Հայ-սիրիական տնտեսական կապերի բարելավման են կոչում երկու երկրների նախագահները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի Հայաստան կատարած այցելության շրջանակներում երեկ տեղի ունեցավ հայ-սիրիական գործարար համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի եւ Սիրիայի նախագահներՙ Սերժ Սարգսյանը եւ Բաշար ալ Ասադը:
Հայաստանի նախագահը, մատնանշելով հայ-սիրիական ամուր բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները, ափսոսանք հայտնեց, որ տնտեսական հարաբերությունները նույն մակարդակը չունեն: Նա կարեւորեց, որ տնտեսական հարաբերությունները ձգտեն հավասարվել քաղաքական հարաբերություններին: Ըստ Սերժ Սարգսյանի, դա հասանելի թիրախ է, առավել եւս, որ սիրիացի գործարարների շրջանում հայ գործարարները լուրջ ներկայություն ունեն: Նա խնդրեց Սիրիայի մեր հայրենակիցներին նպաստել երկու երկրների հնարավորությունների բացահայտմանը: Հայաստանի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար իրավապայմանագրային դաշտ է ձեւավորվելՙ մասնավորապես այս այցի շրջանակներում կնքվել է ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագիր: Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ մեծ ներուժ կա գիտատեխնիկական, էներգետիկայի, քաղաքաշինության, զբոսաշրջության, բանկային համակարգում եւ այլ ոլորտներում համագործակցության համար:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իր խոսքում նշեց, որ այս այցը մեծ նշանակություն ունի այն իմաստով, որ չնայած իրենք տեղյակ էին հայկական մշակույթին, բայց լավ տեղյակ չէին Հայաստանին: Նա տեղեկացրեց, որ սիրիական պատվիրակության մեջ մոտ 200 հայեր կան, որոնց նա կատակով անվանեց սիրիական գաղթօջախ Հայաստանում: Սիրիայի նախագահն այն կարծիքը հայտնեց, որ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններ կան առեւտրի, ներդրումների եւ խոշոր նախագծերի ոլորտներում: Նա նշեց, որ ցամաքային կապի բացակայությունը բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների զարգացման վրա: Ըստ Բաշար ալ Ասադի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից կշահեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Սիրիան, ե՛ւ Թուրքիան: Միաժամանակ Սիրիայի նախագահը կարեւորեց օդային կապի առկայությունը երկու երկրների միջեւ, ավելացնելով, որ թռիչքը տեւում է 1 ժամ 45 րոպե: Դա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանն ավելի մոտ է Սիրիային, քան արաբական աշխարհի երկրներից շատերըՙ Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը եւ այլն:
Բաշար ալ Ասադի կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կնպաստի, որ Հայաստանն Իրանի եւ Իրաքի միջոցով ցամաքային կապ ունենա Սիրիայի հետ: Նա նաեւ հայտնեց, որ նախագիծ է մշակվում Միջերկրական եւ Կարմիր ծովերը երկաթուղով միմյանց կապելու Սիրիայի տարածքով, որը նույնպես կարող են օգտագործել երկու երկրները: Նախագահն առաջարկեց հեշտացնել կամ վերացնել վիզային ռեժիմները երկու երկրների միջեւ գործարարների եւ զբոսաշրջիկների համար:
Հայ-սիրիական հարաբերությունների մասին լրագրողների հարցերին պատասխանելով, ՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը նույնպես փաստեց երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցածր մակարդակը: Այդ բացը լրացնելու նպատակով Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատն անցյալ տարի հայկական ապրանքների եւ ծառայությունների խոշոր ցուցահանդես էր կազմակերպել Հալեպում, որտեղ նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Մարտին Սարգսյանը նաեւ հայտնեց, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա սիրիական ապրանքների ցուցահանդեսը:
Նշենք, որ Սիրիայից ժամանած գործարարները ներկայացնում են սարքաշինության, սննդի եւ թեթեւ արդյունաբերությունների, դեղագործության եւ քիմիական արդյունաբերության, առեւտրի, զբոսաշրջության եւ այլ ոլորտները: Ինչ վերաբերում է հայ-սիրիական առեւտրաշրջանառությանը, ապա 2008-ին կազմել է մոտ 6 մլն դոլար: Ընդ որում, Հայաստանը հիմնականում ներմուծող երկիրն է եւ Սիրիա արտահանած հայկական ապրանքները կազմում են վերոնշյալ 6 մլն դոլարիցՙ 90 հազար դոլարը: Անցյալ տարի ներմուծումը Սիրիայից Հայաստան աճել է, իսկ արտահանումը Հայաստանից Սիրիաՙ նվազել: Մեր երկրից արտահանում ենք սննդամթերք, կարբիդներ, ներկեր, լաքեր, պոմպեր, չափիչ, հսկիչ սարքեր, իսկ Սիրիայից Հայաստանՙ դեղամիջոցներ, կոշիկ, ցիտրուսներ, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ապրանքներ, զարդեղեն: