DigiTec Business 2009 եւ Microsoft Innovation ֆորումները մեկնարկեցին Երեւանում
DigiTec Business 2009 եւ Microsoft Innovation ֆորումները նպատակաուղղված են Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնելուն եւ տնտեսության բոլոր բնագավառներում ՏՏ-ն կիրառելուն: Ֆորումի բացման համատեղ ասուլիսում երեկ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը :
Նրա խոսքերով, պատահական չէ, որ ֆորումի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը նպատակաուղղված է բիզնես հանրությանը ՏՏ զարգացման ներկա մակարդակը ներկայացնելուն, բացահայտելու պահանջարկները եւ լուծումներ ներկայացնելու: Դանիելյանի ներկայացմամբ, հատկանշական է, որ շուտով Հայաստանում կբացվի իննովացիոն կենտրոնը:
Միջոցառման գլխավոր հովանավոր «Արմենտել» (Beeline ապրանքանիշ) ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընդգծեց, որ ընկերության համար ֆորումը նշանակալի իրադարձություն է, քանի որ «Արմենտելը» կապի միասնական եւ ունիվերսալ օպերատոր է, ներկայացնում է ՏՏ ծառայությունների գրեթե ողջ շրջանակը: Ավելին, ընկերությունը լինելով տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների մատակարար` ինքը նաեւ պատվիրատու է: Ֆորումն էլ, ըստ Կլիմկոյի, հիանալի հնարավորություն է ինչպես ծառայություն տրամադրողների, այնպես էլ սպառողների համար` գտնելու միմյանց, ավելի լավ ծանոթանալու տեղեկատվական նոր տեխնոլոգիաների հնարավորություններին:
DigiTec business 2009 ու Microsoft Innovation երկօրյա ֆորումները տեղի են ունենում «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով, ինչն էլ իր խոսքում կարեւորեց ասուլիսին մասնակից Microsoft-ի ներկայացուցիչ Վերոնիկա Պրիկրիլովան: Նրա խոսքերով, այդ երկխոսությունը միջոց է բիզնեսին ներկայացնելու նորարարությունները տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտներում` ներառելով եւս մեկ բաղադրիչ` կրթությունը: Նորարարությունն ու ՏՏ ոլորտի զարգացումը մեծապես կախված են լավ կրթական հնարավորություններից:
Microsoft-ի ներկայացուցիչ Վերոնիկա Պրիկրիլովան կարեւորեց եւս մեկ հանգամանք կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ու ընդհանրապես ոլորտի հետ: Պրիկրիլովան ընդգծեց, որ դեռեւս խնդիր է մնում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը:
Ֆորումին ակնկալվում է ավելի քան 1500 այցելուների մասնակցություն: Երկու օրվա ընթացքում կիրականացվեն Microsoft Innovation ֆորումը, DigiTec Business ցուցահանդեսը, E-Fin էլեկտրոնային ֆինանսներ կոնֆերանսը, տեխնոլոգիական սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ: DigiTec Business ֆորումը կազմակերպում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) եւ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը:
Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են «Նովոստի-Արմենիա» եւ «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունները, «Հայոց աշխարհ», «Ազգ» , «Կապիտալ», «Դելովոյ էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Առավոտ» թերթերը, «Արմնյուզ» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները, ինչպես նաեւ panorama.am եւ tert.am էլեկտրոնային հրատարակչությունները:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի վարչապետի հովանավորությամբ անցկացվող ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային եւ տեխնիկական լավագույն լուծումներ, խթանել գործարարության տարբեր ոլորտների զարգացումը տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Բացի այդ, նպատակ է դրվել խրախուսել ՏՀՏ ներդրմանը պետական համակարգում, զարգացնել գործարար միջավայրը:
Այս կտրվածքով էլ որպես հաճախորդ իր հետաքրքրությունները ֆորումում ներկայացրեց նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ներկայացմամբ, Հայաստանի կառավարությունը հաճախորդ է ՏՏ-ոլորտի ընկերությունների համար, եւ մեծ քանակությամբ նորարարություններ կարող են գնվել: «Կառավարությունն իր օրինակով պետք է ցույց տա, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կողմնակից է, քանի որ կառավարության արտադրողականության աճը եւս հրատապ խնդիր է», նշեց Սարգսյանը:
Վարչապետը առաջարկեց, որ կառավարությունում անհրաժեշտ է շնորհանդեսային հանդիպումներ կազմակերպել, որպեսզի ղեկավար կազմն իրազեկ լինի, թե ինչպիսի հնարավորություններ կան պետական կառավարման օղակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման համար: Սարգսյանի խոսքերով, DigiTec Business ցուցահանդեսը ընկերություններին հնարավորություն է տալիս մրցակիցներին ներկայացնելու սեփական ձեռքբերումներն ու տեսնելու, թե որ ոլորտներում եւ ինչ շուկաների հետ են աշխատում իրենց մրցակից-գործընկերները:
Վարչապետի խոսքերով, ցուցահանդեսի այցելուների համար այս միջոցառումը կարեւոր է նաեւ այն բանով, որ հնարավորություն է ընձեռում ընտրություն կատարելու սեփական բիզնեսի համար: «Մենք ինքներս պետք է օգտվենք այդ ծառայություններից եւ ապրանքներից կրթության ոլորտում բարեփոխումներն իրականացնելիս եւ էլեկտրոնային կառավարման ժամանակ, իսկ դրա համար պետք է տեղյակ լինենք առաջարկվող ծառայությունների եւ ստեղծված հնարավորությունների մասին»:
Տիգրան Սարգսյանը կարեւորեց, որ նախորդ տարվա ցուցահանդեսի համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 30 տոկոսով: Դա հատկապես կարեւոր է, հաշվի առնելով ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները, մինչդեռ ՏՀՏ ոլորտում լուրջ արդյունքներ են գրանցվում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ