«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՇՏՊԱՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ռամկավար ազատական կուսակցությունը տարբեր փուլեր եւ զարգացումներ է ապրել: Սակայն վերջին տարիներին կուսակցության աշխատանքը կարելի է նկարագրել պատմության մեջ թերեւս վատագույն ժամանակաշրջանը, որովհետեւ կուսակցությունը բաժանված էր ոչ թե երկու, այլ ութ տարբեր հատվածների: Այս համագումարը մեկ նպատակ ունի` ստեղծել հզոր հայաստանյան կենտրոնով քաղաքական ուժ, որը կմիավորի բոլոր այդ գաղափարախոսությունը կրողներին, որը մայր հայրենիք է ձգելու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սփյուռքահայ կառույցներին: Սա է մեր հիմնական նպատակը: Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնը պետք է լինի միայն Երեւանում»:

Երեկ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցած Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարն այսպես սկսեց կուսակցության նորընտիր ատենապետ Արմեն Մանվելյանը:

«Ազգային վերելքի եւ համընդհանուր բարիքի հաստատման համար խարսխված աշխատանքը մեզանում մշտապես արժանացել է դրվատանքի եւ գնահատանքի: Մեծ պատասխանատվություն եք ստանձնում` նորաստեղծ քաղաքական ուժը անվանելով Արմենական. փաստորեն որդեգրում եք այն արժեքային համակարգը, որ հայ իրականության մեջ ունեին առաջին քաղաքական կուսակցության հիմնադիրները: Հուսով եմ`գործով կկարողանաք դա ապացուցել եւ մշտապես կլինեք մեր արժեքների, միասնության գաղափարի պաշտպանության դիրքերում», ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը կարդաց նախագահի խորհրդական Մանուկ Թոփուզյանը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ ներկաներին անվանեց «ռամկավար հին գվարդիա», որոնց նպատակն է, ինչպես 20, 19 կամ 10 տարի առաջ, նորաստեղծ կուսակցության շնորհիվ Հայաստանում վերահաստատել ռամկավարությունը, ազատականությունը: «Դա է կուսակցության հիմնադիրների ոչ միայն ցանկությունը, այլեւ ձգտումը: Այսօր դուք կատարում եք նրանց հանձնարարությունը», նկատեց նա: Որպես անդամ սփյուռքում գործող ՌԱԿ-ի, անդրադառնալով Ռամկավար ազատական կուսակցության վերջին ժամանակահատվածի խնդիրներինՙ նշեց, որ սփյուռքում կուսակցության մեջ արդեն վեց տարի բույն է դրել ներքին անհամաձայնությունը:

Հակոբ Ավետիքյանն ու Ռուբեն Միրզախանյանը այցելել են տարբեր հայկական գաղութներ, շոշափելու տեղի կուսակցականների տրամադրությունը. այն անխոս մեկ նպատակ էր հետապնդում` կուսակցությունը պետք է դառնա հայաստանակենտրոն: Հայաստանում վերահաստատվի ամուր կերպով եւ ղեկավարվի մայր հողից:

Հակոբ Ավետիքյանը նշում է, որ ՌԱԿ-ում հիմնական դժվարությունը պետք է փնտրել անձնական փառասիրության մեջ:

«Բոլորի հորդորն էր, որպեսզի կուսակցությունը կարողանա միասնաբար իրականացնել իր ձգտումները: Մենք էլ ենք երկար զրուցել ընկեր Մայք Խարապյանի հետ, սակայն նա չհասկացավ, թե ինչպիսի ուժ է նույնիսկ այս վիճակում ներկայացնում ՌԱԿ-ը: Միայն Ամերիկայի արեւելյան շրջանակում կուսակցությունն ունի 8 ակումբ, որոնք լոբբիստական աշխատանք, հանգանակություններ են կատարում, թերթ հրատարակում: Նրանց գործունեության շարքը բազմազան է: Նույնը վերաբերում է Լիբանանի շրջանակին, որտեղ խորհրդարանական վերջին ընտրություններում շահեցին կուսակցության 2 թեկնածուները: Դժբախտաբար սա չհասկացվեց», նկատեց Հակոբ Ավետիքյանը:

Նա փաստեց, որ նորաստեղծ կուսակցությանը կաջակցեն ՌԱԿ լիբանանյան, արեւելյան ամերիկյան, Կանադայի շրջանակները, Լոնդոնում գործող Միհրան Տամատյան ակումբը, Եգիպտոսում բազմաթիվ կուսակցական ընկերներ եւ այլք:

Անդրադառնալով կուսակցության ատենապետի պաշտոնում Արմեն Մանվելյանի թեկնածությանը, ելույթ ունեցողներն ընդգծեցին. «Աշխատանքային ուղին բազմազան է: Վերլուծական միտք ունի, կարողանում է շատ արագ կողմնորոշվել բարդ հարցերում, ունի մարդկանց հետ քաղաքակիրթ վարվեցողություն, համոզիչ ներկայություն: Արժանի է վստահության եւ այս պաշտոնին»:

Այնուհետեւ Արմեն Մանվելյանը ներկայացրեց կուսակցության հանրապետական վարչության 8 հոգանոց կազմը, որն ընդունվեց միաձայն, հետագայում այն համալրելու հանձնարարությամբ: Կազմը պետք է մշակի կուսակցության արտաքին եւ ներքին ռազմավարությունը: Միաձայն ընդունվեց նաեւ կուսակցության կարգապահական ատյանի կազմը:

Արմենականները ծրագրում են ակտիվ աշխատանք հատկապես տարբեր մարզերի, ինչպես նաեւ սփյուռքում գործող կառույցների հետ: Մանվելյանն ընդգծեց, որ կուսակցությունն իր տեսակետն է արտահայտելու հանրապետության ներքին եւ արտաքին կյանքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Աշնանը կհրավիրվի կուսակցության անդրանիկ միավորիչ համագումարը, որին կմասնակցեն ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու համախոհները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4