Թրաֆիկինգ երեւույթը չարիք է բոլոր պետությունների համար, որը գնալով ավելի է ծաղկում: Տարեկան աշխարհում թրաֆիկինգի զոհ են դառնում 4.000.000 մարդ: Թմրադեղերից, զենքի առեւտրից հետո թրաֆիկինգը 3-րդ խոշոր բիզնեսն է ամբողջ աշխարհում, եւ հենց այդ է պատճառը, որ այդ չարիքի դեմ հիմնովին հնարավոր չէ պայքարել: Այնուհանդերձ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ լայն թափով իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ: Մարդկանց թրաֆիկինգը կապակցված է միգրացիայի, աշխատանքի, գենդերի եւ առողջական հիմնախնդիրների, մարդու իրավունքների եւ քրեական արդարադատության հետ: Այստեղ գործում են առաջարկի եւ պահանջարկի բարդ կանոններ: Այս երեւույթը համայն աշխարհում բացասաբար է անդրադառնում տղամարդկանց, կանանց եւ երեխաների վրա: Մարդկանց թրաֆիկինգն այս կամ այն կերպ ազդում է բոլոր պետությունների վրա եւ որեւէ մեկը «անձեռնմխելի» չէ, եւ որպես կազմակերպված հանցավորության բաղադրիչ, ամեն երկրում դրսեւորվում է անօրինական գործունեության այլ տեսակների, օրինակ` թմրադեղերի անօրինական շրջանառության հետ: Մարդկանց թրաֆիկինգ կարող է տեղի ունենալ նաեւ միեւնույն պետության ներսում, եւ հիմնականում ներկայացվում է մեկ անկյան տակ` կանանց թրաֆիկինգ սեռական շահագործման նպատակով, չնայած այդ երեւույթի բազմաթիվ տեսակներ կան, օրինակՙ աշխատանքային թրաֆիկինգ, տղամարդկանց եւ երեխաների թրաֆիկինգը կենցաղային ստրկության կամ գյուղատնտեսության, տեքստիկ արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում հարկադիր աշխատանքը, օրգանների վաճառքը: Կանանց թրաֆիկինգը տեղի չի ունենում բացառապես հարկադիր մարմնավաճառության նպատակով. այն կարող է ունենալ շատ այլ դրսեւորումներ` կենցաղային աշխատանքից մինչեւ հարկադիր ամուսնություն կամ հարկադիր մասնակցություն այլ հանցավոր գործունեության:
Անկասկած, հասարակության համար մեծ նշանակություն ունի այնպիսի հանցավոր գործունեության բացահայտումը եւ լուսաբանումը, ինչպիսին թրաֆիկինգն է: Լրագրողական հետաքննությունը, որը հաճախ անցկացվում է գաղտնի, կարող է լույս սփռել թրաֆիկինգ իրականացնողների եւ նրանց հետ գործակցող «բիզնես-ցանցերի» գործելակերպի վրա: Սակայն հենց այդ փնտրտուքների ճանապարհին լրագրողները հանդիպում են գործնական եւ բարոյական բազմաթիվ խոչընդոտների: ՀՀ կառավարությունը, որին կից գործում է պետական հատուկ հանձնաժողովը (նախագահ` ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյան, աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյան) որն էլ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել Ծաղկաձորում եռօրյա սեմինար «Լրագրողների ճանաչողական վերապատրաստում, թրաֆիկինգի լուսաբանման հմտություններ» թեմաներով: Սեմինարի ընթացքում եղան բազմաթիվ ելույթներ` ԿՀԴՊ վարչության թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Տիգրան Պետրոսյան, ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Արա Երեմյան, ՄԱԿ ԶԾ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Եռօրյա աշխատատար սեմինարի ընթացքում ներկայացվեցին թրաֆիկինգի դեմ տարվող պայքարի հիմնահարցերը, պրոբլեմը մատչելի ու օգտակար ներկայացնելու ձեւերն ու զոհերի հետ հարցազրույցներ վարելու հմտությունները: Սեմինարի աշխատանքներին միացավ նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նա կարեւորելով լրատվամիջոցների դերը թրաֆիկինգի դեմ պայքարում, առաջարկեց սերտ համագործակցել, որպեսզի հնարավորինս կանխվի այդ չարիքը, որը նաեւ բույն է դրել ներքին թրաֆիկինգի ձեւով: Ցավալի էր, որ այդքան կարեւոր սեմինարին հրավիրվել էր մասնակցելու «Հույս եւ օգնություն» ՀԿ-ի ղեկավար Ենոք Շատվորյանը, որը չգիտես ինչու իր ելույթը սկսեց «Ես զզվում եմ լրագրողներից...» արտահայտությամբ: Իհարկե ներկա գտնվողները նրան «հակահարված» տվեցին, սակայն պետք է նշենք, որ գրանտակեր այդ ՀԿ-ն հենց լրագրողների նյութերն է օգտագործում ու չգիտես ինչու հենց այդ ՀԿ-ն էլ մշտապես ֆինանսավորվում է: Հարկ է, որ միջազգային կառույցները մանրամասն անդրադառնան այս ՀԿ-ի գործունեությանը, որպեսզի չխանգարի թրաֆիկինգի դեմ համընդհանուր այս աշխատանքներին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ