«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


«ԱՍԱԴՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՇՏԵՑՆԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ»

Հունիսի 18-ին, ավարտելով Հայաստան այցելությունը, հայրենիք վերադարձավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նրա այցին մեծ կարեւորություն էին տալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, հասարակական եւ քաղաքական շրջանակները, իսկ հայ հասարակությունը հետաքրքրությամբ հետեւում էր դրա ընթացքին: Ահա թե ինչու նախագահ Ասադի այցը լայն արձագանք գտավ հայաստանյան մամուլում:

Բաշար Ասադի այցին Հայաստանի ղեկավարության տված կարեւորությունը, դրա նկատմամբ հասարակական եւ քաղաքական շրջանակների հետաքրքրությունը պատահական չէին: Այցը «պատմական» է, իսկ Սիրիան` բարեկամական երկիր, որը վայելում է հայ ժողովրդի ընդգծված համակրանքը ոչ միայն 1915-ին ցեղասպանությունից հրաշքով փրկված արեւմտահայության բեկորներին գրկաբաց ընդունելու եւ սիրիահայ համայնքին կենսագործունեության բոլոր իրավունքներով օժտելու, այլեւ վերջին 30 տարիներին Արեւմուտքի հարաճուն ճնշումներին հերոսաբար դիմակայելու, ամերիկյան ռազմական ներխուժման սպառնալիքները սառնասրտորեն չեզոքացնելու, չնայած ճնշումներին ու սպառնալիքներին` առանցքային իր դերը տարածաշրջանում պահպանելու համար:

Սիրիայի նախագահի Հայաստան այցելությունը, ինչ խոսք, չէր կարող վրիպել թուրքական մամուլի ուշադրությունից: Այցին դեռեւս հունիսի 18-ին անդրադարձել էին կառավարամետ «Ենի շաֆաք» թերթը եւ Նյու Յորքի turkishhy.com կայքէջը: «Ասադը Անկարային հաշտեցնելու է Երեւանի հետ» վերնագրով «Ենի շաֆաքը» գրել է. «Սիրիայի եւ Իսրայելի միջեւ Թուրքիայի ստանձնած միջնորդական առաքելությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ միջնորդի դեր է ստանձնում Անկարայի հետ Երեւանի հարաբերություններում: «Ալ կուդս ալ արաբի» թերթի վկայությամբ, Ասադը միջնորդություն է հանդես բերելու Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Արաբական թերթի վկայությամբ, պաշտոնական Դամասկոսը հզոր կապեր ունի ինչպես Անկարայի, այնպես էլ Երեւանի վարչակազմերի հետ, այդ իսկ պատճառով էլ Ասադն ուզում է այդ կապերն օգտագործել ի նպաստ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման: Այս հարցը առաջնահերթ նշանակությամբ քննարկվել է նախագահ Ասադի երեւանյան բանակցություններում»:

Ինչ վերաբերում է turkishhy.com կայքէջին, ապա դա էլ «Ասադը Սարգսյանի հետ հանդիպմանը անդրադարձավ Թուրքիային» վերնագրով հոդվածում, վկայակոչելով սիրիական SANA գործակալության հաղորդագրությունը, նշում է. «Բաշար Ասադը մասնակցելով հայ-սիրիական գործարար համաժողովին ասաց. «Հայաստանի հետ (Սիրիայի) տնտեսական հարաբերությունների զարգացմանը գլխավորապես խոչընդոտում է Թուրքիայի տարածքով ցամաքային ուղղակի հաղորդակցության բացակայությունը: Նախագահ Սարգսյանի հետ կենտրոնացանք այդ խնդրի վրա: Նա ինձ հարցրեց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու ուղիների մասին, որովհետեւ Սիրիան սերտ կապերի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ»: Ասադը նշեց նաեւ երկու երկրների միջեւ ուղղակի չվերթեր կազմակերպելու անհրաժեշտությունը»:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Հայաստան այցելությանը անդրադարձել են նաեւ թուրքական հանրային եւ մասնավոր հեռուստատեսությունները, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նրա «միջնորդության» ենթատեքստով:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4