Հունիսի 18-ին այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին , նկատի ունենալով Հայաստանի հետ երկխոսությունը: Թուրքական մասնավոր Kanal-D հեռուստատեսության վկայությամբ, Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման ջանքերին ուշի ուշով հետեւող Սեմնեբին հետքայլի առնչությամբ ասել է. «Տեղի տալով հակազդեցության ներքին եւ ադրբեջանական դրսեւորումներին, Թուրքիան դադարեցրեց Հայաստանի հետ մերձեցման ջանքերը: Թուրքիան հետքայլ կատարեց: Անհրաժեշտ է, որ ջանքերի դադարեցման այս գործընթացը երկար չտեւի»:
Թուրքիայի հետքայլի մասին Սեմնեբիի դիտարկումը, ըստ երեւույթին, ճիշտ էր, իսկ նրա պայմանավորումը ընդդիմության եւ ադրբեջանական ճնշումներով` ոչ: Այն առումով, որ Հայաստանի հետ այսպես կոչված մերձեցումը Անկարային անհրաժեշտ էր թուրքական գործոնի ակտիվացման համար «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնության ընթացքն ապահովելու, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու առաջադրանքը կատարելու եւ հատկապես ապրիլի 24-ին նախագահ Օբամային «ցեղասպանություն» բառի օգտագործումից զերծ պահելու համար:
Թուրքիան կատարել է Հայաստանի հետ «մերձեցումով» պայմանավորված բոլոր երեք առաջադրանքները: Թերեւս դրանով պետք է պայմանավորել Հայաստանի հետ մերձեցման հարցում Թուրքիայի հետքայլը, այլ ոչ թե ներքին կամ ադրբեջանական ճնշումներով, քանի որ դրանք գործադրվում էին դեռեւս նախագահ Գյուլի Երեւան այցելության նախօրեին, ընդ որում այն ժամանակ ավելի սոսկալի բնույթ էին կրում, քան հիմա:
Հ. Չ.