ԵԽԽՎ սպասվող նիստում Հայաստանին «չեն նեղացնի ու ճնշի»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-26-ը Ստրասբուրգում կանցնի իր օրակարգային հարցերի քննարկմանն ու բանաձեւի ընդունմանը, որոնց թվում նաեւ Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը գնահատող բանաձեւի նախագիծն է: Հունիսի 15-17-ը Հայաստանում էին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն` հանդիպումների միջոցով պարզելու, թե որքանով են կատարվել ԵԽԽՎ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի պահանջները:
Այցելության ընթացքում համազեկուցողները հանդիպեցին Հայաստանի նախագահին, ԱԺ նախագահին, ԱԺ փոխնախագահ, մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանի, արտգործնախարարի, օմբուդսմենի, Հայաստանի առաջին նախագահի, մարտյան իրադարձություններից հետո ձերբակալվածների հարազատների եւ այլոց հետ: Թե ինչ կզեկուցեն մոնիտորինգի հանձնաժողովում Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն, կարելի է ենթադրել, սակայն որոշակի այդ մասին կիմացվի հաջորդ շաբաթ:
Համաներումը, որ նախաձեռնել է Հայաստանի նախագահը, ստիպված կամ հասունացած համարելով, ամենայն հավանականությամբ կունենա մեղմացուցիչ դերակատարություն, եւ ԵԽԽՎ-ն նախորդ նստաշրջանների նման պահանջներ ներկայացնող բանաձեւ չի ընդունի: Սա, սակայն, բնավ էլ չի նշանակում, թե մոնիտորինգի հանձնաժողովը կդադարի քննարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության լավ ու վատ լինելը, քանի որ համաներումը, անգամ եթե ընդգրկուն լինի, չի բավարարում Հայաստանին ներկայացված բոլոր պահանջները:
Միեւնույն ժամանակ, համաներման անցկացմամբ հնարավոր կլինի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ձայնի իրավունքից զրկելու խոսակցություններին վերջ տալ, իսկ մնացյալ պահանջների բավարարումը կթողնվի ժամանակին:
Ուկրաինայի պատվիրակությունը` ԵԽԽՎ-ից դո՞ւրս, Բելառուսը` նե՞րս
ԵԽԽՎ-ն ամառային նստաշրջանում կքննարկի վեհաժողովում ուկրաինական պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցը: «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը: «Վեհաժողովը հունիսի 25-ին կքննարկի ուկրաինական պատվիրակությանը լիազորություններից հավանական զրկելու հարցը», ասել է Կոսաչյովը, բացատրելով, որ եվրոխորհրդարանականներն այս հարցն առաջ են քաշել ելնելով նրանից, որ Ուկրաինան արդեն երկու տարի չի կարողանում թեկնածուներ ընտրել Ստրասբուրգյան դատարանում ազգային դատավորի պաշտոնի համար:
Կոսաչյովի մեկնաբանությամբ, դատավորի թեկնածության հարցում չկողմնորոշվելը Ուկրաինայի ներքին հակադրությունների հետեւանք է: Եվ որքան էլ հետաքրքրական է, Կոսաչյովի ներկայացմամբ, ռուսաստանյան պատվիրակությունը վեհաժողովում պատրաստվում է քվեարկել ընդդեմ ուկրաինական պատվիրակությանը զրկելու բանաձեւի:
Դրա փոխարեն, Բելառուսը կարող է «հատուկ հրավիրվածի» կարգավիճակով կրկին մասնակից դառնալ ԵԽԽՎ աշխատանքներին: Կոսաչյովը տեղեկացրել է, որ վեհաժողովը քննարկելու է Բելառուսի հարցը այն դեպքում, երբ դեռեւս 90-ականների վերջից Բելառուսն այս կառույցից դուրս է: Եթե ամառային այս նստաշրջանում Բելառուսին նշված կարգավիճակը տրամադրելու հարցը լուծվի, ապա բելառուսական պատվիրակությունը կարող է մասնակցել քննարկումներին, բայց առանց քվեարկելու իրավունքի:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ