Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բացված 23 քննական կենտրոններում երեկ անցկացվեցին հայոց պատմություն եւ քիմիա առարկաների միասնական քննությունները: Հայոց պատմություն առարկայի քննության հայտ էր ներկայացրել 3572, իսկ քիմիայից` 1330 դիմորդ:
Երեւանի պետական համալսարանի սպորտային դահլիճում տեղակայված քննական կենտրոնում երեկ անցկացվել են նշյալ 2 քննությունները, որոնց ընթացքին հետեւելու նպատակով համալսարան այցելեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջեց քննասենյակներում, հետո նրա ներկայությամբ բացվեցին քննական թեստերի ծրարներն ու հայտարարվեց քննությունների մեկնարկը:
Նախագահին ուղեկցում էին գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ այլք: Նախագահը առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել հայոց պատմություն առարկայի քննության թեստինՙ թերթելով եւ ընթերցելով:
Ռ. Պ.