Հուլիսի 12-ին մեկնարկող «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ, կինոռեժիսորներ եւ պրոդյուսերներ: Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի ճապոնացի հանրահայտ ռեժիսոր եւ սցենարիստ Կոհեյ Օգուրին: Օգուրիի առաջին լիամետրաժ ֆիլմը` «Կեղտոտ գետը», 1981-ին ներկայացվել է Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Այն ճանաչվել է տարվա լավագույն ճապոնական ֆիլմ, արժանացել Մոսկվայի կինոփառատոնի 2-րդ մրցանակին: Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում են նաեւ գերմանացի հայտնի ռեժիսոր Ալբերտ Վիդեպիլը, իսպանացի ռեժիսոր Պակո Պոշը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Ռուսական կինոյի խոշորագույն դեմքը` Ալեքսանդր Ռոդնյանսկին է գլխավորելու միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրին: Ընդգրկված է նշանավոր պրոդյուսեր Մայքլ Վիդեմանը, ով եղել է Վիմ Վենդերսի առաջին պրոդյուսերը, ազգությամբ թուրք Էնիս Ռիզան, որ Ստամբուլում «Հազար ու մի գիշեր» վավերագրական ֆիլմերի փառատոնի հիմնադիրն է եւ ամեն ինչ անում է, որպեսզի հայկական վավերագիր կինոն լավագույնս ներկայացվի այդ փառատոնում», ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբուլցյանը:
Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին կգլխավորի Հայկ Բալյանը: Վերջինս «Polygram Filmed Entetainment» ընկերության տնօրենն է: Որպես կինոարտադրող մեծ դեր ունի Հոլանդիայի եւ Բելգիայի առաջատար ընկերություններում: 2008-ից դանիական կինոթանգարանի խորհրդի անդամն է:
Ժյուրիի մյուս 4 անդամներն էլ ազգությամբ հայեր են, թեպետ ստեղծագործում են արտասահմանում: Լրագրողների մտահոգությունը, որ այս կերպ տպավորություն է ստեղծվում, թե «մենք իրար մրցանակ ենք շնորհում» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը չկիսեց: Խոստացավ մտածել առաջարկության շուրջ` հետագայում այս անվանակարգում ժյուրիի անդամ ընդգրկել միայն արտասահմանցի ռեժիսորների:
Բազմաթիվ են նաեւ փառատոնի պատվավոր հյուրերը, ովքեր Երեւանում կանցկացնեն վարպետության դասեր: Կցուցադրվի նրանց ռետրոսպեկտիվան:
«Երբ խոսում ենք ամերիկյան ֆիլմարտադրության մասին, շատերը ընկալում են միայն Հոլիվուդյան կինոն: Սակայն կա նաեւ մեկ այլ ամերիկյան կինո գաղափար, որից վստահաբար կարող եմ ասել սնվում է Հոլիվուդյան կինոարվեստը: Այդ կինոյի լավագույն եւ ամենահեղինակավոր դեմքերից է Ռոբ Նիլսոնը, ով ամերիկյան եւ եվրոպական հեղինակավոր փառատոնների մրցանակակիր է: Կաննի փառատոնում արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակին «Հյուսիսային լույսեր» ֆիլմի համար», ասաց Սուսաննա Հարությունյանը:
«Ստիպված կլինեք 10 տարի անց ինձ կրկին մրցանակ շնորհել, որովհետեւ չեմ պատրաստվում լքել կինոաշխարհը»: Այս խոսքերը պատկանում են 70-ամյա լեհ ռեժիսոր Յեժի Սկոլոմիվսկուն, որ վերջերս Ստամբուլի կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակին:
«Սկոլոմիվսկին թարմություն բերեց ու կարծես լեհական կինոն վերածնվեց: Նա դարձել է լեհական արդի ֆիլմարվեստի խորհրդանիշը: Նրա ֆիլմերը 7 անգամ ընդգրկվել են Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում, երկու անգամ արժանացել է փառատոնի գրան պրի մրցանակին», նկատեց Ստամբուլցյանը: Հայ հանդիսատեսը կտեսնի Սկոլոմիվսկու հեղինակած 6 ստեղծագործություն, որոնցից հատկապես «4 գիշեր Աննայի հետ» ստեղծագործությունը համարվում է լեհական կինոյի լավագույն ստեղծագործություններից մեկը:
Պատվավոր հյուրերի ցուցակում են նաեւ Ռոման Բալայանը, Տատյանա Դրուբիչը, Սերգեյ Սոլովյովը, Աննա Նազարյանն ու Ալան Թերզյանը:
«Թերզյանին հրավիրելու գաղափարը վաղուց կար: Եթե ծանոթ ես արդի եվրոպական կինոյին, չես կարող Թերզյանին շրջանցել: Սակայն Թերզյանին հրավիրելու համար «Ոսկե ծիրանը» պետք է կայանար, ճանաչում ձեռք բերեր:
Այս տարի Կաննի փառատոնում Հարություն Խաչատրյանը հանդիպեց Թերզյանին, զրուցեցին եւ ֆրանսահայ ռեժիսորը ցանկություն հայտնեց մասնակցել կինոփառատոնին: Կցուցադրվի երկու ֆիլմ: Թերզյանն առաջին անգամ է լինելու հայրենիքում եւ փառատոնը հրաշալի առիթ է ծանոթանալու նաեւ հայկական կինոարտադրությանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ