ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երկրաշարժի մասին առաջին լուրը հայտնեց «Հայլուրը», երկրաշարժից կես ժամ հետո, բայց դա անորոշ, ոչինչ չասող լուր էր. 10 րոպե հետո պարզ դարձավ, որ մարդիկ լքում են իրենց բնակարանները եւ հանգրվանում բակերում եւ մոտակա այգիներում: Բոլորը միաժամանակ սկսեցին զանգահարել ծանոթ-բարեկամի, հայտնել, թե երկրաշարժը մինչեւ ժամը 3-ը կրկնվելու է: Մեկ էլ հասկանալի դարձավ, որ ամբողջ Երեւանը զանգում է իրար, «Բիլայնն» ու «Վիվասելը» չդիմացան ծանրաբեռնվածությանը` կապ չկար: Անկապ Երեւան էր: Դե, որ կապ չկար` դրսի ժողովուրդը հեռուստացույցների մոտ նստած ժողովրդից լուր չէր ստանում` ի՞նչ ասացին, իսկ դրսում էլ անթել հեռախոսը, այսինքն` ասեկոսեների մակարդակով տարածվող լուրն իր գործն անում էր:
Մարդկանց այն մասը, որը ձեռք էր թափ տալիս եւ հումորով ժպտում էր (լավատեսները), ի պատասխան ստանում էր հոռետեսների եւ միշտ զգուշավորների հորդորանքը, թե` «ռադիոն հայտնեց, հեսա կրկնվելու ա»: Կատակի եւ հումորի տալու պրագմատիկների փորձերը հանդիպում էին մի քանի փաստի, որոնք, որքան էլ զարմանալի, տեղի ունեին: Փողոցը բզզում էր դուրս թափված մարդկանցով. «Այրարատ» կինոթատրոնին հարակից հատվածում ով ասես կար` ուսանողներ, մոտակա նախարարությունների աշխատակիցներ, հարակից շենքերի բնակիչներ: Ուսանողներին մի երկու ժամով ուղարկել էին դուրս. «Ո՞վ գիտի, գուցե կրկնվի», ասել էին: Նախարարություն կար, որտեղ ասել էին` տուն գնացեք: Ու մինչ սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայության տնօրեն Արամ Ջավադյանը հերքում էր, թե «նման բան եթե լիներ, կասեինք», համ էլ ավելացնում էր` «վերլուծում ենք, եթե հավելյալ ինֆորմացիա ունենանք` կտեղեկացնենք», մարդիկ բացել էին կասկածամտության տոպրակը` տանը նստած հո չէին սպասելու ինֆորմացիային: Երկրաշարժի հիշողությունը գոնե այս սերնդի արյան մեջ դեռ ներկա մարդկանց դժվար էր համոզել, որ «սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, գտնվում է ֆոնային տիրույթում, եւ ոչ մի հիմք չկա խուճապի համար»:
Իսկ ասեկոսեն ցերեկվա 13:30-ի եւ 15:00-ի արանքում թեժացավ այս ենթատեքստով. «Ներքին կարգով մարդկանց աշխատավայրերից տեղահանում են, հաստատ երկրաշարժ է` մարդկանց չեն ասում, որ խուճապ չլինի», եւ այլն: Այսինքն` մի պահ զանգվածային փսիխոզ էր:
Չնայած Հայաստանը ժամանակ առ ժամանակ մի քանի խոշոր երկրաշարժ տեսել է, այնուամենայնիվ խոշոր հաշվով հայերիս մեծ մասը ենթագիտակցորեն չի հավատում, որ հենց իրեն դա կարող է պատահել: Ու էլի չնայած մենք համապատասխան նախարարություն ունենք, որը ժամանակ առ ժամանակ եթերներով անդրադարձ է անում խնդրին, անգամ զանազան դրամաշնորհներով ֆիլմեր են նկարվել, թե ինչպե՞ս պետք է պահի մարդն իրեն երկրաշարժի ժամանակ, բայց դրանք առավել տվյալ պահի քարոզչական խնդիր են լուծում եւ բոլորովին հայ մարդուն գրագետ չեն դարձնում` վարվելակերպի առաջին քայլերը ճիշտ կատարելու առումով: Ճապոնացին, օրինակ, շատ լավ գիտի, թե ինչպե՞ս է վարվելու, որ չմնա ընկնող առաստաղների եւ կոտրվող ծառերի տակ: Բայց ճապոնացուն առավել հետաքրքրում է ժամանակին ստացված տեղեկատվությունը, որն ի վերջո նա ստանում է: Երեկ էլ, երբ երկրաշարժ եղավ` 10 րոպե անց արդեն տեղեկատվություն էինք փնտրում, եւ դա առաջինը ստացանք ինտերնետից, բայց ինտերնետը, գիտեք, բնակչության լայն խավին հասանելի չէ: Կուզեինք միացնել հեռուստացույցը, եւ արագ, պատահածից կես ժամ հետո, ուղիղ հեռախոսակապով գոնե, մասնագետից ստանալ այդ պահին հայտնի տեղեկատվությունը, որ ապատեղեկատվությունն իր սեւ գործը չանի: Մանավանդ` սեյսմաակտիվ գոտու ժողովուրդ ենք, նստած մեծ խզվածքի վրա, մոտիկ ատոմակայանն էլ վրադիր:
Երեւի մեկ-մեկ պետք է հայերիս բնությունը սթափեցնի, որ ինչպես նավում եւ ինքնաթիռում է փրկագոտին պատրաստ, հնարավոր երկրաշարժի դեպքում էլ հայերս գոնե դիմագրավելու առաջին երեք կանոնն իմանանք, իսկ մեր էլեկտրոնային լրատվամիջոցներն էլ քամու արագությամբ աշխատեն: Լավ է դեռ, երեկոյան կողմ, այնուամենայնիվ, ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ մասնագետներն իրենց առաքելությունը կատարեցին: