«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


Ո՞ՒՄ Է ՄԱՏՉԵԼԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸՈ՞ՒՄ Է ՄԱՏՉԵԼԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Վազքուղում մեծահասակներն են

Առավոտ է. ժամը ութը կլինի: Օղակաձեւ զբոսայգով քայլում եմ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուղղությամբ: Պարզվում է` առավոտյան այս ժամին զբոսանքի համար իմ ընտրած ճանապարհը վազքուղի է: Վազում են մեծահասակները, երեւի նոր են հատել քառասունը, եւ այդ տարիքում իսկապես արդեն արժե առողջությամբ մտահոգվել: Յուրաքանչյուրի հետ զրուցելուց հետո հարցրեցի տարիքը: Նրանք այն չէին թաքցնում. հավանաբար արդեն փորձել են այդ հարցին պատասխանելով զարմանքի մատնելու իրենց ուժը: «Թոշակառու եմ: Երիտասարդ ժամանակ վոլեյբոլով են զբաղվել: Հիմա էլ, արդեն քսան տարի, առավոտները դուրս եմ գալիս, այս այգում վազում եմ, մարզվում,- պատմեց 77-ամյա Արմիկ Վաթյանը: -Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ամբողջ օրը տանն են նստած. նրանց առողջությունը նորմալ լինել չի կարող»: Տիկին Արմիկն աշխատել է երաժշտական դպրոցում որպես ջութակի ուսուցչուհի եւ ասում է, որ աշխատանքի գնալիս էլ ջանում էր տրանսպորտից չօգտվել: «Հիմա դրսում առանձնապես գործ չեմ ունենում: Միայն առավոտյան եմ դուրս գալիս, իսկ հետո` տան գործերը, թոռներս... Մարզանքից հետո թեթեւացած եմ զգում, օրս լավ եմ սկսում»:

Վազգեն Առաքելյանը 85 տարեկան է: Հայրենական պատերազմի տարիներին վարորդ է եղել, հասել է մինչեւ Բեռլին, երեք անգամ վիրավորվել է: Նա համոզված է, որ ֆիզիկական վարժություններն օգնում են հաղթահարելու հիվանդությունները. «Ամբողջ կյանքում զբաղվել եմ սպորտով: Արդեն մեծ եմ, ծնկներս ցավում են, բայց որ պարապում եմ, անցնում է»: Քանի որ մենակ է ապրում, պարապելուց հետո ընկերներին տուն է հրավիրում, նստում են, զրուցում: «Մենք մի խելքի մարդիկ ենք. բոլորս էլ մտածում ենք մեր առողջության մասին: Եթե չես ուզում տկար լինել, պիտի մարզվես», Վազգեն Առաքելյանի խոսքը շարունակեց տիկին Լիլիան: Մարզվելու ընթացքում նա պատմեց, որ մասնագիտությամբ էներգետիկ է, աշխատել է էներգետիկայի ինստիտուտում որպես առաջատար գիտաշխատող, հիմա էլ շարունակում է զբաղվել գիտական աշխատանքով: Այն հարցին, թե քանի տարեկան է, ծիծաղելով պատասխանեց` մոտ 60: «Առողջ ապրելակերպը նախ եւ առաջ առողջ մտածելակերպ է,- նախավարժանքն ավարտելով` ընդմիջումը ինձ հետ զրուցելուն նվիրեց տիկին Լիլիան: -Թող ներեն ինձ, եթե կոպիտ հնչի, բայց անցնում եմ ֆիզկուլտուրայի ինստիտուտի մոտով, նայում եմ տղաներին ու զարմանում. սպորտսմենը այդպիսի՞ն կլինի` կարճ, կուզիկ, ծխախոտը ձեռքին: Ես այնքան ափսոսում եմ, որ իմ ազգը այսպես է վերաբերվում իր առողջությանը»: Նրա կարծիքով` մեր երկրում առողջ ապրելակերպին ուղղված շատ քիչ քայլեր են արվում. «Կարո՞ղ եք ինձ ցույց տալ մի սպորտային հրապարակ, մի լողավազան, որ երեխան գնա, անվճար պարապի: Լողավազանի ամսական վճարը 18 հազար դրամ է, սա ո՞ւմ է մատչելի»:

Տիկին Լիլիան նկատեց, որ առավոտյան Օղակաձեւ զբոսայգում մարզվողների մեծ մասը ռուսական կրթություն ունեցող մարդիկ են. «Ռուսական մտածելակերպն այս առումով ուրիշ է: Հայ կինը առավոտյան արթնանում է թե չէ, մտածում է ամուսնուց սկսած մինչեւ թոռանը կերակրելու մասին: Էլ ի՜նչ սպորտ, ի՜նչ առողջ ապրելակերպ»: Նա շնորհակալ է ծնողներին, որ ինքը կարողացել է մանկուց սպորտով զբաղվել: Այս տարիքում անգամ զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր առավոտը անցկացնում են անկողնում. «Հաճախ երիտասարդներ են մոտենում, ասում են` մենք ձեզ նախանձում ենք: Ես էլ պատասխանում եմ. «Մի՛ նախանձեք, դո՛ւք էլ եկեք մեզ հետ պարապեք»:

ՏԱԹԵՎ ՄԱԴԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4