, «Արմավիայի» պատասխանատուները հույժ ոգեւորվել են Լիբանանի խորհրդարանի ընտրությունների առթիվ կազմակերպված Երեւան-Բեյրութ-Երեւան հավելյալ չվերթից եւ կարծում են, թե Լիբանանում ամեն շաբաթ կամ ամիս խորհրդարանական ընտրություններ են լինելու, որոնք ուղեկցվելու են բյուրավոր լիբանանցիների Բեյրութ տեղափոխումով եւ բազմամիլիարդ դոլար գումարների շրջանառությամբ:

Ի՞նչ որակում տալ այս, մեղմագույն արտահայտությամբ, կողոպուտին: Այսպե՞ս են խրախուսում զբոսաշրջությունն ու հայրենիք-սփյուռք կապերը, այն էլ` այս ամիսներին, երբ արտաշխարհում եւ ՀՀ-ում մոլեգնում է տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, իսկ սփյուռքի նախարարը ոգի ի բռին աշխատում է էական հեղաշրջում մտցնել Հայաստան-սփյուռք հարաբերություններում:

Որեւէ մեկը կարող է 200 հազար դրամին համարժեք տարադրամով Բեյրութ-Փարիզ-Բեյրութ երթուդարձ կատարել, այն էլ այս` ավիափոխադրումների բարձր սեզոն համարվող ամառային ամիսներին, իսկ այդ տարածությունը շուրջ եռապատիկն է Երեւան-Բեյրութ-Երեւան գումարային չվերթի: Ինչո՞ւ հեռու գնանք, հենց Երեւանում եւ հենց նույն «Արմավիան» իրականացնում է թռիչքներ դեպի Անթալիա, Հալեպ, Դոնի Ռոստով, որոնց հեռավորությունը շատ մոտ է Երեւանից Բեյրութ հեռավորությանը, իսկ դրանք արժեն 110-130 հազար դրամ: Կարելի՞ է ընդամենը 5-10 րոպե ավելի տեւող թռիչքների համար պահանջել նվազագույնը 80 հազար դրամ (ավելի քան 200 ԱՄՆ դոլար) հավելյալ գումար...

Խորապես վրդովված եմ ինձ ու նմաններին «հարիֆի» (խուսափում եմ Աստվածորդուն տեղափոխած բարի կենդանու անունը տալուց` նրա անունը չառնչելու համար ազգային միակ ավիափոխադրողի հետ) տեղ դնելու այս վերաբերմունքից: Հերիք չէր, որ Բեյրութի հետ օդանավային կապի այս միակ ավիաընկերությունը անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ այս տարվա ապրիլի 3-ը զրկեց Բեյրութի հետ կապից, հիմա էլ հանդես է գալիս մեկ այլ դատապարտելի սանձարձակությամբ` գների աներեւակայելի բարձրացումով:

Մեղադրում ենք թուրքերին ու նրանց արեւելյան ցեղակիցներին` ՀՀ-ի շրջափակման համար, բայց «Արմավիայի» արածը եթե շրջափակում չէ, հապա ի՞նչ է...

Հայտնենք, որ լիբանանահայ զբոսաշրջային մի քանի ընկերություններ (օրինակ` «Աշճյան թուրզը») որոշել են Բեյրութ-Երեւան թռիչքների փոխարեն օգտվել Հալեպ-Երեւան թռիչքներից` այցելուներին ապահովելով Բեյրութ-Հալեպ երթուդարձը հարմարավետ ավտոբուսներով, քանի որ այդ դեպքում իսկ գների տարբերությունը գերազանցում է 150 ԱՄՆ դոլարը: Իհարկե, այդ ընկերությունները հիմնականում օգտվելու են «Արմավիային» մրցակից «Սիրիական ավիաուղիներից»: Բեյրութից իմ ստացած հավաստի տեղեկություններով, «Արմավիայի» տոմսերի աներեւակայելի թանկացման պայմաններում, լիբանանյան ուրիշ ընկերություններ էլ ընդհանրապես վերանայում են Երեւան այցեր կազմակերպելու իրենց ծրագրերը, ոմանք նույնիսկ սկսել են ՀՀ այցելելու ցանկություն հայտնած իրենց հաճախորդներին առաջարկել հանգստանալ... Թուրքիայում` համարյա կրկնակի էժան գներով, ներառյալ հյուրանոցային ծառայությունները:

Կասկածում եմ, թե սույն հրապարակումը մի բան կբարեփոխի ներկա իրավիճակում (տակավին չեմ խելագարվել): Ստիպված եմ կա՛մ առհասարակ հրաժարվել Լիբանան գնալու եւ մորս հայրենիք տեղափոխելու մտքից, կա՛մ էլ օգտվելու եմ նորմալ ծառայություն մատուցող այլընտրանքային` «Սիրիական ավիաուղիներից»` 82-ամյա մորս հավելյալ տանջանքների ենթարկելով, որպեսզի հովանան «Արմավիայի» պատասխանատուների քարացած ու չարացած սրտերը:

Պարոնայք Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, տիկ. Հրանուշ Հակոբյանը եւ մյուս մեծ ու փոքր տրամաչափի պետական ծառայողները ինչքան էլ կարգախոսներ բարբառեն «համաշխարհային հայության», «հայության համաշխարհային ներուժը համախմբելու» եւ այլնի մասին, բավարար է մի «Արմավիա», որ քարուքանդ անի նրանց խոսքերն էլ, մշակած հայեցակարգերն էլ` դրանք վերածելով փքվելուց... տրաքվող փուչիկների:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4