Իրանի հյուսիսում հզորանում են պանթյուրքիստական տրամադրությունները
Իրանում այսօր տեղի կունենա մեծ նամազը, որ կառաջնորդի Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին: Իրանի իշխանությունները հույս ունեն, որ հոգեւոր առաջնորդի կոչով ընդդիմությունը կդադարեցնի ցույցերը կամ կգա որեւէ ընդհանուր հայտարարի: Այսպիսին է հարեւան Իրանում ներկա վիճակի ներկայացումը ըստ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գառնիկ Ասատրյանի, որը երեկ հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում:
Իրանի նորագույն պատմության 10-րդ ընտրություններին չորս թեկնածու էր մասնակցում, բոլորը` իսլամական հեղափոխության գործիչներ: Ու չնայած առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների ձայների տարբերությունը կրկնակի է, բայց դեռեւս հասարակությունը մտավորականության զգալի ներկայացուցիչների հետ մեկտեղ նոր ընտրություններ կամ արդյունքների վերանայում է պահանջում:
Գառնիկ Ասատրյանի դիտարկումներով, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք իրավիճակն ավելի չի վատթարացել, ինչպես ընդունված է գնահատել դրսից: Ու «ժողովրդի ծոցից» ելած համարվող նախագահի նախագահության ընթացքում կայունացել են տնտեսական ցուցանիշները, զարկ է տրվել գյուղատնտեսության զարգացմանը եւ այլն:
Այս ամենով հանդերձ, ըստ Ասատրյանի, Ահմադինեժադը մի շարք բացասական գծեր ունի, այդ թվում` հակվածություն կտրուկ քայլերի, կրոնական միագիծ մոտեցում, անհանդուրժողականություն, ազգային չափանիշների հիպոտրոֆիա: Բայց թերեւս ամենաթույլ կողմը Ահմադինեժադի կառավարությունն է, կադրերը, որ, իրանագիտության ամբիոնի ղեկավարի մատուցմամբ, աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալությամբ:
Գառնիկ Ասատրյանի խոսքերով, այս ընտրություններում առաջին անգամ Իրանի էթնիկ միավորները օգտագործվեցին որպես մեքենայությունների առարկա, առատորեն բաժանվեցին խոստումներ ստեղծելու կրոնական փոքրամասնությունների համար դպրոցներ, զարգացնելու տեղական լեզուները, այդ լեզուներով գրականություն հրատարակել:
Մինչդեռ, ըստ մասնագետի, եթե այդ խոստումները պահվեն ու իրականացվեն, դրանով կսկսվի Իրանի մասնատման գործընթացը:
Բայց կա մեկ այլ ֆենոմեն. Իրանը չի կարելի համարել բազմազգ պետություն, այն 3000 տարի անեքսիայի եւ նման այլ երեւույթների չի ենթարկվել, մինչեւ իսլամի տարածումը որեւէ էթնիկ փոքրամասնություն չի եղել այս պետության տարածքում, ուստի եւ չեն կարող լինել որեւէ տարածքային պահանջներ:
Ասատրյանի ներկայացմամբ, սխալ են նաեւ Իրանի համեմատությունները Հնդկաստանի կամ Խորհրդային Միության հետ, Իրանում չկա նաեւ ադրբեջանական փոքրամասնություն, այլ երկրի հյուսիսում երկլեզու իրանցիներ են, որոնց ադրբեջանցի ասելն անհեթեթություն է: Բայց այս ամենը չի նշանակում, թե Ատրպատականը չի կարող դառնալ պանթյուրքիզմի կենտրոն` թեկուզ հակաիրանական, պանթյուրքիստական նյութերի տարածման պատճառով` ԱՄՆ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի հեռուստաալիքների միջոցով:
Առավել հետաքրքրական է, որ Իրանում կառավարման միջին օղակի ղեկավարների մեջ դիտելի է հակաիրանական կամ թյուրքիստական տարրերի օրըստօրե հզորացում, պահանջով, որ Իրան-Հայաստան եւ Իրան-Ադրբեջան հարաբերություններում առաջնահերթությունը տրվի երկրորդին:
Ամեն դեպքում, Իրանում ներկայումս տեղի ունեցող երեւույթները, Գառնիկ Ասատրյանի գնահատմամբ, գունավոր հեղափոխություն չեն, գոնե այս պահին, քանի որ չեն առաջնորդվում դրսից: Տեղի ունեցողը նաեւ դեռեւս համակարգային փոփոխության արտահայտություն չէ: «Ոչ մի պատրանք չպետք է ունենալ, սա հեղափոխություն չէ», վստահեցրեց Գառնիկ Ասատրյանը, ավելացնելով, որ Իրանի համար իսլամական վարչակարգին այլընտրանք չկա, բացի Իրանի մասնատումից:
Դրսից Իրանում տեղի ունեցողը օգտագործելու հավանականության առումով Ասատրյանը գտնում է, որ Արեւմուտքը ընդհանրապես այս գործընթացի սկզբում չեզոք դիրքորոշում ուներ, աստիճանաբար տոնայնությունը փոխվում է, շեշտադրվում է էթնիկական բնույթը, որ ավելի ու ավելի ընդգծվում է հեռուստաալիքների ներկայացրած նյութերով:
Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքականությունն էլ, ըստ Ասատրյանի, չի փոխվի, ով էլ համարվի ընտրված նախագահ, բացառությամբ թերեւս Մոհսեն Ռեզայի, որը նախընտրական փուլում Թավրիզի հանդիպումներից մեկում հայտարարել է. «Եթե արժանապատվություն ունենային իրանցիները, հայերը չէին գրավի Ղարաբաղը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ