«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Երեկ Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում Երեւանի համայնքներն ու Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի հոծ խումբ համախոհների եւ համակիրների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության (Արմենական-ՌԱԿ) հիմնադիր համագումարը: Օրակարգում ընդգրկված էին նոր կուսակցության կանոնադրության, ծրագրի ընդունումը, հանրապետական վարչության եւ վերահսկիչ մարմինների ընտրությունը: Համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ընթերցեց նախագահի խորհրդական պրն Մանուկ Թոփուզյանը: Ողջույնի խոսքով, հանուն սփյուռքում գործող կուսակցության կառույցների, հանդես եկավ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, որն ընթերցեց նաեւ ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչության ուղերձը: Համագումարի ընթացքում տեղի ունեցած քննարկումների եւ առաջարկությունների արդյունքում որոշում ընդունվեց ընտրել Արմենական-ՌԱԿ կուսակցության վարչություն, կուսակցության ատենապետի պաշտոնակատար ընտրվեց Արմեն Մանվելյանը: Համագումարը որոշում ընդունեց այս տարվա աշնանը հրավիրել համահայկական` միավորիչ համագումար, որի ժամանակ խնդիր կդրվի սփյուռքյան Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնի տեղափոխումը մայր հայրենիք: Այս աշխատանքի կազմակերպման պատասխանատվությունը դրվեց նորաստեղծ Արմենական-ՌԱԿ-ի նորընտիր վարչության վրա: Ձայների մեծամասնությամբ ընտրվեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունում նորաստեղծ կուսակցության գրանցումը հետապնդող մարմին:

ԱՐՄԵՆԱԿԱՆ-(ՌԱԿ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4