«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


15,7 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄՙ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՄԲ

Մայիսին ապրիլի համեմատ գրեթե նույնքան աճ է արձանագրվել

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 15,7 տոկոս տնտեսական անկում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84,3 տոկոսը կամ շուրջ 839 մլրդ դրամ: Այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական անկումը Հայաստանում խորացել է եւ կարծես թե հասել ենք ճգնաժամի հատակին: Միաժամանակ, հարկ է նշել, որ եթե ապրիլին մարտի համեմատ արձանագրվել էր 5,4 տոկոսով անկում, ապա մայիսին ապրիլի համեմատՙ 15,6 տոկոս աճ: Այսինքն, եթե հունվար-մայիս ամիսների ցուցանիշներով մեր տնտեսությունը կտրուկ անկում է ունեցել 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ապա վերջինՙ մայիս ամսին նկատվել է զգալի (15,6 տոկոսով) դրական տեղաշարժ նախորդ ամսվա համեմատ:

Ըստ տնտեսության ճյուղերի պատկերը հետեւյալն է: Արդյունաբերության անկումը հունվար-մայիսին կազմել է 11,5 տոկոս, բայց մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է աճՙ 7,3 տոկոսով: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության անկումը կազմել է 11,1 տոկոս: Հունվար-ապրիլին անկումն այստեղ 11,9 տոկոս էր: Այսինքն, հունվար-մայիսին արդյունաբերության անկումը փոքր-ինչ դանդաղել է:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-մայիսին նվազել է 12,2 տոկոսով, իսկ մայիսին ապրիլի նկատմամբ այստեղ նույնպես փոքրՙ 1,1 տոկոսով աճ է գրանցվել: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 2,9 տոկոսով: Միայն մայիսին արձանագրվել է 23,4 տոկոս աճ, ինչը պայմանավորված է սեզոնային գործոնով: Ծառայությունների ոլորտում անկումը կազմել է 1,7 տոկոս: Այս ոլորտում է միայն, որ անկում է արձանագրվել նաեւ մայիսին ապրիլի նկատմամբՙ 2,3 տոկոսով: Հունվար-մայիսի ցուցանիշներով չնչին աճ է արձանագրվել միայն մանրածախ առեւտրումՙ 0,2 տոկոս, իսկ միայն մայիսին այդ աճը կազմել է 3,5 տոկոս:

Այս անգամ եւս ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում, որն անցյալ տարիներին տնտեսական աճի շարժիչ ուժն էր եւ որով էլ այժմ պայմանավորված է տնտեսական ընդհանուր ցուցանիշի կտրուկ անկումը: Հունվար-մայիսին շինարարության ծավալները նվազել են ավելի քան կիսով չափՙ 56,1 տոկոսով: Սակայն այստեղ նույնպես հարկ է առանձնացնել մայիս ամսվա ցուցանիշը: Մայիսին ապրիլի նկատմամբ շինարարության մեջ արձանագրվել է 88 տոկոս աճ, այն դեպքում, երբ ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել էր ավելի քան 35 տոկոսով անկում:

Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 312 մլն դոլար: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այն նվազել է 36,7 տոկոսով: Արտահանումը կազմել է 220 մլն դոլարՙ նվազելով 47,8 տոկոսով, ներմուծումը 1 մլրդ 92 մլն դոլարՙ նվազելով գրեթե 30 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության մեջ ճգնաժամից ի վեր առաջին անգամ նկատվում են արտահանման անկման տեմպի կայունացում եւ ներմուծման անկման խորացում: Դա առավել հստակ երեւում է միայն մայիս ամսվա ցուցանիշներից: Համաձայն դրանց, միայն մայիսին ապրիլի համեմատ արտահանումը նվազել է 15 տոկոսով, իսկ ներմուծումըՙ 16,2 տոկոսով:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 9,8 տոկոսով: Միջին աշխատավարձն ավելացել է 13,4 տոկոսով, կազմելով 97,5 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 81 հազար դրամ, մասնավորումՙ մոտ 122 հազար դրամ:

Այսպիսով, այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ցուցանիշները նվազում են արձանագրել: Միաժամանակ, հարկ է նշել, որ մայիս ամսվա ցուցանիշները ապրիլի նկատմամբ որոշակի դրական հույսեր են ներշնչում առ այն, որ եւս մեկ-երկու ամիս եւ կսկսվի կայունացման շրջանը: Նախորդՙ հունվար-ապրիլ ամիսներին ցուցանիշները ներկայացնելիս նշել էինք եւ այժմ նույնպես հավանական ենք համարում, որ ամռան ամիսներին ՀՆԱ ցուցանիշներում դրական փոփոխություններ կլինեն, քանի որ արդեն Հայաստան են մտել տարբեր դոնորներից մեծ գումարներ եւ սկսվել իրականացվել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից ճանապարհային, աղետի գոտու շինարարության ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր կառուցապատողներին պետական երաշխիքների տրամադրման եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծրագրերը: Այդուհանդերձ, դժվար է ասել, թե տարեվերջին տնտեսական անկման ինչ ցուցանիշ կունենանք: Ըստ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսման, այն կլինի 9-9,5 տոկոսի սահմաններում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4