Հունիսի 9-ին թուրքական մամուլը, հիմք ընդունելով Ադրբեջանի վիճակագրության ինստիտուտի տվյալները եւ ադրբեջանական «Ենի Մուսաֆաթ» թերթի հրապարակումները, տեղեկացրել էր, որ պաշտոնական Բաքուն պետբյուջեից 170 հազար դոլար է հատկացնում, որ էշեր ներմուծի տարբեր երկրներից: Էշերի առաջին գլխաքանակը 2006-ին ներմուծվել էր Գերմանիայիցՙ վճարելով յուրաքանչյուրի դիմաց ավելի քան 10 հազար դոլար: Իսկ անցյալ տարի Ադրբեջանը պետական կարիքների համար եղբայրական Թուրքիայից հատը 18 հազար 200 դոլարով 15 էշ էր գնել:
Թվում էր, թե հարգի է «մեծ եղբոր» ամեն ինչը, էշը նմանապես, եթե Ադրբեջանում չբացահայտվեր վերջին մոդելի լյուքս ջիփերի ներմուծման հետ կապված սկանդալը: Պարզվում է, Թուրքիայից հատը 18 հազար 200 դոլարով էշ ներմուծող խմբավորումը 2003-ից ի վեր պետական գործիչների համար վերջին մոդելի լյուքս ջիփեր է ներմուծում, ընդ որումՙ ձեւակերպելով այդ ջիփերից յուրաքանչյուրի արժեքն ընդամենը 5 հազար ԱՄՆ դոլար:
Հունիսի 15-ին այդ մասին տեղեկացրել է թուրքական «Ենի շաֆաք» թերթը, վկայակոչելով ադրբեջանական «Ենի Մուսաֆաթի» հունիսի 14-ի համարը, որն իր հերթին հենվել է մաքսային պետական կոմիտեի օրերս հրապարակած տվյալների վրա: «Ենի Մուսաֆաթը», նկատի առնելով, որ օրինազանց այդ խմբավորումը 2007-2008 թթ. մաքսանենգ ճանապարհով 10 մլրդ դոլար է վաստակել, որպես «գողություն» եւ «պետբյուջեի կողոպուտ» է որակել լյուքս ջիփերի ինքնարժեքից, առավել եւս իշուց, անհամեմատ ցածր գնով ներմուծումն Ադրբեջան: Որքան էլ առաջին հայացքից արդարացի թվա թերթի որակումը, չպետք է մոռանալ արժեքավորման համակարգի գոյության մասին: Եթե հատը 5 հազար դոլարով լյուքս ջիփեր ներմուծող ադրբեջանական պետությունը պետբյուջեի հաշվին իշու դիմաց 18 հազար 200 դոլար է վճարում, նշանակում է ադրբեջանական ժողովուրդը գնահատում է իշուն, իսկ Բաքվի վարչակարգըՙ պետական այրերին, կամ էլ իշու տեղ են դնում այդ ժողովրդին: Մինչդեռ ադրբեջանական ժողովուրդը Բուդապեշտում հայ սպային սպանելու համար ազգային հերոս էր հռչակել մարդասպան տականքին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ