Վերջերս տարբեր թերթերում ցավով կարդացի Մայր աթոռի ներկայացուցչի հաստատումը, որ աղանդավորական քարոզչությունն արդեն իրականացվում է Սուրբ Էջմիածնում եւ եկեղեցիների բակերում: Կարծեմ, խոսքն այս անգամ ավետարանչական ընկերակցության քարոզչության մասին էր:
Սա արդեն անպատկառության գագաթնակետն է: Այդ անօրենները, հերիք չէ դռնեդուռ ընկած մեզ անհանգստացնում եւ իրենց քաղցրախոսությամբ շեղված գրականություն են պարտադրում, հիմա էլ աներեսաբար մեր ժողովրդին եկեղեցու դռան մոտ են ուզում որսալ: Որքան հանդուգն են դարձել այդ աղանդների ժպտերես քարոզիչները, որ չեն խորշում անգամ Սուրբ Էջմիածնի տարածքում իրենց սեւ գործը կատարելուց:
Սակայն առավել մեծ էր զարմանքս, երբ մի քանի օր անց կարդացի մեկ այլ հայտարարություն Ռենե Լեւոնյան դոկտոր վերապատվելիի ստորագրությամբ: Վերապատվելին ասում էր, թե ավետարանականները եւ ավետարանչական ընկերակցությունը որեւէ առնչություն չունեն այդ փաստերի հետ եւ «խստագույնս դատապարտում են ցանկացած գործողություն, որն ուղղված է Մայր եկեղեցու դեմ»:
Դժվարանում եմ հավատալ ասվածի անկեղծությանը: Վերապատվելի Լեւոնյան, եթե այդքան «բարի ցանկություններ» ունեք լուծելու հայ ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն խնդիրները եւ դատապարտում եք Մայր եկեղեցու դեմ ուղղված գործողությունները, նախ ինքներդ դադարեցրեք ձեր իսկ դատապարտելի գործունեությունը Հայաստանում` այդպես լուծելով մեր ժողովրդի ոչ պակաս ծանր` հոգեւոր միասնության խնդիրը: Ջուր մի լցրեք աղանդավորների ջրաղացին եւ կեղծ հայտարարություններով մի փորձեք համոզել, թե երբեք այստեղ-այնտեղ թերթիկներ չեք բաժանել մարդկանց` հրավիրելով իրենց հարցերի պատասխանները գտնել ոչ թե Մայր եկեղեցում, այլ ձեզ մոտ` ավետարանականների եկեղեցում: Եվ մի փորձեք նման հայտարարություններով կամ այլ հնարքներով համոզել մարդկանց, թե ամենասերտ հարաբերությունների մեջ եք Հայ եկեղեցու հետ եւ ձեր սիրտը կատարվածի համար իսկապես ցավում է:
Հայ եկեղեցին Մայր կոչելուց առաջ փաստեք ձեր նվիրվածությունը իրական գործով: Այլապես անիմաստ ու անհասկանալի են դառնում ձեր բոլոր «բարի ցանկությունները»:
ԱՌԱՔԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ