«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ԲԱՑՕԹՅԱ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ»

Ֆրանսիայում 1982-ին հիմնադրված բացօթյա «Երաժշտության տոնը» մեծ համարում եւ տարածում է գտել ողջ աշխարհումՙ մտահղացման շուրջը միավորելով ավելի քան 80 երկիր եւ 340 քաղաք: Հայաստանն արդեն երրորդ տարին է մասնակցում տոնին, պետական մակարդակովՙ սերտորեն համագործակցելով մեր երկրում Ֆրանսիայի դեսպանության հետ: Այս տարի եւս, ձեւավորված ավանդույթի համաձայն, հունիսի 21-ին, ժամը 12-ից մինչեւ ուշ երեկո, մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները, զբոսայգիներն ու հրապարակները ողողված կլինեն բազմաժանր երաժշտական հնչյուններովՙ ջազ, դասական, երգչախմբային, ժողովրդական, ֆրանսիական շանսոն, ռոք, փոփ, էլեկտրոնային....

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտեն, ֆրանսիացի երգչուհի Նատալի Ժոլին ներկայացրեցին կայանալիք տոնի մանրամասները: Այս տարվա «Երաժշտական տոնը» առանձնացնում է նրանով, որ ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով նախաձեռնությանն առաջին անգամ միանում են նաեւ Հայաստանի բոլոր մարզերը, մարզային 24 քաղաքներում ամբողջ օրվա ընթացքում կհնչի երաժշտություն: «Երեւանում 14 համերգ կտրվի ծրագրած, իսկ ովքեր ցանկություն կունենան մասնակցել իրենց երաժշտական կատարումներով, նշեց Համսիկ Պողոսյանը, կարող են միանալ տոնին: Այս տարի տոնը դառնում է մի համաժողովրդական տոն, որին միանում են բոլորը ե՛ւ որպես կազմակերպիչ, ե՛ւ որպես մասնակից»: Դեսպան Սմեսովը շնորհակալություն հայտնեց Հասմիկ Պողոսյանին անձնական հետաքրքրության եւ համատեղ աշխատանքի համար: «Այս տոնը ժողովրդական տոն է, կենդանի երաժշտության տոնՙ բոլոր դրսեւորումներով:

Այս տարի տոնը կնշվի ֆրանսիական 400 քաղաքներում: Տոնին մասնակցելու նպատակով առաջին անգամ «Ալյանս Ֆրանսեզի» հրավերով Հայաստանում համերգային ծրագրով հանդես կգա ֆրանսիացի երգչուհի, հեղինակ կատարող Նատալի Ժոլին, ում համերգները տեղի կունենան հունիսի 19-ին Իջեւանում, 20-ինՙ Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, 21-ինՙ Հաղթանակի զբոսայգում»: Ֆրանսիական դեսպանատունն առաջարկում է ջազ համերգ «Առագաստ» սրճարանի տարածքում, որին կմասնակցեն երկու ֆրանսիացի ջազմեններՙ Ալեքսանդր Բելմոնդո, Էրիկ Լենինի (շեփոր, դաշնամուր): Նատալի Ժոլին նշեց. «Ուրախ եմ, որ առիթ ունեմ երգելու Հայաստանում: Մի երկիր, որին ծանոթ չէի, սակայն իմ ընկերներից շատ-շատ եմ լսել ձեր երկրի մասին հատկապես Սիմոն Աբգարյանից ու երջանիկ եմ, որ այստեղ եմ, հանդես եմ գալու նաեւ «Չգիտեմ թե ինչ» համերգ ներկայացմամբ»:

Տոնի շրջանակներում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակում, մեծանուն կոմպոզիտոր եւ երգահան Կոմիտասի արձանի մոտ կանցկացվի երաժշտական միջոցառումների շարքՙ «Հարգանքի տուրք Կոմիտասին» խորագրով, նվիրված Կոմիտաս վարդապետի 140-ամյակին, ում կենսագրությունը սերտորեն առնչվում է Ֆրանսիայի հետ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4