Իրանահայ բարերար Ժենյա Այդինյանը բնակվում է Մ. Նահանգներում, սակայն ապրում է հայաստանյան հոգսերով ու ցավերով, ամեն պահ մտածելով ծնողազուրկ երեխաների, հաշմանդամ ազատամարտիկների, անօգնական ծերերի, նյութապես անապահով ուսանողների ու բոլոր նրանց մասին, ովքեր կարիք ունեն հոգածության` այս աշխարհում իրենց անպաշտպան չզգալու համար:
Բարեգործությունը նրա համար կենսաձեւ դարձավ 12 տարի առաջ, երբ Մ. Նահանգներում ամուսնացնում էր միջնեկ որդուն: Հարսանիքից առաջ բարեկամներին ու ընկերներին խնդրեց հրաժարվել նորապսակներին նվեր գնելու գաղափարից եւ նախատեսած գումարը նվիրաբերել Հայաստանի որբ երեխաներին: Այդպես 1992-ին հիմնեց Հայաստանի մանկատների հիմնադրամը, իրականացրեց «Մեկ ընտանիք, մեկ հայրենիք» ծրագիրը, վերանորոգեց դպրոցներ, ծերանոցներ, գթության ձեռք մեկնեց հաշմանդամներին: Այդ ժամանակվանից ի վեր սկիզբ առավ համագործակցությունը Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, համատեղ իրականացվեցին բազում ծրագրեր, որոնք շարունակվում են նաեւ այսօր:
Ժենյա Այդինյանը ծնվել է Թեհրանում, սակայն կյանքի մի մասն անցկացրել է Անգլիայում, որտեղից 1980-ականներին տեղափոխվել է Մ. Նահանգներ: Հայաստան այցելում է գրեթե 3 - 4 ամիսը մեկ, որովհետեւ անելիքները շատ են, ամեն այցի ժամանակ ծնվում են նոր բարեգործություններ: Անցած շաբաթ նա Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց Ագուլիսի Սբ Աստվածածին եկեղեցում 1622-ին գրված Ավետարանը, որը որպես տոհմական մասունք փրկել եւ Հայաստան էր բերել իր 4 զավակների հետ 19-րդ դ. Նախիջեւանից գաղթած Մանգասարը: Նրա ժառանգները երկար տարիներ աչքի լույսի պես էին պահպանել տոհմական սուրբ մասունքը` այդպես էր ավանդվել իրենց: Երբեք չէին մտածել ձեռագիրը վաճառելու մասին, դեռ 1970-ականներից Ավետարանն ի պահ էին տվել Մատենադարանին, սակայն կյանքի դժվարությունները հարկադրեցին վաճառել այն: «Այս Ավետարանը մեր տոհմական սրբությունն է եղել, վաճառելու մտադրություն բնավ չենք ունեցել, բայց որոշ հանգամանքներ ստիպեցին այդ քայլին գնալ: Ուրախ եմ, որ մեծարժեք ձեռագիր է, հրաշալի պահպանված, իսկ թե ինչպես է հասել Հայաստան, այդ պատմության մանրամասները, ցավոք, մեզ չեն փոխանցվել», ասաց ձեռագրի իրավական տերը` Տիգրան Մանգասարյանը, որը հայտնի ֆոտոլրագրող, կյանքից անժամանակ հեռացած Ռուբեն Մանգասարյանի եղբայրն է: Հենց նրանից էլ Ժենյա Այդինյանը գնեց Ավետարանն ու մեկընդմիշտ հանձնեց Մատենադարանին:
«Մենք ցանկանում ենք, որ այն ամենն, ինչ կա սփյուռքում, վերադառնա հայրենիք: Ես էլ եմ ուզում վերադառնալ հայրենիք եւ իմ հողի վրա ապրել: Երբ այսպիսի մի գիրք, մի մասունք գտնվեց եւ եկավ իր տուն, իր հայրենի հողի վրա, դրանից բարձր արժեք եւ մեծ ուրախություն չկա մեզ համար: Հուսով եմ, մեր հայրենակիցները կլսեն ձայնս եւ այդպիսի բոլոր գրվածքները կհանձնեն Մատենադարանին: Ես սիրով կհովանավորեմ, եթե կան այդպիսիք», ասաց Ժենյա Այդինյանը:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը երախտագիտությամբ լի խոսքեր հղեց բարերարին. «Հիմա ձեր բոլոր ճանապարհների խաչմերուկում, ձեր կյանքի կիզակետում հայտնվեց մաշտոցյան Մատենադարանը, շնորհիվ եզակի մի ձեռագրիՙ 1622 թվականի Ագուլիսի Դաշտ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված ու ծաղկված մեծարժեք Ավետարանի նվիրաբերման: Այն ձեր բյուրավոր բարեգործությունների մի յուրատեսակ խորհրդանիշն ու առհավատչյան կդառնա, իր հավերժական տեղը գտնելով մեր հոգեւոր գանձարանում: Իսկ ձեր անունն այսուհետեւ իր արժանի տեղը կգտնի Մատենադարանի նվիրատուների շարքում: Ձեր անցած ուղին բացառիկ նվիրումի, հոգեւոր սխրանքների մի լուսածիր է, որ իր մեջ է բոլորել բյուրավոր մարդկանց, բացառիկ ճակատագրեր: Դուք բարություն եք սփռել ձեր ճանապարհին, մարդկային անհուն սեր ու ջերմություն պարգեւելով բոլորին: Ձեր կյանքն անանձնական սիրո, անհուն գթության դրսեւորում է: Դրա վկայությունն են ձեր կառուցած որբատները, հազարավոր երեխաները, որոնցից շատերը ձեր հոգեզավակներն են դարձել»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ