«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ՄԱՆԿՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱԹԸ» ԺԱՄԱՆԱԿԻ ՄԻՋՈՎ

Լուսանկարչական ինստալյացիա

Գեղարվեստի ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջեան» պատկերասրահի ներկայիս ցուցադրությունը հեղինակային ստեղծագործական հղացքով եւ ներկայացման ձեւով ակնհայտորեն տարբերվում է նախընթաց բոլոր ցուցադրություններից, ի մասնավորի գեղարվեստական ստեղծած միջավայրի նորությամբ, վկայելով նկարչուհու` Տաթեւիկ Սարգսյանի երեւակայական ինքնատիպ օժտվածությունը:

Ինքնարտահայտման ընդծգված անհատականությունը ցուցահանդեսի առաջին տպավորությունն է: Ֆոտոթատերականացում-ներկայացման ձեւի առումով. կարելի է նաեւ այսպես կոչել այս ցուցադրությունը: Ընդ որում, ոչ միայն ձեւը, նաեւ ներքին կառուցվածքը, հեղինակի լուռ խոսքը` սյուժետիկ, պատմողական գիծ ունի. այն հիմնված է մանկության հիշողությունների, արտաքուստ միայն պարզ թվացող դրվագների վրա` երեւանյան բակեր, իրենց բնորոշ առտնին վիճակներով: Տեխնոլոգիական արդի հնարավորությունների օգտագործմամբ Տաթեւիկ Սարգսյանը լուսանկարչական մեզ ծանոթ ձեւերի փոփոխություններով ստեղծել է հետաքրքրական նոր մի միջավայր: Թույլ լուսավորված սրահի հետնակողմից լսվող երաժշտության տատանումներից մետաքսե սավաններին երեւանյան մթնոլորտ է իջած, կյանքի ծանոթ պատկերներ` հայացքիդ առաջ տարուբերվող: Դրանք քաղաքային կենցաղի տեսարաններ են, որոնց հիմնական «գործող անձինք» բարձրահարկ շենքերի պատուհաններից ձգվող լվացքի պարաններն են` իրենցից կախված օրվա հոգսի պատառիկներով, որը սակայն հեղինակի մշակմամբ գեղագիտական մեկնաբանություն է ստացել:

Ցուցադրությունը կրում է «Հայաթ» խորագիրը. այս առիթով տպագրված բարձրաճաշակ կատալոգում (տեխնիկականՙ տառատեսակ, թուղթ եւ գեղարվեստական ընտիր ձեւավորմամբ) հեղինակը այսպես է ներկայացնում խորագրային ենթատեքստը. «Բավական է իմ ներկայությամբ արտասանել «հայաթ» բառը եւ ես անմիջապես տեղափոխվում են Հայաստան, իմ մանկությանը, իմ բարեկամների մոտ:

...Գիտեմ, որ անհիշելի ժամանակներից Հայաստանում «հայաթ» նշանակել է բակ, համենայն դեպս այդպես էր անվանում տատս իր կյանքի կենտրոնը, որը մեխվել է հիշողությանս մեջ:

Ես շատ թե քիչ ճանապարհորդել եմ եւ թափառել օտար քաղաքների փողոցներով, բայց գիտեմ` տեղանքի ոգին զգալու համար պետք է մոլորվել իր բակերում:

...Դրանք բաց դռներ են, երբ կարելի է առանց թակոցի ներս մտնել, լսել քաղաքային բարբառով կենցաղային վեճեր, մանրամասնություններ, եւ այդ ամենը դուրս է հորդում պատուհաններից եւ պատշգամբներից, ինքը` կյանքի բույրը»:

Ներկայացված նախագիծը ընդգրկում է չորս բաժին տարբեր մտահղացումներով, մեկ ընդհանուր լուսանկարչական հենքով: «Հին բակը» խորագիրը ֆոտոկոլաժների շարք է, հայկական մանրանկարչության տարրերով լրացված: Բակը-բաց պատուհանի սիմվոլն է, կյանքի հրապարակը, որից այն կողմ ներքին գաղտնիքն է` ամփոփ լռությամբ, ստատիկ վիճակով, իսկ դրսում նույն անձի կերպարանափոխությունները` կյանքային շարժի մեջ:

«Հայաթ»-ը խաղն է տարածության մեջ` կյանքը: Մտքերի, զգացումների, հիշողությունների վիբրացիան հաղորդվում է մետաքսե սավանների վրա, ֆոտոինստալյացիայի միջոցով: «Հայաթ», «Հին բակը» միջավայրային, մասնագիտական, ստեղծագործական փորձերի արտահայտություններ են` երեւանյան մանկության դիպաշարային հիշողությունների ֆոնին:

Մեկ այլ` «Սուրբ Շուշանիկի նահատակությունը» շարքը բաղկացած է 14 գործերից, որտեղ արվեստագետը, օգտագործել է արվեստում ընդունված վերարտադրության մեթոդը. ժամանակակից եւ 20-րդ դարասկզբի ֆոտոռեպորտաժի մի քանի նշանավոր հեղինակների լուսանկարների եւ գեղարվեստական իր հավելումների միջոցով (տեմպերա, թուղթ) ստեղծել է իր միջավայրը, իր կերպարները:

Հաջորդ շարքը` «Դեւը» խորագրով, 12 պատկերանի գործ է: Այստեղ եւս վերարտադրությամբ, Անատոլի Սկուրիխինի 30-ականների մի քանի լուսանկարների եւ հեղինակային գործերի համադրություններով, ապակու վրա անմիջական տպագրությամբ նոր կերպարներ, նոր պատկերաշար է ստեղծված:

Վերջին 2 աշխատանքները Սերգեյ Փարաջանովի 1976 եւ 1971 թվերին Կիեւի կինոստուդիայի համար արած համանուն սցենարների մոտիվներով են արված:

Տաթեւիկ Սարգսյանի այս աշխատանքներում հետաքրքրական էին տեխնիկական կատարումն ու լուսանկարչական արտահայտչաձեւերը, դրանքՙ մոտեցումների այս բազմակերպությունները, արտաքին էֆեկտներից զատ արվեստագետի ստեղծագործական որոնումների, ազատ երեւակայության ներքին անհատականությունն են բացահայտում: Ինչպես հեղինակն է իր մի գործի առիթով ասում. «Դա ինստալյացիա է` ապրումներ մաքրության եւ հիշողության, ինչպես ամենօրյա ծիսակարգ»:

Տաթեւիկ Սարգսյանը տպագրական արտադրության, գրքի գեղարվեստատեխնիկական ձեւավորող մասնագետ է, ավարտել է Մոսկվայի տպագրության պետական համալսարանը: 2001-ից ունեցել է տարբեր ցուցահանդեսներ Ռուսաստանում (Մոսկվա, Պոդոլսկ), Լեհաստանում, Դանիայում: Առաջին անհատական ցուցահանդեսը` «Հայաթ» խորագրով նկարչուհին բացեց իր ծննդավայրում` Երեւանում, նվիրելով այն գեղանկարիչ մորեղբորը` Ավագ Հայրապետյանին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4