«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2009-06-17 | #112, 2009-06-18 | #113, 2009-06-19


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ` ԱՆՑՈՒՄ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Հարեւանությունից դեպի գործընկերություն» խորագրով միջոցառումների շարք, որ նվիրված է Հայաստանի մասնակցությանը Եվրոպական միության «Արեւելյան գործընկերություն» ծրագրին:

Նախաձեռնությունների շարքը երեկ մեկնարկեց «Հակամարտությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասումՙ Արեւելյան գործընկերություն ծրագիրը» թեմայով քննարկմամբՙ դիվանագիտական առաքելությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գորդ Տեր-Գաբրիելյանի ներկայացմամբ, այս նախաձեռնությունը միավորում է մի շարք առաջատար հասարակական կազմակերպությունների, ինչպես Բաց հասարակության ինստիտուտը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Թրանսփարենսի ինթրնեյշնըլը, Մշակույթի քաղաքակրթության հետազոտման կենտրոնը եւ այլն, թվով տասը, այդպիսով ձգտելով կոալիցիոն միջոցներով Հայաստան-Եվրոպա խնդիրների քննարկումը բարձրացնել նոր մակարդակի:

Տեր-Գաբրիելյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց, որ երեկվա թեմայի` «Հակամարտությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասում. Արեւելյան գործընկերություն ծրագիրը» քննարկումը տեղի կունենա երեք ուղղություններով` հայ-ադրբեջանական հարաբերություններ, ղարաբաղյան հակամարտություն, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ընդհանրապեսՙ Հարավային Կովկաս:

Աշխատանքային խմբերում քննարկումների արդյունքները կամփոփվեն ու կտարածվեն, իսկ մինչ այդ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կդիտարկեն, թե ինչ է տալու Արեւելյան հարեւանության ծրագիրն ու ինչ կարող է տալ Հայաստանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4