Մայիսի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձի մասին «Ազգը» տեղեկացրել էր: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը հարուցել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 31-305, 235 եւ 236 հոդվածների հատկանիշներով: ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել, հայտնաբերվել եւ կալանավորվել են հանցագործության անմիջական կատարողներն ու մասնակիցներըՙ ութ անձ, որոնց թվում նաեւ հանցավոր խմբի պարագլուխՙ «Մուսկուլ Գագո» մականվամբ Երեւանի բնակիչ Գագիկ Գաբրիելի Մաթեւոսյանը, որը 1992-1997 թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ: Վերջինիս բնակարանի եւ ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն ապացույցներից, հայտնաբերվել եւ առգրավվել են աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Իսկ տանը կից կառույցում հայտնաբերվել են նաեւ ընդհատակյա քիմիական լաբորատորիա, բազմատեսակ քիմիական նյութերՙ պայթուցիկ սարքեր թունավոր նյութեր պատրաստելու համար:
Պարզվել է նաեւ, որ հանցագործության պատվերը Երեւանի բնակիչ Ռաֆայել Սուրենի Մասումյանի միջոցով տվել է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Ալբերտի Երիցյանը, դրա դիմաց վճարելով 150.000 ԱՄՆ դոլար: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ձեռնարկվում են համապատասխան որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ: Մինչ հանցավոր խմբի անդամների կալանավորումը Ռաֆայել Մասումյանը դիմել էր փախուստի եւ թաքնվել Վրաստանում: Տեղի հատուկ ծառայությունների եւ Վրաստան մեկնած ՀՀ ԱԱԾ օպերատիվ խմբի հետ համատեղ իրականացված միջոցառումների ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս Ռաֆայել Մասումյանը ձերբակալվել եւ կալանավորվել է:
Իրականացվում են նաեւ հանցավոր խմբի նախկինում կատարած այլ հանցագործությունների բացահայտման միջոցառումներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ