«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՊԱՎԵՆՈՎ ԽԱՉ ՄԻՀՐԱՆ ԴԱԲԱՂԻՆ

Հունիսի 18-ին, ժամը 12-ին Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի (ՀՀՎ) մայրաքաղաք Դյուսսելդորֆում Քաղաքի դարպաս անունը կրող ապակեպատ շենքում, ուր երկրամասի վարչապետի նստավայրն է, հանդիսավոր պայմաններում ԳԴՀ նախագահ Հորսթ Քյոհլերի անունից Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի հիմնադիր ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Միհրան Դաբաղին է հանձնվել Դաշնային ծառայությունների ժապավենով խաչըՙ ի նշան նրա գիտական վաստակի: Հիշյալ պարգեւը միջազգային դասակարգմամբ ասպետի աստիճան է համարվում: Նույն օրը նրա հետ շքանշանակիր են դարձել 16 հեղինակավոր անձինք, նրանց թվումՙ հայերին քաջածանոթ, ծագումով հրեա, գերմանացի լրագրող, գրող, ռեժիսոր, 1986-ին ստեղծված «Հայկական հարց այլեւս գոյություն չունի. մի ժողովրդի ողբերգությունը» WDR-ի հեռուստաֆիլմի հեղինակ Ռալֆ Ջորդանոն: «Նրա կատարած աշխատանքը նպաստել է Գերմանիայում քաղաքական մշակույթի զարգացմանը» հիմնավորմամբ Ջորդանոն արժանացել է Մեծ խաչի:

«Պետությունը միայնակ չի կարող իր քաղաքացիների համար բարօր կյանք ստեղծել: Առանց ակտիվ քաղաքացիներից կազմված հասարակության այն իրականացնել հնարավոր չէ: Այսօր պարգեւների արժանացածները ակտիվ քաղաքացիական հանրության մի մասն են:Նրանք օրինակ են ծառայում, եւ նրանց վերնախավՙ էլիտա ենք անվանում: Վերնախավ, որ մեր սահմանադրությամբ ամրագրված ազատական արժեքներն է դավանում», շեշտել է վարչապետը:

1944-ին Դիարբեքիրում ծնված հայազգի հրապարակախոս, գիտնական Միհրան Դաբաղը փիլիսոփայություն, պատմություն, հասարակագիտություն, քաղաքագիտություն է ուսանել Բոխումի, Բոննի համալսարաններում: Բոխումի Ռուր համալսարանին կից 15-ամյակը բոլորող նրա հիմնադրած ինստիտուտի վերլուծության նյութ են դառնում հավաքական, պետականորեն հովանավորվող բռնությունը, բնաջնջման կառույցն ու ընթացքը, Հայոց ցեղասպանության հարցը, երիտթուրքերի գաղափարաբանությունը, հավաքական հիշողությունը, սփյուռքի խնդիրները: Թուրքիայում ծնված գիտնականը ցեղասպանության, գաղութայնացման, բիրտ ուժի կիրառման վերաբերյալ բազմաթիվ գրքերի, գիտական ուսումնասիրությունների հեղինակ է, ցեղասպանության բնագավառում ճանաչված փորձագետ, ցեղասպանության կառույցի համեմատական հետազոտության տեսաբան: Հրատարակիչն է իր հիմնադրած ինստիտուտի ցեղասպանագիտական հետազոտություններ ամփոփող պարբերականի:

2003-ին առաջին անգամ Միհրան Դաբաղին է հանձնվել մարդու իրավունքների Ֆրանց Վերֆել մրցանակը:

«Կան պատմություններ, որ սարսռազդու են: Պրոֆեսոր Միհրան Դաբաղը ունկնդիր է եղել այդ պատմություններին: Նա Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների պատմությունների վավերագրողն է», հունիսի 18-ի շնորհավորական ուղերձում շեշտել է ՀՀՎ վարչապետ Յուրգեն Ռյութթգերսըՙ այնուհետեւ ընդգծելով հայազգի գիտնականի հիմնադրած ինստիտուտի կարեւորությունը, նրա գիտական ծանրակշիռ վաստակը, նրա օրինակելի գործունեությունը:

«Ուրախ եմ, եւ պարգեւը մեր ինստիտուտի աշխատանքի գնահատում կնկատեմ, ինծի համար իմ վերապրող ծնողների հիշատակի առջեւ խոնարհում է, իսկ զավակներս ուրախությունից զատ, հուսամ, յուրովի սատար կըլլան աշխատանքիս», մեր հպարտ օրվաՙ իր տրամադրությունը փոխանցեց գերմանական խաչի հայազգի ասպետը:

Ծառայությունների խաչը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ծառայությունների միակ շքանշանն է: Այն տրվում է քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեւոր բնագավառներում առանձնահատուկ ծառայություններ կատարած անձանց: Ծառայությունների խաչն առաջին անգամ տրվել է 1951-ին դաշնային նախագահ Թեոդոր Հոյսսի կողմից: Միջազգային չափանիշներին համապատասխան այն 3 դասի է բաժանվումՙ Ծառայությունների խաչ, Ծառայությունների մեծ խաչ եւ Մեծ խաչՙ 6 աստիճանավորմամբ:

«Ազգ»-ի կողմից.-Ջերմորեն շնորհավորում ենք պրոֆ. Միհրան Դաբաղին բարձր պարգեւի առթիվ: Պատիվս արժանավորաց:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


Նկար 1. Միհրան Դաբաղ եւ ՀՀՎ վարչապետ Յուրգեն Ռյութթգերս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4