Ֆինանսական շուկայում Ձեր իրավունքների պաշտպանը
Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Գրասենյակն (այսուհետ` Գրասենյակ) անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն սկսել է իր մասնագիտական գործունեությունը 2009 թվականի հունվարի 24-ից:
Հաշտարարի գրասնյակը ստեղծվել է հիմք ընդունելով կառույցի արդյունավետությունն ապահովող հանրորեն ճանաչված գործունեության սկզբունքները: Այդ սկզբունքները ներառում են` Անկողմնակալություն, Թափանցիկություն, Արդյունավետություն, եւ Արդարություն:
Գրասենյակի նպատակը ֆինանսական ոլորտում ֆիզիկական անձ սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը եւ ֆինանսական միջնորդության ավելացումը:
Սպառողը կարող է ներկայացնել բողոք/պահանջ ՀՀ տարածքում գործող հետեւյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Ապահովագրական բրոքերներ
- Ներդրումային ընկերություններ
- Գրավատներ
- Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձանց
- Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձան
- Դրամական փոխանցումներ իրականացնող անձանց:
Գրասենյակը իրավասու է քննելու ֆիզիկական անձանց պահանջ-բողոքները, եթե հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո եւ Հաշտարարին դիմել են ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Գույքային պահանջը չպետք է գերազանցի 10 մլն. դրամը եւ այդ պահանջը պետք է նախապես ներկայացված լինի ֆինանսական կազմակերպությանը:
Հաշտարարին դիմելով հաճախորդը ոչինչ չի կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են իսկ քննության գործընթացը պարզ է եւ կարճ`առանց քաշքշուկների, չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, հաշտարարի որոշումը չի կրում պարտադիր բնույթ, եւ հաճախորդը միշտ կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ Հաշտարարի որոշման հետ:
Հաշտարարը վստահելի է քանի որ ունի անկախ կառավարման համակարգ, ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից, ստանում է օրենքով սահմանած բարձր աշխատավարձ, ինչը ապահովում է անկողմնակալ որոշումների կայացում: Պարբերաբար հրապարակվող հաշվետվությունները ապահովում են Հաշտարարի գրասենյակի գործունեության թափանցիկությունը: Հաճախորդներին միշտ տրվում է բանավոր լսումների հնարավորություն, որտեղ կողմերը կարող են բերել համապատասխան դիրքորոշումներ եւ գալ մեկ ընդհանուր հայտարարի:
Հաշտարարն իրավասու չէ քննել պահանջը, եթե նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, կամ պահանջը արդեն գտնվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում:
Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու է քննել`
- Սպառողը իրականացրել է դրամական փոխանցում, որի ուշացման հետեւանքով կրել է դրամական կորուստ
- Սպառողը ապահովագրել է իր մեքենան եւ վթարի ժամանակ վնասել է այն, իսկ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը
- Սպառողի վարկային հաշվից (օրինակ պլաստիկ քարտով) գանձվել է գումար, որի մասին նա տեղյակ չէ
- Սպառողի կարծիքով վարկային կազմակերպությունը կամ բանկը սխալ է հաշվարկել իր վարկի տոկոսագումարները/ամսեկան մարումների չափը:
Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու չէ քննել`
- Սպառողը պահանջում է, որպեսզի բանկը հետաձգի իր վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման ժամկետը
- Սպառողը ապահովագրական պատահարի ժամանակ տուժած երրորդ անձ է, պահանջում է հատուցում, սակայն ապահովագրական ընկերության հետ չի գտնվում պայմանագրային հարաբերություններում
- Վարկային կազմակերպությունը կամ բանկը հրաժարվում է վարկ տրամադրել
- Սպառողը հանդիսանում է լուծարված, սնանկ ճանաչված կազմակերպության ավանդատու, պարտատեր եւ այլն:
Հաշտարար | Փիրուզ Սարգսյան |
Հասցե | 0010, Երեւան, Վազգեն Սարգսյանի 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ |
Հեռախոս | (10) 58 23 22, 58 23 21 |
Ֆաքս | (10) 58 24 21 |
Էլ. փոստ | info@fsm.am |
Վեբ. կայք | http://www.fsm.am |