ԵԽԽՎ այս նստաշրջանում թեկուզ հանձնաժողովների մակարդակով անդրադարձ չի լինի հարեւան Վրաստան-Ռուսաստան հակամարտությանն ու հետեւանքներին, նաեւ Վրաստանում իրավիճակին եւ այն իրադրությանը, որ ստեղծվել է Վրաստանում ՄԱԿ-ի դիտարկման առաքելության հետ կապված, որը կարող է իսկապես դադարեցվել, եթե երեք ամսվա ընթացքում որեւէ այլ բան չնախաձեռնվի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը վետո է դրել Աբխազիայում, Կոդորի կիրճում եւ Թբիլիսիում գործող ՄԱԿ-ի առաքելության մանդատի ժամկետը երկարացնելու հարցով բանաձեւի նախագծի վրա: Այդ քայլը նշանակում է, որ ՄԱԿ-ի դիտորդները դադարեցնում են իրենց աշխատանքը վրաց-աբխազական սահմանին, քանի որ նրանց լիազորությունների ժամկետը լրացել է, առաքելության ժամկետը երկարաձգված չլինելու պատճառով պետք է դադարեցվի:
Ռուսաստանի հիմնական դժգոհությունը կապված էր «բանաձեւի նախագծում տարածաշրջանում ժամանակակից քաղաքական իրադրությունը հաշվի չառնելու հետ»: Նիստի ընթացքում երկար քննարկումների ու տարբեր ձեւակերպումների դիտարկումից հետո ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բրիտանիան եւ էլի 5 երկրներ առաջարկել են երկարաձգել ՄԱԿ-ի առաքելության մանդատը, բայց այնպիսի ձեւակերպումներով, թե աբխազական տարածաշրջանում ոչինչ չի փոխվել, չի եղել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման որոշումը:
Արեւմտյան երկրները կրկին ընդգծել էին Վրաստանի տարածքային ամբողջականության պահը ու բանաձեւի նախագիծը դրել քվեարկության, եւ քանի որ Ռուսաստանը առաջարկել էր հանել հղումները տարածքային ամբողջականությանը, ինչը չի արվել, օգտագործել էր վետոյի իրավունքը:
Չնայած ռուս-վրացական հարցը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում չէ, ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ուսումնասիրության հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ, հայտարարել են, որ ՄԱԿ-ի դիտարկման առաքելության դադարեցմամբ Աբխազիան մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կանգնած է «սեւ անցքում» հայտնվելու վտանգի առաջ: ԵԽԽՎ պատգամավորներ Լյուկա Վան դեր Բրանդեի, Մաթիաս Յորշի Կորյեն Յոնկերի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանին կոչ է արվում ճկունություն ցուցաբերել:
Ա.Հ.